ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Բրանսոն» օպերացիա. թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարները

AP

Ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումը թուրքական բանտից թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջընթացի հնարավորություն է ստեղծում: Թուրքական իշխանությունների կողմից ամերիկացի հոգևորականի ձերբակալությունը գրեթե մեկ տարի շարունակ համարվում էր երկկողմ հարաբերությունների ամենախնդրահարույց հարցը` հետին պլան մղելով, այդ թվում նաև, կողմերի միջև առկա աշխարհաքաղաքական տարաձայնությունները:

Սա միանգամայն հասկանալի է` հաշվի առնելով, որ ամերիկյան գործող հանրապետական վարչակազմի հիմնական հենարանն ավետարանչականներն են, և Թրամփի վարչակազմի վրա Բրանսոնի հարցում լոբբիստական զգալի ճնշում էր գործադրվում, ինչով էլ բացատրվում են Վաշինգտոնի կտրուկ քայլերը` պատժամիջոցների սահմանում թուրք պաշտոնյաների նկատմամբ, անգամ դիվանագիտական հարաբերությունները խզելու մտադրություն:

Նշենք, որ Բրանսոնի ազատ արձակումը և´ ԱՄՆ-ի, և´ Թուրքիայի համար ավելի շատ ներքաղաքական, քան երկկողմ հարաբերությունների խնդիրներ էր կարգավորում: Այսպես, Թրամփի համար այս փուլում Բրանսոնի ազատ արձակմանը հասնելը կարևոր էր, քանի որ նոյեմբերին կայանալու են Կոնգրեսի ընտրություններ և առանց ավետարանչականների աջակցության, դեմոկրատների հաղթանակը կարելի էր համարել երաշխավորված: Իսկ Թուրքիայի դեպքում Բրանսոնի գործում ԱՄՆ կիրառած պատժամիջոցները հանգեցրել էին թուրքական լիրայի էական արժեզրկմանը` խորացնելով երկրում առկա տնտեսական ճգնաժամը: Նման իրավիճակի պահպանումը կարող էր սոցիալ-տնտեսական հուզումներ առաջացնել երկրում:

Սակայն, ինչպես նշեցինք, Բրանսոնի գործը թուրք-ամերիկյան հարաբերությունների միակ տարաձայնությունը չէ: Այսպես, թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածության աղբյուրներ են շարունակում մնալ Սիրիայի քրդերին Վաշինգտոնի ցուցաբերած աջակցությունը, Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթա-հրթիռային համակարգերի ձեռքբերումը, Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը և այլն:

Այժմ, երբ Բրանսոնի գործն արդեն կարգավորված է, վերոնշյալ հարցերի շուրջ կողմերի միջև երկխոսությունը հնարավոր է դառնում: Այսպես, Թուրքիայի համար ամերիկյան աջակցությունը քրդերին այլևս այդքան ցավոտ չի ընկալվում. նախ` Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարտությունից հետո քրդերի նշանակությունը ամերիկացիների համար զգալի նվազել է, երկրորդ` Թուրքիան հաջող ռազմական գործողությունների և դիվանագիտական քայլերի արդյունքում վերահսկողություն է սահմանել Սիրիայի հյուսիսային շրջանների զգալի մասի նկատմամբ, և վերջապես` չպետք է մոռանալ, որ Սիրիական հակամարտության կարգավորման հարցում Անկարայի մոտեցումը միանգամայն տարբերվում է Սիրիայում իր հիմնական դաշնակիցներ Ռուսաստանի և Իրանի մոտեցումից, ուստի Անկարան հետաքրքրված է Սիրիայում ամերիկյան դիրքերի պահպանմամբ:

Ռուսական C-400 համակարգերի հարցում էլ երկխոսության որոշակի նախադրյալներ կան: էրդողանը չի պատրատվում հրաժարվել Ռուսաստանի հետ այս գործարքից, և դա հստակ գիտակցում են նաև ԱՄՆ-ում: Թրամփի վարչակազմն այս հարցում, կարծես թե, ավելի շատ հակված է, ի նկատի ունենալով այս գործարքը, պահպանել Թուրքիայի հետ ռազմական խորը համագործակցությունը և այդպիսով Թուրքիային հետ վերադարձնել իր ուղեծիր: Թերևս այս մասին է խոսում Թրամփի վարչակազմի շահագրգռվածությունը` վերականգնելու Թուրքիային նոր սերնդի F-35 կործանիչների մատակարարման գործարքը:

Ինչ վերաբերում է Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելուն, ապա պետք է նկատել, որ ԱՄՆ-ը միայն շատ մեծ գնի դիմաց կարող է գնալ այդ քայլին, քանի որ Գյուլենը Թուրքիայում իր ազդեցության էական գործոն է: Միևնույն ժամանակ Գյուլենին ստանալու հարցն էրդողանի համար իր միանձնյա իշխանությունն օրինականացնելուց հետո այլևս նույն նշանակությունը չունի: Ուստի, այս խնդիրը ևս կմնա երկկողմ հարաբերությունների օրակարգում, սակայն դրանց զարգացման համար էական խոչընդոտ չի հանդիսանա:

Այսպիսով, Բրանսոնի գործում ազատվելով լոբբիստական ճնշումից` Թրամփը հնարավորություն է ստանում անել այն, ինչ նախատեսել էր մերձավորորևելյան իր առաջին շրջագայության ժամանակ` ազատվել Օբամայից ստացած «ծանր ժառանգությունից»: Եվ թերևս Բրանսոնի գործում լոբբիստական ճնշումն էր, որ թույլ չէր տալիս Թրամփի վարչակազմին քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, ինչպես դա տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի դեպքում: Ի դեպ, Բրանսոնի գործում առաջընթացի ֆոնին Թուրքիան և ԱՄՆ-ն արդեն ունեն բավականին հաջող համագործակցության օրինակ` ի դեմս սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշկաջի անհետացման հետաքննության:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: