ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանն առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով. Լավրով

mid.ru

Քննարկումների ֆոնին, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մեր երկրի արտաքին քաղաքական կուրսը ենթարկվելու է փոփոխությունների, տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի առաջին աշխատանքային այցը Մոսկվա, որն, ի դեպ, նրա առաջին արտերկրյա այցն էր: Այցի ընթացքում ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հիշեցնենք, որ երկու նախարարների բանակցությունները տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սոչիում կայացած առաջին հանդիպումից մի քանի շաբաթ անց:

Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է Ռուսաստանի հետ փոխգործակցության խորացմանն ու ամրապնդմանը, դա շարունակում է մնալ երկրի առաջանահերթություններից, և Հայաստանը մտադիր է առավել ընդլայնել ՌԴ հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում:

Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է բարձր մակարդակի զարգացող քաղաքական երկխոսություն: ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում առաջնորդվում է Մոսկվայի հետ համագործակցության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով:    
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն անձամբ, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էին, որ արտաքին քաղաքականության փոփոխության հարցը Հայաստանում օրակարգային չէ:

Նախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է, և ռուսական կողմը շարունակում է հայտարարել, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, քանի որ այն շարունակում է մնալ հակամարտության կարգավորման լավագույն ձևաչափը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կրկին հայտարարելով, որ պնդում է, որ բանակցային գործընթացին մասնակցի նաև Արցախի Հանրապետությունը, ինչի հետ կապված ՌԴ ԱԳ նախարարը հստակեցրել է. «Եթե կողմերը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը կրկին ներկայացված է լինելու բանակցություններին, դա կլինի իրենց որոշումը, և մենք կհարգենք այն»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև առևտրա-տնտեսական համագործակցությունը: Լավրովի խոսքով, Ռուսաստանի և Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին նպաստում է երկու երկրների առևտրա-տնտեսական կապերի ամրապնդմանը:

Լավրովի խոսքով, Ռուսաստանի և Հայաստանի միջև զարգանում են նաև խորհրդարանական կապերը: Նա հավելել է, որ իր հայ գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վառելիքի, ինչպես նաև հեռուստահաղորդակցության և բանկային համակարգի հետ կապված նախագծերին:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ կայացել են լավ բանակցություններ, որոնք անցել են կառուցողական, փոխվստահության մթոնոլորտում և մեր պետությունները կապող գործընկերային հարաբերությունների, մեր ռազմակավարական համագործակցության ոգով: Լավրովը գոհունակություն է հայտնել այն բանակցությունների արդյունքներից, որոնք, իր համոզմամբ, նպաստելու են Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանը: Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հրավիրել է այցելել Երևան:  

Հիշեցնենք, որ Մնացականյանն ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվել է մայիսի 12-ին՝ փոխարինելով Էդվարդ Նալբանդյանին, ով ՀՀ ԱԳՆ-ն ղեկավարել է 2008-2018 թվականներին: Մնացականյանն ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը (МГИМО) և 1991 թվականից աշխատել որպես դիվանագետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: