ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպայի անտարբերությունը և թուրքական շահերը

Սիրիական Աֆրինում տիրող իրավիճակը գնալով ավելի է սրվում: Թուրքիան ոչ միայն աստիճանաբար էլ ավելի է ակտիվացնում իր ռազմական գործողությունները Սիրիայում, այլ նաև բավականին սուր է արձագանքում «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ հնչած ցանկացած քննադատության: Օրերս Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որում իր մտահոգությունն էր հայտնում «քրդերի կողմից վերահսկվող տարածքներում Թուրքիայի միջամտության» վերաբերյալ՝ կոչ անելով Թուրքիային զորքերը դուրս բերել Աֆրինից: Իրավական որևէ ուժ չունեցող այս բանաձևում նաև նշվում է, որ Թուրքիայի գործողությունները սրում են իրավիճակը Սիրիայում և բացասաբար են ազդում սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների վրա:

Ինչպես և ակնկալվում էր Թուրքիայի իշխանությունների արձագանքն այս բանաձևին բավականին կոշտ էր և կտրուկ: Թուրքիայի նախագահ Էրդողանը ոչ միայն հայտարարեց, որ Եվրախորհրդարանի բանաձևը որևէ նշանակություն չունի իրենց համար, այլ նաև «զգուշացրեց», որ Եվրախորհրդարանը «որևէ իրավունք չունի սովորեցնել Թուրքիային»: Իր հերթին երկրի վարչապետ Յըլդըրըմը հայտարարեց, թե Աֆրինում իր գործողություններով «Թուրքիան պաշտպանում է Եվրոպային ահաբեկչությունից, և նման բանաձևեր ընդունելու փոխարեն Եվրոպան պետք է Թուրքիայի համար ամեն օր աղոթի»:

Թուրքիայի կողմից նման ակնհայտ ցինիզմի պատճառները գուցե շատ են, սակայն, առանձնացնենք դրանցից հիմնականները:

Նախ, աշխարհագրական իր դիրքի և ունեցած ռեսուրսների շնորհիվ Թուրքիան կարողանում է առաջ մղել իր շահերն ինչպես սեփական երկրում, այնպես էլ տարածաշրջանում: Երկրում տիրող բռնատիրական կարգերի (մարդիկ հետապնդումների են ենթարկվում անգամ սոցկայքերում իշխանություններին քննադատելու համար), մարդու իրավունքների խախտումների, քրդերի դեմ իրականացվող գործողությունների մասին տեղյակ է ողջ աշխարհը: Այնումենայնիվ, քչերն են այդ մասին խոսում, իսկ հնչած խոսքերն էլ պարզապես քննադատություններ են, որոնք որևէ գործողություն չեն ենթադրում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ժողովրդավարական արժեքներ քարոզող Արևմուտքին, որի համար, սակայն, տարածաշրջանում գործընկերոջը չկորցնելն ու նրա հետ լավ հարաբերություններ ունենալն այսօր առաջնային է ցանկացած արժեքից:

Երկրորդ, Թուրքիային հաջողվել է «վստահեցնել» Եվրոպային, որ արդյունավետորեն իրականացնում է ԵՄ հետ կնքած միգրանտների գործարքը: Սրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ընդամենը օրեր առաջ ԵՄ-ն հայտարարեց, որ Թուրքիային կտրամադրի գործարքով սահմանված 3 միլիարդ եվրոյի երկրորդ տրանշը: ԵՄ կողմից նման քայլի իրականացումը, չնայած Թուրքիայի իշխանությունների կողմից սեփական երկրում և Սիրիայում իրականացվող գործողություններին, ցույց է տալիս, որ ԵՄ-ն իսկապես հավատացած է, որ Թուրքիան կկարողանա օգնել ազատվել այդ «գլխացավանքից»: Իսկ Թուրքիայի այդ «մեծահոգությանն» իբրև փոխհատուցում ԵՄ-ն սահմանափակվում է միայն ժամանակ առ ժամանակ քննադատական հայտարարություններ անելով:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարող ենք փաստել, որ քանի դեռ Արևմուտքը շարունակում է Թուրքիայի նկատմամբ վարել առավել քան մեղմ քաղաքականություն՝ հանդես գալով միայն պասիվ քննադատողի դիրքերից, Թուրքիան էլ ավելի շատ է սկսելու բռնի ուժով և կրակոցներով առաջ տանել սեփական շահերը՝ չխնայելով անգամ անմեղ կանանց և երեխաների կյանքը: Պատահական չէ, որ այսօր Աֆրինում Թուրքիայի կողմից հիվանդանոց է ռմբակոծվել, որի արդյունքում նախնական տվյալներով զոհվել է 16 քաղաքացիական անձ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: