ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 754,48 դրամ ԱՐԾԱԹ - 257,09 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 304,37 դրամ

Սիրիա. ինչո՞ւ Թրամփը չօգտվեց ընձեռված հնարավորությունից

time.com

Չնայած ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հրթիռային հարվածներ հասցրեցին Սիրիային, սակայն, կարծես թե, հաջողվեց խուսափել վտանգավոր էսկալացիայից: Դաշնակիցներն ընտրեցին Սիրիայում քիմիական զենքի արտադրության հետ կապված օբյեկտներին հարվածելու տարբերակը՝ այդ կերպ խուսափելով Ռուսաստանի հետ հնարավոր զինված առճակատումից: Սա թերևս կարելի է համարել գործողություն՝ ավելի շուտ ուղղված սեփական դեպքը պահելուն, քան՝ Ասադին ենթադրաբար քիմիական հարձակման համար պատժելուն:

Ռուս-ամերիկյան հակասությունները վերջին տարիներին բավականին սրվել են: Դրա թերևս ամենախոսուն ապացույցը կողմերի միջև սառը պատերազմից ի վեր սպառազինությունների աննախադեպ մրցավազքն է: Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներով պայքարելու Վաշինգտոնի քաղաքականությունը ցանկալի արդյունք չի տալիս, միևնույն ժամանակ եվրոպացի գործընկերները հրաժարվում են այդ ուղղությամբ ավելի խիստ միջոցներ ձեռնարկել: Նման պայմաններում Վաշինգտոնը որոշել է անցնել ավելի վճռական գործողությունների, որի համար թերևս ամենալավ թատերաբեմը Սիրիան է:

2015 թվականից, ռազմականորեն ներգրավվելով սիրիական հակամարտության մեջ, Ռուսաստանը մեծ ներդրում է ունեցել ահաբեկչության դեմ պայքարում՝ դրանով իսկ մեծացնելով իր միջազգային հեղինակությունը, ինչպես նաև հարվածելով տարածաշրջանում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերին: Այժմ Սիրիայում Ռուսաստանի շնորհիվ պատերազմը կարծես թե մոտենում է ավարտին, և քաղաքական կարգավորման հույս կա, ինչը ԱՄՆ-ի համար անթույլատրելի է. նա ոչ միայն կորցնում է իր ազդեցությունը Սիրիայում, այլ նաև համաշխարհային հանրությանը ներկայանում է պարտվողի դերում, քանի որ ի զորու չեղավ կարգավորելու հակամարտությունը: Ուստի, ԱՄՆ համար կարևոր է թույլ չտալ Սիրիայում այնպիսի խաղաղության հաստատում, որին ինքը մասնակից չէ:

Այս համատեքստում հետաքրքրական է բրիտանական Սոլսբերիում ենթադրաբար Ռուսաստանի կողմից իրականացված քիմիական հարձակման փաստը, որ օգտագործվեց ոչ միայն եվրոպական երկրներին Ռուսաստանի դեմ համախմբելու, այլ նաև Սիրիայում ռազմական գործողությունների համար համապատասխան միջազգային ֆոն ստեղծելու համար: 2014 թվականին ԱՄՆ-ին չհաջողվեց Սիրիայում քիմիական հարձակման փաստն օգտագործել այդ երկիր ներխուժելու համար՝ այդ թվում նաև այն պատճառով, որ շարքային ամերիկացիները բողոքի ակցիաներ էին անցկացնում Սիրիայում ամերիկյան ռազմական գործողության դեմ: Այժմ, երբ քիմիական հարձակումներն իրական սպառնալիք են նաև իրենց համար, հանրային տրամադրություններն այլևս չեն կարող խանգարել ռազմական գործողություններին:

Այսպիսով, Ասադի կողմից քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման փաստը կարող էր Թրամփի համար հրաշալի առիթ հանդիսանալ Սիրիայում խաղի կանոնները փոխելու համար: Այս նպատակով առնվազն պետք էր հարվածներ հասցնել Ասադի ուժերին, այլ ոչ թե քիմիական զենքի արտադրության հետ կապված օբյեկտներին, սակայն սիրիական բանակն իր ուժերը վերաբաշխել էր ռուսական ռազմակայանների մոտ, իսկ Մոսկվան անպատասխան չէր թողնի Սիրիայում իր ռազմական օբյեկտներին հասցված հարվածները:

Թերևս սա էր հիմնական պատճառը, որ ստիպեց դաշնակիցներին այդքան եկար խորհրդակցելու. ռուսական ռազմական օբյեկտներին հարվածները կհանգեցնեին ոչ միայն Սիրիայում ռուս-ամերիկյան ուղղակի ռազմական առճակատման, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ կառաջացնեին Ռուսաստանի եվրոպական հարևանների համար: Արդյունքում, չնայած Ռուսաստանին և պաշտոնական Դամասկոսին ուղղված սպառնալիքներին՝ Թրամփն իր դաշնակիցների հետ երկար խորհրդակցություններից հետո կարողացավ պայմանավորվել միայն մեկանգամյա գործողության շուրջ, ինչը, վերհիշելով 2017 թվականին ամերիկյան պատասխանն Իդլիբում ենթադրաբար Ասադի կողմից քիմիական հարձակմանը, ընդհանուր առմամբ, չի ազդի Սիրիայում տեղի ունեցող գործընթացների վրա:

Այսպիսով, Սիրիայի շուրջ զարգացումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև հարաբերությունները այլևս նախկինը չեն, և եվրոպական երկրներն ամերիկյան նախագահի արկածախնդրություններին պատրաստ են աջակցել ցուցադրական քայլերով միայն: Եվրոպայում գիտակցում են Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալու անհրաժեշտությունը և փորձում են խուսափել դրանք էլ ավելի սրող գործողություններից: Ակնահայտ է, որ եթե ԱՄՆ-ը շարունակի գործընկերների հետ հարաբերություններում առաջնորդվել բացառապես սեփական շահերով, առաջիկայում ականատես կլինենք ԱՄՆ միջազգային մեկուսացման:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 78%
Քամի՝ 11.27 կմ/ժ
8 C°
 
  12° 
21.04.2018
  12° 
22.04.2018
Հարցում

Արդյո՞ք աջակցում եք Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։