ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ - Ռուսաստան. պայքար Սաուդյան Արաբիայի համար

dailytimes.com.pk

Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպումով մեկնարկեց Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ-Սաուդի մոտ երկշաբաթյա այցն ԱՄՆ: Նշենք, որ սա արաբական թագավորության թագաժառանգ արքայազնի կարգավիճակում Մուհամմադ իբն Սալմանի առաջին այցն է ԱՄՆ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցությունը ռազմական և պաշտպանական ոլորտներում, ինչպես նաև ԱՄՆ-ում սաուդական ներդրումները:

Ուշագրավ է, որ իբն Սալմանի այցից առաջ Վաշինգտոնում ներկայացվել է Սաուդյան Արաբիային ամերիկյան զենքի վաճառքի ծավալը: Թրամփը պատմել է 12,5 միլիարդ դոլարի գործարքներ կնքելու մասին՝ նշելով, որ ապագայում նախատեսվում են ավելի մեծ թվով ևս մի քանի միլիարդ դոլարի հասնող նման պայմանագրեր: Թրամփը նշել էր, որ Սաուդյան Արաբիան հարուստ երկիր է՝ հույս հայտնելով, որ վերջինս պատրաստվում է կիսել իր հարստության մի մասն ԱՄՆ-ի հետ աշխատատեղերի ստեղծման, աշխարհում լավագույն ռազմական տեխնիկայի գնման միջոցով: Հիշեցնենք, որ ռազմական պայմանագրերի փաթեթի վերաբերյալ հուշագիրը կողմերի միջև ստորագրվել է նախորդ տարի փետրվարին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի առաջին արտասահմանյան այցի ընթացքում:

Թրամփի հետ բանակցություններից հետո Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը հայտարարել է, որ իր երկիրը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենահին գործընկերն է, «և այդ հարաբերությունների հիմքն իսկապես ահռելի է և խորը»: Նա հավելել է, որ կողմերն ընդհանուր շահեր ունեն ոչ միայն քաղաքական և ռազմական ոլորտներում, այլև տնտեսական:

Հիշեցնենք, որ նախորդ տարի գարնանը Թրամփը և ալ-Սաուդը պայմանավորվել էին ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի կողմից 200 միլիարդ դոլարի ներդրումների մասին, որոնք պետք է իրականցվեին առաջիկա 4 տարիների ընթացքում, սակայն արքայազնը հայտարարել է, որ ծրագիրը գերազանցել է սպասելիքները, և Էր-Ռիադն ամերիկյան տնտեսության մեջ միայն 1 տարում կկատարի 400 միլիարդ դոլարի ներդրում:

Այցի շրջանակներում Սաուդյան Արաբիայի արքայազնը հանդիպել է նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հետ: Հանդիպումից հետո ԱՄՆ Պետդեպը հաստատել է Սաուդյան Արաբիային 670 միլիոն դոլարի BGM-71 TOW հակատանկային հրթիռային համակարգերի վաճառքը: Բացի այդ, Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից կգնի նաև ռազմական ուղղաթիռների սարքավորումներ (106 միլիոն դոլար), ինչպես նաև զրահապատ տրանսպորտային միջոցների և այլ ծանր ռազմական տեխնիկայի պահեստամասեր (300 միլիոն դոլար):

Թրամփի և ալ-Սաուդի հանդիպման առանցքային թեմաներից են եղել նաև Իրանից բխող հնարավոր սպառնալիքները և վերջինիս միջուկային զենքը: Ինչպես հայտնի է, Սաուդյան Արաբիան ի դեմս Իրանի սպառնալիք է տեսնում ոչ միայն իր, այլև ողջ Մերձավոր Արևելքի համար: Դա բացատրվում է նրանով, որ Սաուդյան Արաբիան և Իրանը մշտապես պայքար են մղում՝ տարածաշրջանում առաջնորդի դերն ստանձնելու համար: Նախորդ տարի իր հարցազրույցներից մեկում գահաժառանգ արքայազնը Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա ալի Խոմեյնիին անվանել  էր «Մերձավոր Արևելքի Հիտլեր»: Իսկ ԱՄՆ-ում օրերս տված հարցազրույցում նա նշել է, որ եթե Իրանին հաջողվի միջուկային զենք ստեղծել, ապա Սաուդյան Արաբիան կհետևի նրա օրինակ:

Նշենք, որ Սաուդյան Արաբիայի արքայազնի այցն ԱՄՆ բնավ ինքնանպատակ չէ. նա ցանկանում է ստանալ ԱՄՆ աջակցությունն ավելի շատ հարցերում, նախևառաջ, Իրանի և Կատարի հետ հարաբերություններում: Հիշեցնենք, որ նախորդ տարի Սաուդյան Արաբիան Եգիպտոսի, Բահրեյնի, ԱՄԷ-ի և արաբական ևս մի քանի երկրի հետ միասին շրջափակում հայտարարեցին Կատարի նկատմամբ՝ խզելով վերջինիս հետ դիվանագիտական հարաբերությունները և մեղադրելով այլ երկրների գործերին միջամտելու, ահաբեկչությունը հովանավորելու, ինչպես նաև Իրանի հետ համագործակցելու մեջ, որին, ի դեպ, նույնպես համարում են ահաբեկչության հովանավոր:

Չի բացառվում, որ Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի համագործակցությունը կարող է սպառնալ Ռուսաստանի շահերին: Դեռևս նախքան արքայազնի այցն ԱՄՆ, մի շարք փորձագետներ նշում էին, որ Միացյալ Նահանգները մտադիր են համոզել գահաժառանգ արքայազնին զենք չգնել Ռուսաստանից՝ ի պատասխան Մերձավոր Արևելքում նրա իրականացրած քաղաքականության և Իրանի միջուկային գործարքին աջակցելուն:

Ի դեպ, Ռուսաստանն արդեն իսկ արձագանքել է թե՛ արքայազնի այցին, թե՛ այդ կանխատեսումներին: Մասնավորապես, ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի արքայազնի այցը Վաշինգտոն երրորդ երկրների հարաբերությունների շրջանակ է, որը Մոսկվան հարգում է, սակայն Ռուսաստանի համար շարունակում է առաջնահերթ հանդիսանալ Թագավորության հետ հետագա հարաբերությունների կառուցումը և ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: