ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Նարեկ»-ի բուժիչ ուժի համար տարածությունն ու ժամանակը խոչընդոտ չեն. նարեկաբույժ Արմեն Ներսիսյան (ԲԱՑԱՌԻԿ)

narekabujutyun.am

Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրման և Նարեկացու ունեցած դերի ու նշանակության վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է բժիշկ, հոգեթերապևտ, նարեկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Ներսիսյանի հետ:

 

- Պարո՛ն Ներսիսյան, ինչպե՞ս կգնահատեք Վատիկանում Նարեկացու արձանի տեղադրման կարևորությունը:

Վատիկանում Նարեկացու արձանի տեղադրումը, ինչպես նաև նրան՝ Տիեզերական վարդապետ շնորհելն, իհարկե, կարելի է ահեղ իրադարձություն համարել այն իմաստով, որ հարցին տրվում է հանրային, նույնիսկ՝ միջազգային հնչեղություն: Սակայն, շատ ավելի ցանկալի ու նպատակային կլիներ, որ «Նարեկ»-ի ողջ ուժը երևար աշխարհում, ցույց տրվեր, որ «Նարեկը» տարբեր ազգությունների համար է և կարող է բուժել անկախ ազգությունից, անկախ լեզվամտածողությունից: Աշխարհին հենց նրա խոսքն է պետք ցույց տալ՝ խոսքի զորեղ ուժը, քանի որ այսօր աշխարհը թե՛ հոգեպես, թե՛ բարոյապես ճգնաժամի մեջ է, իսկ «Նարեկ»-ի բուժիչ ուժի համար տարածությունն ու ժամանակը խոչընդոտ չեն: Մենք աշխարհին ոչ թե պիտի ցույց տանք, որ Նարեկացի ունենք, այլ պիտի ցույց տանք, թե ով է Նարեկացին:

Նարեկացուն պետք է բացահայտել ու ցույց տալ որպես Տիեզերական վարդապետ. սա ավելի ցանկալի ու նպատակային է: Վերջերս շատ հաճախ է խոսվում  «Նարեկ»-ի մասին, և հենց այստեղ է, որ ես բացթողում եմ տեսնում, քանի որ արձանը միայն կարող է հիշեցնել Նարեկացու ու նրա խոսքի մասին, բայց  «Նարեկ»-ի խոսքը կենդանի է, և ես գտնում եմ, որ այդ խոսքն իր ողջ կենդանությամբ ու բովանդակությամբ ներկայացնելու խնդիր ունենք: Միանշանակ ուրախալի է Նարեկացու ընդունումն ու միջազգային  ճանաչում տալը, բայց մենք ինքներս խնդիր ունենք նրան ճանաչելու, ընդունելու:

Ի դեպ նշեմ, որ նարեկաբուժության մասին պատմող փաստավավերագրական միակ ֆիլմը Արմեն Ռոնովի «Խոսք» ֆիլմն է, որտեղ Նարեկը ներկայացվում է իր ողջ բովանդակությամբ՝ նրա կենդանի խոսքը ուղղված բոլոր ժամանակներին, բոլոր ժողովուրդներին, քանզի նրա խոսքն ուղղված է հենց Մարդ արարածին:

Ի դեպ, շատ կարևոր է այն փաստը, որ Նարեկը ներկայացնելիս ներկայացնողի էությունը ընդհանրապես չպետք է երևա, այսինքն՝ ներկայացնողը զուտ պետք է փոխանցողի դերում լինի՝ ոչ ավել: Ցավում եմ, որ մեր իրականության մեջ շատ հաճախ Նարեկին  միայն արտաքինից են հասկանում (ճանաչում)՝ չիմանալով, չընկալելով նրա ողջ մաքրությունն ու բյուրեղայնությունը:

—Ինչու՞մ է կայանում Նարեկացու ֆենոմենը:

— Թերևս կկրկնվեմ, այնուամենայնիվ պետք է ասեմ, որ նա մարդկային հոգու ու մարմնի շատ արագ ու արդյունավետ բուժումն է, և թերևս սա էլ հանդիսանում է նրա ֆենոմենը: Ու քանի որ Նարեկացուն աշխարհն ընկալում է Նարեկի միջոցով, ապա չեմ կարող խոսել նրանցից մեկի մասին առանձին:

Նարեկը կարողանում է ճշմարիտ խոսքը հասցնել ցանկացած մարդու՝ անկախ կրթությունից, քանի որ այն ուղղված է հոգուն, իսկ հոգին, փաստորեն, չունի ազգություն: Պատահական չէ, որ հայտնի լեզվաբան, բանասեր Մանուկ Աբեղյանը հետևյալ կերպ է արտահայտվել՝ «Նարեկացին աշխարհի ամենահին հոգեբույժն է, իսկ «Նարեկը»՝ հոգեբուժության ամենահին գիրքը»: Ու եկեք չմոռանանք, որ «Նարեկը» մեր երկրորդ Աստվածաշունչն է, և այն կարողանում է Աստծո խոսքը շատ արագ, հասանելի ու նպատակային ուղղել մարդու հոգուն, որ բացվեն հոգու աչքերը, չէ՞ որ խոսքով հնարավոր է բուժել հոգին, ինչպես նաև մարմինը, եթե հավատալ: Մարդը պետք է հավատա խոսքի բուժմանը:

- Նարեկաբուժությունը դարեր շարունակ տարածված է եղել մեր ժողովրդի շրջանում: Ինչպե՞ս է ընկալվում նարեկաբուժությունն այսօր: Մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր ընդունում են «Նարեկի» բժշկող ուժը:

Նախ նշեմ, որ նախկինում նարեկաբուժություն տերմինը գոյություն չի ունեցել, և այն իմ կողմից կիրառվեց ու շրջանառվեց: Իսկ երևույթն, իհարկե,  եղել է: Այն եղել է խոսքի տեսքով, այսինքն՝ հիվանդի համար կարդում էին Նարեկ:

Ես՝ որպես բժիշկ, վերհանեցի ու կենդանացրի այդ երևույթը, և ով փնտրի՝ նրան կտրվի: Ու եթե խոսենք թվերից կամ տոկոսներից, ապա բուժվողների քանակը քիչ է, իսկ պատճառը, բնականաբար, այն է, որ քիչ մարդ է դիմում ու հավատում: Իսկ Նարեկը ցույց է տալիս խոսքի հանդեպ մարդու հավատը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: