ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,216.75 դրամ ԱՐԾԱԹ - 265.75 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,106.34 դրամ

Ցեղասպանության ճանաչման շահարկումը որպես «գործիք» թուրք-իսրայելական հարաբերություններում. հարցազրույց Արմեն Պետրոսյանի հետ

Մայիսի 14-ին իսրայելապաղեստինյան բախումների հետևանքով Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում ծագած լարվածությունը խորանում է։ Թուրքիայի արտգործնախարարությունը Անկարայում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Էյթան Նաեհից և Ստամբուլի գլխավոր հյուպատոս Յոսեֆ Լևի Սֆարից պահանջել է լքել երկրի տարածքը։

Իսրայելը ձեռնարկել է պատասխան քայլեր։ Մայիսի 16-ին  Իսրայելի արտգործնախարարություն են կանչվել Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեմալ Օքեմը և Երուսաղեմի հյուպատոս Հուսնու Գյուրջան Թուրքօղլուն։

Նշենք, որ մայիսի 14-ին ԱՄՆ-ն իր դեսպանատունը Թել-Ավիվից պաշտոնապես տեղափոխել է Երուսաղեմ՝ այդպիսով իր համաձայնությունը հայտնելով Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու որոշմանը։ Պաղեստինցիներն իրենց հերթին պնդում են, որ Արևելյան Երուսաղեմը իրենց պետության մայրաքաղաքն է, որը բռնազավթվել է Իսրայելի կողմից։ Այս առթիվ բազմաթիվ պաղեստինցիներ բողոքի ցույց էին կազմակերպել, որի ընթացքում իսրայելցի զինվորների հետ տեղի ունեցած բախումներն արյունալի հետևանքներ են ունեցել։

Իսրայելի շուրջ վերջին զարգացումների հետ կապված «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:

Վերջին շրջանում նկատվում է Թուրքիա-Իսրայել հարաբերություններում որոշակի լարվածություն: Ինչո՞վ է պայմանավորված Անկարայի կոշտ արձագանքը Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի գործողություններին՝ մարդասիրությամբ, թե՞ քաղաքական նպատակներով:

Անկարայի կոշտ արձագանքը Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի գործողություններին ունի առավելապես քաղաքական բնույթ, որը մի քանի նպատակ է հետպնդում, առաջինը` վերահաստատելու և ընդգծելու մուսուլմանական աշխարհում Թուրքիայի գործող վարչակարգի նկրտումները, իսկ երկրորդ` ներթուրքական ու առավելապես կրոնական ուղղվածության լսարանի վրա ազդելու: Ուստի հենց դա է պատճառը, որ պարբերաբար պաղեստինա-իսրայելական հարաբերությունների լարվածության ֆոնին ամենառաջինն ու կոշտը արձագանքում է Թուրքիան: Այս ամենն առավել ակնհայտ է դարձել Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից երկրի կառավարման ղեկը ստանձնելուց հետո:

Թուրքիայի կողմից սկսված հակաիսրայելական արշավում ներգրավվելուց, կարծես թե ամեն կերպ փորձում է խուսափել Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը, ով մուսուլմանական երկրների շարքում թերևս ամենաջերմ հարաբերություններն ունի Իսրայելի հետ: Արդյո՞ք նման իրավիճակը հակասական չէ: Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին այս ամենը որևէ կերպ անդրադառնու՞մ է:

Ադրբեջանի հակասական դիրքորոշումը թուրք-իսրայելական հարաբերությունների համատեքստում պայմանավոված է այն իրողությամբ, որ այդ լարվածությունն իրականում խորքային բնույթ չի կրում: Կարելի է ասել, որ թուրքական կողմը պարզապես քաղաքական և քարոզչական նպատակներ հետապնդելով` իր գործողությունները բնավ էլ չի տանում ավելի խորքային հարթություն, այսինքն՝ երկկողմ հռետորաբանությունից կամ այսպես կոչված «բանավոր փոխհրաձգությունից» առավել խորքային գործողությունների չեն անցնում, քանի որ երկու կողմի համար էլ հույժ կարևոր են հարաբերությունները` բոլոր հարթություններում: Կարելի է փաստել, որ նրանցից ոչ մեկն էլ չի ցանկանում սրել և հարաբերությունների բնույթը վերածել թշնամականի:

Նույն այս համատեքստում էլ կարելի է դիտարկել Ադրբեջանի դիրքորոշումը, որը փորձում է իր սեփական շահերը և քաղաքական կուրսը չնույնացնել Թուրքիայի քաղաքականության հետ` փորձելով հնարավորինս զերծ մնալ լարվածության ազդեցությունից:

Ինչպես անցյալ տարիներն են ցույց տվել, երբ Իսրայելի ու Թուրքիայի միջև բացակայում էին քաղաքական հարաբերությունները, Ադրբեջանն իր դիվանագիտական ներկայացուցչության և ադրբեջանական լոբբիի միջոցով փորձում էր նաև ներկայացնել Թուրքիայի շահերը: Եվ կարելի է փաստել, որ հենց դրանով է պայմանավորված Ադրբեջանի դիրքորոշումն ու դերակատարությունը թուրք-իսրայելական հարաբերությունների հետ կապված:

Հատկանշական է նաև այն փաստը, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները բավական կարևոր են երկու երկրների համար էլ, քանի որ դրանք ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլ նաև ռազմավարական նշանակություն ունեն` հաշվի առնելով երկու երկրների ընդհանուր շահերը նաև Մերձավոր Արևելքում առկա մի շարք խնդիրները` մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի հետ կապված, որի հանգուցալուծման որևէ ձևաչափում Իսրայելը միշտ Ադրբեջանին դիտարկել է որպես անհրաժեշտ պլացդարմ` Իրանի դեմ գործողությունների համար:

— Թուրք-իսրայելական լարվածության այս փուլում ևս ականատես եղանք Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի շահարկման: Ինչպե՞ս կգնահատեք նման շահարկումները և արդյո՞ք Հայաստանն ունի գործիքակազմ դա կանխելու համար:

Երկու երկրների հարաբերություններում, իհարկե, անընդունելի են երրորդ երկրի կամ ժողովրդի ազգային ողբերգությունը շահարկելու որևէ քաղաքական քայլ: Սակայն, այնուամենայնիվ, ականատես ենք լինում, որ Իսրայելի կողմից ավանդույթ է դարձել, ու փաստացի  արդյունավետ գործիքակազմ է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածության ընթացքում կիրառելը: Ու տպավորություն է ստեղծվում, որ Իսրայելի կողմից վերոնշյալ իրադրության ցուցադրումն էլ միայն բավարար է Թուրքիայից անհրաժեշտ զիջումներ կորզելու համար:

Այս համատեքստում հատկանշական է այն փաստը, որ ՀՀ մինչ այժմ երբևէ չի արձագանքել Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման տարբեր շահարկումներին: Քանի դեռ չկա հստակ գործընթաց, դրա անհրաժեշտությունը ևս չկա, քանզի առավել քան պարզ է, որ խնդրո առարկան պարզապես շահարկման թեմա է:

Պաշտոնական Երևանը պետք է արձագանքի միայն այն ժամանակ, երբ ի վերջո Քնեսեթը կամ Իսրայել պետությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որի դեպքում պատշաճ արձագանքն իրեն ուշացնել չի տա, ինչպես եղել է մյուս շուրջ երեք տասնյակ երկրների դեպքում, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Իսկ շահարկման արձագանքելու գործառույթը պետք է դրվի Իսրայելում հայկական համայնքի ներկայացուցիչների վրա, ովքեր պետք է պահանջեն սեփական պետությունից չշահարկել մեր ժողովրդի ազգային ողբերգությունը:

Եվ առհասարակ պետք է Հայաստան և հայկական սփյուռք հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա դրվեն, ստեղծվեն փոխգործակցության,  համագործակցության նոր մեխանիզմներ առաջացած խնդիրներն առավել արդյունավետ լուծելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 34%
Քամի՝ 11.27 կմ/ժ
26 C°
 
17°  26° 
20.06.2018
16°  28° 
21.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: