ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ պատժամիջոցների գինը. ի՞նչ կկորցնեն Իրանը և Եվրոպան

Regnum

Դեռևս 40 տարի առաջ Իրանը հանդիսանում էր աշխարհի ամենադինամիկ տնտեսություն ունեցող երկրներից մեկը, իսկ մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ն գերազանցում էր ԽՍՀՄ-ի և Թուրքիայի ցուցանիշները: Սակայն 1979 թվականին տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունը, դրան հաջորդած իրանա-իրաքյան պատերազմը և միջուկային ծրագրի պատճառով երկրի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները տասնամյակների վնաս հասցրին այդ երկրի տնտեսությանը:  

2014 թվականի նախագահական ընտրություններում Հասան Ռոհանիի հաղթանակը հնարավորություն տվեց երկրին մեղմել հարաբերություններն Արևմուտքի հետ: 2015 թվականին Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան) կնքեցին համաձայնագիր, որի արդյունքում էլ հնարավոր եղավ վերացնել Իրանի հանդեպ սահմանված մի շարք պատժամիջոցներ և վերականգնել տնտեսական աճը: Ինչևէ, գալով իշխանության` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այնքան էլ ոգևորված չէր Իրանի հետ կնված գործարքով: Նա բազմիցս հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է դուրս գալ այդ համաձայնագրից: Ի վերջո, մայիսի 8-ին Թրամփը հայտարարեց համաձայնագրից դուրս գալու մասին` Իրանին ներկայացնելով պայմաններ, որոնց ընդունման դեպքում միայն հնարավոր կլինի կնքել առավելապես Վաշինգտոնի շահերից բխող նոր համաձայնագիր: Նշենք, որ ԵՄ-ն չողջունեց ԱՄՆ որոշումը` հայտարարելով, որ Իրանի հետ կնքված համաձայնագիրը միջազգային դիվանագիտության կարևոր ձեռքբերում է, որը հնարավորություն է տալիս վերահսկողություն սահմանել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ, և իրենք չեն պատրաստվում դուրս գալ այդ գործարքից: ԵՄ երկրների նման դիրքորոշումը բնականաբար բացատրվում է մեկ այլ հանգամանքով ևս: Իրանի հետ գործարքից ԱՄՆ հրաժարվելն սպառնում է Իրանում աշխատող եվրոպական ընկերություններին: ԱՄՆ հայտարարած պատժամիջոցները ենթադրում են, որ բոլոր արտասահմանյան ընկերությունները պետք է 3-6 ամսվա ընթացքում դադարեցնեն Իրանում իրենց գործունեությունը: Նախևառաջ, դա վերաբերում է ֆրանսիական և գերմանական ընկերություններին, որոնք Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո ակտիվ գործունեություն են ծավալել այդ երկրում: Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանություններն արդեն իսկ քննադատել են Թրամփի որոշումը և քայլեր առաջարկել Իրանում եվրոպական բիզնեսը պաշտպանելու համար: Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լե Մեռը հայտարարել է, որ Եվրոպան պաշտպանելու է իր տնտեսական ինքնիշխանությունը և թույլ չի տա ԱՄՆ-ին վերահսկել համաշխարհային տնտեսությունը: Ի դեպ, Ֆրանսիան պատրաստվում է Եվրահանձնաժողովին ներկայացնել ամերիկյան պատժամիջոցներն արգելափակելու առաջարկներ: Նշենք, որ նման մեխանիզմ մեկ անգամ արդեն կիրառվել է 1996 թվականին, երբ կարիք կար ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունից դուրս բերել Կուբայի հետ առևտրական կապեր ունեցող եվրոպական ընկերությունները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամերիկացիներն այն ժամանակ ստիպված եղան զիջել` չի բացառվում, որ այս անգամ ևս Եվրոպային հաջողվի փրկել իր բիզնեսներն Իրանում: Լե Մեռն առաջարկում է ստեղծել նաև եվրոպական ֆինանսական կենտրոն, որը հնարավորություն կտա Իրանի հետ առևտրաշրջանառությունն իրականացնել եվրոյով` եվրոպական ընկերություններին ազատելով դոլարից ունեցած կախումից:         

Գերմանիայի կառավարությունն իր հերթին ձևավորում է հատուկ աշխատանքային խումբ, որը գնահատելու է այն հնարավոր վնասը, որ գերմանական տնտեսությունը կարող է կրել ամերիկյան պատժամիջոցների հետևանքով:

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորն իր հերթին առաջարկել է լիցենզավորել Իրանում աշխատող եվրոպական ընկերությունները, ինչը հանրավորություն կտա պաշտպանել նրանց ԱՄՆ-ի պատժամիջոցներից: Նա հավելել է, որ եվրոպական խոշոր էներգետիկ կորպորացիաները, ինչպիսին են ֆրանսիական Total-ը կամ իտալական Eni-ն, միլիարդավոր եվրոներ են ներդրել Իրանի տնտեսության մեջ, և միանգամայն օրինական է, որ նրանք ցանկանում են նման բիզնես իրականացնել:

Նշենք, որ այն բանից հետո, երբ 2015 թվականին կնքվեց իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագիրը, եվրոպական ընկերությունները բազմաթիվ խոշոր պայմանագրեր են կնքել Իրանի հետ: Այդ ընկերությունների շարքում առաջատար են ֆրանսիացիները, մասնավորապես, Total ընկերությունը 5 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել աշխարհում խոշորագույն նավթահանքի մշակման համար: Ֆրանսիական «Ռենո» մեքենաների արտադրողը համաձայնագիր է ստորագրել Իրանում գործարան հիմնելու համար, որը տարեկան 350 հազար մեքենա պետք է արտադրի: Մեկ այլ մեքենա արտադրող ընկերություն` «Պեժոն», 400 միլիարդ եվրոյի պայմանագիր է կնքել: Ֆրանսիական Airbus-ը պարտավորվել է «Iran Air» ավիափոխադրողին 20 միլիարդ դոլարի 100 ինքնաթիռ մատակարարել: Նորվեգական Saga Energy-ն 3 միլիարդ դոլարի պայմանագիր ունի, որը նախատեսում է արևային մարտկոցների արտադրության գործարանի շինարարություն: Գերմանական «Siemens» ընկերությունը պայմանագրեր է ստորագրել իրանական երկաթգծերն արդիականացնելու և 50 շոգեքարշ մատկարարելու համար: Իտալական FS պետական ընկերությունը 1,4 միլիարդ դոլարի պայմագիր է կնքել արագընթաց երկաթգիծ կառուցելու վերաբերյալ: Այս ցանկը կարելի է շարունակել շատ երկար: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ այս բոլոր պայմանագրերը կնքվել են պատժամիջոցների վերացումից հետո և զարգանալու ու առավել մեծ ներդրումներ կատարելու և շահույթներ բերելու հեռանկար ունեն: Այս գործարքները հնարավորություններ են ընձեռում ոչ միայն եվրոպական երկրներին, այլև տասնամյակներ շարունակ պատժամիջոցների հետևանքով լուրջ տնտեսական վնասներ կրած Իրանին: Ստեղծված իրավիճակում հնարավոր դրական լուծումները մեծապես կախված են եվրոպացիների քաղաքական կամքից, ովքեր պետք է շտապ քայլեր ձեռնարկեն` դիմակայելու ԱՄՆ պատժամիջոցներին: Իսկ մինչ այդ ԱՄՆ-ն կարող է ազատ պատժել դոլարով գործարքներ իրականացնող բոլոր ընկերություններին:

Ուշագրավ է, որ չնայած Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակին` ԵԱՏՄ-ն պատրաստվում է ազատ տնտեսական գոտի ստեղծել Թեհրանի հետ: Ուստի ԱՄՆ պատժամիջոցները, որոնք ոչ անտեղի բարկացրել են վերջինիս եվրոպական գործընկերներին, այս անգամ լուրջ վնաս կհասցնեն եվրոպական ընկերություններին, մինչդեռ Իրանը կկարողանա իր տնտեսությունը զարգացնել ԵԱՏՄ ընձեռած նոր հնարավորություններով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: