ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Թրամփիզմի անկանխատեսելի հետևանքները

Голос Америки

Մարտի 31-ին՝ մինչև կեսգիշեր, ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլերսոնին կփոխարինի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն: Իսկ նրա պաշտոնում առաջին անգամ կին կլինի՝ Պոմպեոյի տեղակալ  Ջինա Հեսփելը:  Այսքան պարբերական ու մասշտաբային փոփոխությունները չափազանց են անգամ Թրամփի համար:

Հերթական պաշտոնանկության մասին ԱՄՆ նախագահն ակնարկեց ուրբաթ, ինչպես սովորաբար, թերևս «ֆրայդի նայթին» շատերի ուշադրության կենտրոնում քաղաքականությունը չէ: «ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնանկությունը վաղուց էր կանխատեսվում, բայց դրա համար ընտրված ժամանակը կասկածելի է, իսկ նրա փոխարինումը Պոմպեոյով խորապես անհանգստացնող ընտրություն», - գրում է բրիտանական The Guardian-ն ու ենթադրում, որ դա խոսում է Սպիտակ տան քաոսի մասին:

 Այն, որ Թրամփի ու Թիլերսոնի ջուրը մի առվով չէր հոսում արտաքին քաղաքականության կարևոր հարցերում, քննարկում են բոլորը: Ամեն ինչ սկսվեց միջազգային համաձայնագրերի նկատմամբ ԱՄՆ նախագահի թերահավատությամբ: Թրամփը որոշեց դուրս գալ Կլիմայական փոփոխության փարիզյան համաձայնագրից: Դրան պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը դեմ էր: Մյուս համաձայնագիրը, որ նախագահի սրտով չէր, Իրանի հետ մեկ տասնամյակից ավելի բանակցության արդյունքն էր՝ Իրանի միջուկային գործարքը, որը Թրամփն ուզում էր չեղյալ համարել, իսկ Թիլերսոնը հորդորում էր փայփայել նախորդ նախագահի ժառանգությունը:

Անհամաձայնության մյուս օբյեկտը ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումն էր, որի համար Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին: Թրամփը հերքում է՝ հերթական անգամ խուսափելով հրապարակայնորեն Ռուսաստանին մեղադրելուց, մինչդեռ Ռեքս Թիլերսոնը ժամեր անց հայտարարեց,  որ ԱՄՆ-ն համակարծիք է  Մեծ Բրիտանիայի հետ, թե Մոսկվան է դրա հետևում: Տարաձայնության մյուս, ոչ պակաս կարևոր օբյեկտն ԱՄՆ-ԿԺԴՀ հակամարտությունն էր: «Միջուկային մարդուկի» հետ բանակցելու Թիլերսոնի առաջարկը Թրամփը ժամանակի կորուստ անվանեց և չդադարեցրեց սպառնալիքները Կիմ չեն Ընի նկատմամբ:

«Առաջին հերթին Ամերիկան» քաղաքականութունը, որ ամրապնդվեց պետքարտուղարի պաշտոնանկությամբ, լուրջ հարված է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին և Եվրամիության հետ առևտրային պատերազմի հնարավոր նախագուշակ,-կարծում են վերլուծաբանները:

Աշխարհաքաղաքական ինչ զարգացումների պատճառ կդառնա Թիլերսոնի պաշտոնանկությունը՝ առայժմ դժվար է ասել, բայց չի բացառվում, որ Պոմպեոյի նշանակումը, որ հայտնի է առավել կոշտ գործելաոճով, կարող է անուղղակիորեն ազդել  նաև հայ-իրանական և հայ-ռուսական հարաբերությունների վրա:

 

հեղինակ՝ Սոնա Աղբալյան

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 58%
Քամի՝ 28.97 կմ/ժ
22 C°
 
20°  33° 
19.07.2018
21°  35° 
20.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: