ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ սպառնալիքները չեն վախեցնում Իրանին

The Unz Review

ԱՄՆ կողմից Իրանի հանդեպ գործադրվող ճնշման սաստկացումը կարող է բացասաբար ազդել ողջ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վրա: Նման հայտարարությամբ է հանդես  եկել ՌԴ ԱԳՆ-ն` կապված ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ներկայացրած 12 պայմանների հետ, որոնց ընդունման պարագայում Իրանի հետ հնարավոր կլինի կնքել նոր գործարք: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել է, զարգացումները կախված են նրանից, թե ինչպես է գնահատում այդ 12 կետերը Թեհրանը:

Իսկ ահա Թեհրանում, ի պատասխան Պոմպեոյի ներկայացրած պայմանների, արդեն իսկ հայտարարել են, որ Վաշինգտոնի նոր սպառնալիքների և Իրանի նկատմամբ գործադրվող ճնշման իրական պատճառ հանդիսանում են հուսալքվածությունն ու անօգնականությունը: Իրանի կառավարությունում նշել են, որ իրենք չեն պատրաստվում զրուցել վերջնագրերի լեզվով և սպառնացել են դատարանով: Թեհրանն ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունները գնահատում է որպես բացահայտ միջամտություն Իրանի ներքին գործերին և անօրեն սպառնալիք ՄԱԿ անդամ պետություններին:   

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի խաղի իր կանոնները թելադրել այլ երկրներին: Նա նշել է, որ Թեհրանը ժողովրդի աջակցությամբ շարունակելու է իր որդեգրած քաղաքական կուրսը: 

Իրանի ատոմային ծրագրի ղեկավար Ալի Աքբար Սալեհին ևս արձագանքել է Պոմպեոյի հայտարարությանը` նշելով, որ Իրանը կշարունակի հետևել միջուկային ծրագրի համաձայնագրին, եթե Եվրոպական միությունը փոխհատուցի այն վնասը, որը Թեհրանը կկրի ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով: Նրա խոսքով, «գնդակն այժմ Եվրոպայի դաշտում է»:

Ի դեպ, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լե Մեռն ավելի վաղ հայտարարել էր, որ Բրյուսելը կարող է փոխհատուցել Վաշինգտոնի հայտարարած պատժամիջոցների դիմաց: ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր հերթին հայտարարել է, որ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը միջազգային դիվանագիտության կարևոր ձեռքբերում է, և ԵՄ-ն հավատարիմ կմնա դրան: Նրա կարծիքով, ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը չի արտացոլում, թե ինչպես է միջուկային գործարքից ամերիկյան կողմի հրաժարվելն առավել անվտանգ դարձնելու տարածաշրջանը միջուկային զենքի տարածումից կամ ինչպես է այդ քայլը հնարավորություն տալու ավելի լուրջ լծակներ ունենալ` ազդելու Իրանի քայլերի վրա:

Գերմանիան ևս անհանգստություն է հայտնել` կապված Մայք Պոմպեոյի հայտարարության հետ: Բեռլինում մտավախություն ունեն, որ Վաշինգտոնի գործողությունները կարող են դրդել Թեհրանին դուրս գալ միջուկային համաձայնագրից և կրկին սկսել ուրանի հարստացումը:

Ինչևէ, Իրանն առայժմ չի պատրաստվում հետևել ԱՄՆ օրինակին, սակայն Պոմպեոյի ներկայացրած պայմանները ևս չի ընդունի:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ դուրս է եկել Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային գործարքից` պահանջելով կնքել նոր` Վաշինգտոնի համար առավել ձեռնտու պայմաններով համաձայնագիր: Թեհրանին ուղղված պահանջների ցանկն օրերս ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է չեղարկել բոլոր պատժամիջոցները, վերականգնել Իրանի հետ առևտրային և դիվանագիտական հարաբերությունները և Թեհրանի համար բացել մուտքը դեպի առաջատար տեխնոլոգիաներ, եթե Թեհրանը կատարի Վաշինգտոնի պահանջները:

Պոմպեոն ընդհանուր առմամբ նշել է 12 պայման, որոնց թվում են` թույլատրել ԱԷՄԳ-ի փորձագետներին մուտք գործել իրանական օբյեկտներ, դադարեցնել ուրանի և պլուտոնիումի հարստացումը, հրաժարվել միջուկային զենք կրող հրթիռների մշակումից, դադարեցնել Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունը, Սիրիայից դուրս բերել իրանական հրամանատարության ներքո գտնվող ուժերը և այլն: Պոմպեոն նախազգուշացրել է, որ այս պայմանները չկատարելու դեպքում Թեհրանին սպասում է «պատժամիջոցների` պատմության մեջ ամենակոշտ ռեժիմը»: Ինչևէ, բազմաթիվ փորձագետներ այն կարծիքին են, որ ԱՄՆ հայտարարած 12 կետերն ավելի շատ նման են պատերազմ հայտարարելու: Չի բացառվում, որ ԱՄՆ ղեկավարության համար չափազանց կարևոր է նախորդ իշխանությունների կողմից Իրանի հետ կնքած գործարքի վերանայումը, քանի որ Թրամփի համար էական է, որ այդ գործարքի պայմանները որոշված լինեն իր կողմից: Ինչևէ, ներկայացվող պահանջներն այնքան կտրուկ են, որ Իրանը դժվար թե համաձայնի կատարել դրանք:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: