ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԺ նախագահ. Արցախի Հանրապետությունն այսօր դե ֆակտո կայացած պետություն է

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում:

Ստորև ներկայացնում ենք ամբողջական ելույթը:

«ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական կոմիտեի նախագահ հարգելի պարոն Նալբանդյան,

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ հարգելի պարոն Ֆրասսա,

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի հարգելի մասնակիցներ,

տիկնայք և պարոնայք,

նախևառաջ, ցանկանում եմ ողջունել ձեզ Հայաստանում և շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը Երևանում անցկացնելու` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հրավերն ընդունելու համար:

Մեծագույն գոհունակությամբ եմ ցանկանում նշել, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում վերջին տարիներին` 2012 և 2014 թվականներին, ստանալով լիիրավ անդամի կարգավիճակ` Հայաստանի Հանրապետությունը և ՀՀ Ազգային ժողովն իրենց ծանրակշիռ տեղն ունեն Ֆրանկոֆոնիայում:

Ինչպես 2015 թվականը, այնպես էլ ընթացիկ տարին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի համար առանձնահատուկ տարի է:

2015 թվականին մեր երկիրը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի երեսունմեկերորդ (31-րդ) նախարարական և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների ղեկավարների համաժողովները:

Այսօր Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը: Իսկ այս տարվա հոկտեմբերի 11-12-ը, ինչպես գիտեք, Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Նման միջազգային միջոցառման անցկացումը մեր երկրում ֆրանկոֆոն արժեքներին հավատարմության լրացուցիչ վկայություն է, որոնք մենք կիսում ենք ֆրանկոֆոն ընտանիքի անդամների հետ՝ համերաշխություն, ժողովուրդների իրավահավասարություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, մշակութային բազմազանություն և այլն:

Երջանիկ զուգադիպությամբ հենց այսօր՝ մարտի 20-ին, ողջ աշխարհում նշվում է Ֆրանկոֆոնիայի օրը: Այն Հայաստանում ոչ միայն չի եզրափակվում սոսկ այս օրով, այլև վերջին տարիներին վերածվել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակի, որը մեզ հնարավորություն է ընձեռում առնվազն երկու ամիս շարունակ մեծարելու տարբեր մշակույթներ միավորող ֆրանսերենը՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով մեր կապվածությունը նրան և վեր հանելով ֆրանսերենի հարստությունն ու բազմազանությունը: Այս տարի, սիրելի բարեկամներ, այդ տոնը հարստանում և գեղեցկանում է նաև ձեր ներկայությամբ:

Հարգելի գործընկերներ,

այս տարի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը տեղի է ունենում մեզ` հայերիս համար հիշարժան հոբելյանների տարում: Խոսքը բացառիկ մի քանի իրադարձությունների մասին է:

Մայիսի քսանութին մենք կտոնենք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման, իսկ աշնանը՝ մայրաքաղաք Երևանի 2800-ամյակը:

Մենք սիրում ենք կատակել, որ Երևանը քսանինը տարով Հռոմից մեծ է:

Հարգելի գործընկերներ,

մոտ մեկ ամիս առաջ ողջ հայությունը նշում էր Ղարաբաղյան շարժման երեսունամյակը: 1923թ. Ստալինի կամայական որոշմամբ Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երեք տասնամյակ առաջ աշխարհին բարձրաձայնեց իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իր կամքը:

Արցախի Հանրապետությունն այսօր դե ֆակտո կայացած պետություն է` ձևավորված պետական կայուն ժողովրդավարական համակարգով ու ենթակառուցվածքներով, զարգացող տնտեսությամբ: Սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ: Մենք բազմիցս ենք հայտարարել, որ այն կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով, մարդու հիմնարար իրավունքների, ինչպես նաև ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Անհնար է Արցախը պատկերացնել Ադրբեջանի կազմում, որտեղ հայատյացությունը դարձել է պետական քաղաքականություն:

Արցախի Հանրապետության` դեռևս ճանաչված չլինելը չպետք է խոչընդոտ հանդիսանա այնտեղ ապրող մարդկանց իրավունքների իրացման համար: Մարդու իրավունքների և դրանց առնչվող արժեքների ամրապնդումը Ֆրանկոֆոնիայի գերակայություններից է: Հավատարիմ մնալով այդ և Ֆրանկոֆոնիայի մյուս արժեքներին, այդ թվում` խաղաղությանը, ժողովրդավարությանը՝ Արցախի Հանրապետությունը շարունակաբար քայլեր է ձեռնարկում զարգացնելու Ֆրանկոֆոնիան Արցախի տարածքում: Դրան նպաստում են նաև տարբեր երկրներ ներկայացնող ֆրանսախոս խորհրդարանականների այցերն Արցախ:

ՀՀ Ազգային ժողովի ֆրանկոֆոնիայի սեկցիայի աջակցությամբ և Արցախի խորհրդարանի ղեկավարության ակտիվ մասնակցությամբ աշխատանքներ են ընթանում Արցախում Երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի կազմավորման ուղղությամբ, ինչը նույնպես կնպաստի ֆրանսերենի, լեզվա-մշակութային բազմազանության տարածմանը:

Հարգելի տիկնայք և պարոնայք,

կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանի խորհրդարանում, մաղթում եմ հաջողություններ ձեր աշխատանքում: Հուսով եմ, որ հնարավորություն կունենաք նաև ծանոթանալու հինավուրց, բայց և երիտասարդ մեր երկրին:

Շնորհակալություն ուշադրության համար»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: