ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է Հայաստանի դեմ ուղղված մեկուսացման և շրջափակման քաղաքականությունը, որն ձգվում է արդեն շուրջ երկու տասնամյակ: Այս քաղաքականությունը, որին բավական ակտիվ աջակցություն է ցուցաբերում 1993թ-ից Հայաստանի հետ սահմանը փակ պահող Թուրքիան, ունի մի քանի ուղղություններ: Մեկուսացման և շրջափակման քաղաքականության կարևոր բաղկացուցիչ է Հայաստանը շրջանցող տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչումը (Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Հյուսիս-Հարավ միջանցքը և այլն), որոնք կիրացնեն տարածաշրջանի տարանցիկ ներուժը՝ նվազեցնելով նմանատիպ նախագծերի տնտեսական նպատակահարմարությունը: Մեկ այլ կարևոր ուղղություն է համագործակցության ձևաչափերի ստեղծումը՝ դրանց պարբերական բնույթ հաղորդելով (օրինակ՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, Ադրբեջան-Իրան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան-Ռուսաստան և այլն):

Այս քաղաքականության վերջին դրսևորումներից էր վերջերս Բաքվում Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում, ըստ տարածված հաղորդագրության, քննարկվել է Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքի հարցը։  Այս նորությունը, ինչպես և սպասելի էր, բավական ակտիվ սկվեց օգտագործվել ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ ներկկայացնելով որպես «Բաքվի ևս մեկ ռազմավարական հաղթանակ» և Հայաստանի մեկուսացման ևս մեկ դրսևորում: Ըստ էության, հերթական անգամ գործ ունենք Բաքվի տեղեկատվական արշավի հետ, որի նպատակներից է նաև Հայաստանում պարտվողական տրամադրությունների տարածումը:

Թեև տարածաշրջանային նախագծերից և ձևաչափերից Հայաստանի դուրս մնալն, իհարկե, մտահոգիչ է, սակայն, օբյեկտիվ է նաև այն, որ դրանք ինչ-որ առումով (գոնե Ադրբեջանի և Թուրքիայի պլանավորմամբ) ունեն նաև հակահայկական բնույթ և դրանցում ներգրավվելու համար, իհարկե, Երևանից պահանջվելու է գին: Նման տարբերակն, անշուշտ, չի բխում մեր շահերից:

Միևնույն ժամանակ նկատենք, որ Հայաստանն ունի նաև ադրբեջանա-թուրքական նախաձեռնություններին հակազդելու և տարածաշրջանի տարանզիտային հնարավորություններից օգտվելու հնարավորությունների դաշտ, որը դեռևս լիովին իրացված չէ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան փոխգործակցության ներուժի իրացմանը: Չնայած այդ երկրների հետ բարիդրացիական հարաբերություններին, երկու ուղղությամբ էլ նկատելի է տեսանելի արդյունքներ ապահովող նախաձեռնողականության անհրաժեշտություն: Ընդ որում, վերջին տարիներին Երևանի իրականացրած քաղաքականությունը և այդ երկրների բարձր ղեկավարության հետ ակտիվացած շփումները բավական լավ հող են նախապատրաստել առավել մեծ ծրագրերի իրականացման համար: Օբյեկտիվության համար պետք է նշել, որ առանձին ոլորտներում արդեն իսկ արձանագրվել են փոխգործակցության բավական հաջող օրինակներ, օրինակ՝ Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծումը, Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի ստեղծումը և այլն; Չնայած առանձին հաջողություններին, անհրաժեշտ է առավել խորացնել փոխգործակցությունը՝ առանձին ուշադրություն դարձնելով բազմակողմ նախագծերին: Մասնավորապես պետք է շարունակել Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման շուրջ քննարկումները, Սև ծով-Պարսից ծոց միջանցքի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, հայ-իրանական երկաթուղու նախագծի մշակումը և այլն:

Բավական կարևոր է նմանատիպ բազմակողմ նախագծերի ռազմավարական կարևորության գիտակցումը, քանզի առանձին նախաձեռնություններում հիմնական մոտիվատորը պետք է լինի ոչ թե տնտեսական նպատակահարմարությունը (կամ ծախսածածկումը), այլ հենց քաղաքական նպատակահարմարությունը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: