ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որո՞նք են ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի հեռացման պատճառները

Kurdistan 24

Ռեքս Թիլերսոնը վայր կդնի ԱՄՆ պետքարտուղարի իր լիազորությունները մարտի 31-ին՝ դրանք հանձնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արդեն իսկ նշանակված նոր պետքարտուղարին՝ ԿՀՎ նախկին տնօրեն Մայք Պոմպեոյին: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-յան գրառումով հայտարարեց նոր պետքարտուղար նշանակելու իր որոշման մասին: Ուշագրավ է, որ այն բանից հետո, երբ Թիլերսոնի տեղակալ Սթիվի Գոլդշթեյնը հայտարարեց, որ պետքարտուղարը չի խոսել նախագահի հետ և ինչպես շատերը, ինքը ևս իր հեռացման որոշման մասին իմացել է Թրամփի Twitter-յան գրառումից, Գոլդշթեյնին ևս հեռացրին աշխատանքից:

Ավելի ուշ, մեկնաբանելով իր որոշման դրդապատճառները, Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում նկատեց. «Մենք տարաձայնություններ ենք ունեցել մի շարք հարցերի շուրջ, օրինակ՝ Իրանի հետ կնքված գործարքի հարցում: Իմ կարծիքով՝ դա սարսափելի գործարք է, մինչդեռ նրա համոզմամբ ամեն ինչ կարգին է: Ես ուզում էի կամ հրաժարվել դրանից, կամ ինչ-որ բան փոխել, մինչդեռ Թիլերսոնը մի փոքր այլ կերպ էր մտածում»,-  ԱՄՆ նախագահի հայտարարությունը մեջբերում է Ամերիկայի ձայնը:

Հիշեցնենք, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ Ռեքս Թիլերսոնը նշել էր. «Վաշինգտոնը կարող է չեղարկել այն և հեռանալ կամ մնալ համաձայնագրում ու ստիպել Իրանին հավատարիմ լինել համաձայնագրի դրույթներին և իրեն դրսևորել որպես լավ հարևան»: 

Ստորև փորձենք անդրադառնալ Դոնալդ Թրամփի և Ռեքս Թիլերսոնի միջև առկա արտաքին քաղաքականության հարցերի շուրջ հիմնական տարաձայնություններին՝ հիմնվելով նախկինում նրանց կողմից հնչած հայտարարությունների վրա:

ԱՄՆ նախագահի և պետքարտուղարի դիրքորոշումներում տարաձայնություններ էին նկատվում Ռուսաստանի Դաշնության հանդեպ տարվող ԱՄՆ քաղաքականության հարցում: Անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վարկածներին, այս առնչությամբ ԱՄՆ հետախուզության փաստերին՝  Դոնալդ Թրամփն իր հայտարարություններում հաճախ թերահավատությամբ է վերաբերել դրանց՝ համեմատականներ անցկացնելով ԱՄՆ կողմից Իրաքում զանգվածային ոչնչացման զենք հայտանաբերելու ապացույցների հետ, որոնք իրականում հավաստի չէին  և հանգեցրեցին մեծ «խառնաշփոթի»:

Մինչդեռ Թիլերսոնը հարցի վերաբերյալ բազմիցս արտահայտել է լուրջ մտահոգություն՝ նշելով, որ այն լրջորեն վնասել է երկու երկրների հարաբերություններին:

Նախորդ տարի հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև բացահայտ հակադարձեց Թիլերսոնի` Հյուսիսային Կորեայի հանդեպ տարվող քաղաքականությանը` իր Twitter-յան գրառումներից մեկում նկատելով.  «Ես ասացի Ռեքս Թիլերսոնին՝ մեր հիանալի պետքարտուղարին, որ նա վատնում է իր ժամանակը՝ փորձելով բանակցել Փոքրիկ հրթիռ-մարդու հետ (խմբ. նկատի ունի Հյուսիսային Կորեայի առաջնորդին): Խնայի′ր քո էներգիան, Ռե՛քս, մենք կանենք այն, ինչ պետք է անել»:

Բացի այդ, անդրադառնալով Հյուսիսային Կորեայի հանդեպ վարած ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, Թրամփը լրագրողների հետ զրույցում նկատել է. «Ինչպես ասել եմ, նրանց պատասխանը լինելու է կրակի և ուժի գործադրմամբ, որի նման աշխարհը երբևէ չի տեսել»: 

Թրամփի այս հայտարարությունը հնչեց Թիլերսոնի կողմից բարձրաձայնած այն կարծիքից հետո, որ անհրաժեշտ է Հյուսիսային Կորեայի հետ հասնել կոնսեսուսի և փորձել բացել երկխոսության հնարավոր դռները:

Թրամփի և Թիլերսոնի միջև հակասություններ են եղել նաև Փարիզի համաձայնագրից ԱՄՆ դուրս գալ նպատակահարմարության հետ կապված:  Օգոստոսին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը բացահայտ արտահայտեց այդ որոշման վերաբերյալ իր հակառակ դիրորոշումը՝ նկատելով. «Ես ազատ եմ հայտնելու իմ տեսակետները: Ես հակառակ դիրքորոշում ունեմ կայացված որոշման վերաբերյալ»:

Աֆղանստանում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ ևս ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են սկզբունքայնորեն տարբերվող դիրքորոշումներ: Մասնավորապես, օգոստոսին ելույթ ունենալով ռազմական անձնակազմի առջև՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Մեր զորքերը կռվելու են, որպեսզի հաղթեն: Այս պահից հաղթանակն ունենալու է հստակ սահմանում. հարձակվել մեր թշնամիների վրա, պառակտել ԻԼԻՊ-ին, ջախջախել Ալ-Քաիդային, կանխել Թալիբանի կողմից Աֆղանստանի գրավումը և կանգնեցնել ահաբեկչության զանգվածային հարձակումներն Ամերիկայի դեմ:

Թրամփի այս հայտարարությունից հետո, ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնն՝ ի տարբերություն Թրամփի, հանդես եկավ խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին՝ մասնավորապես նկատելով. «Դու չես կարող ունենալ մարտադաշտում հաղթանակ: Ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք նստել բանակցային սեղանի շուրջ և գտնել խնդրին վերջ դնելու լուծում»:

Կատարի  խնդրի շուրջ ևս  Թրամփը և Թիլերսոնը հայտնել են հակասական դիրքորոշումներ: Այն բանից հետո, երբ հունիսին արաբական մի շարք երկրներ խզեցին իրենց դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ` վերջինիս մեղադրելով ահաբակեչությանն աջակցելու մեջ, Թիլերսոնը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նա հույս հայտնեց, որ արաբական երկներին կհաջողվի գտնել երկխոսության եզրեր և որ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզումը չի կարող դրական արդյունք ունենալ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի գործում: Մինչդեռ այս հարցում ԱՄՆ նախագահի՝ Կատարի հանդեպ որդեգրած դիրքորոշումն ավելի մեղադրական էր: Իր Twitter-յան գրառումներից մեկում նա նշել է. «Մերձավոր Արևելք իմ վերջին այցի ժամանակ ես նկատեցի, որ ծայրահեղական գաղափարախոսությունը չի կարող այլևս ֆինանսավորվել: Առաջորդները մատնացույց արեցին Կատարին, նայե′ք»: 

Թիլերսոնը նաև դեմ է հանդես եկել Թրամփի որոշմանը՝ տեղափոխել Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ՝ նշելով, որ այն կարող է սպառնալ Իսրայելում ԱՄՆ դիվանագետների անվտանգությանը, վնասել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծելու ԱՄՆ ջանքերին, ինչպես նաև արժանանալ Եվրոպայում և արաբական աշխարհում ԱՄՆ դաշնակիցների դժգոհությանը:

Դատելով Թրամփի և Թիլերսոնի միջև արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունների վերաբերյալ առկա հակասություններից՝ կարող ենք կանխատեսել, որ Թիլերսոնի հեռացմամբ ԱՄՆ-ն ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի  վերոնշյալ արտաքին քաղաքական ուղղություններում: Նման զարգացման բարձր հավանականության օգտին են վկայում նաև նորանշանակ պետքարտուղարի՝  Մայք Պոմպեոյի արտաքին քաղաքական տարբեր ուղղությունների վերաբերյալ առ այսօր հայտնած դիրքորոշումները, ով ԱՄՆ մամուլի կողմից արդեն իսկ հասցրել է որակվել՝ որպես ԱՄՆ ամենապահպանողական պետաքարտուղար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: