ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Brexit․ խաղ, որում պարտվում են բոլորը

Andy Rain / EPA/Shutterstock

Ավարտին են հասցվել Եվրամիության և Մեծ Բրիտանիայի բանակցությունները ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների շուրջ։ 500 էջից ավելի ծավալ ունեցող փաստաթուղթը դրվելու է բրիտանական և եվրոպական կողմերի սեղաններին՝ հաստատում ստանալու նպատակով։ «Մենք կասկած չունենք, որ Brexit–ը խաղ է, որում պարտվում են բոլորը, և որ մեր բանակցությունների նպատակն է միայն վերահսկել հասցվող վնասը»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ բանակցությունների ավարտի կապակցությամբ։

Նոյեմբերի 15-ին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը փաստաթուղթը ներկայացրեց Համայնքների պալատին(խորհրդարան), որը պետք է տա իր համաձայնությունը։ Փաստաթուղթը խիստ քննադատության արժանացավ՝ հարցերին միայն արտաքին «ձևական» լուծումներ տալու, բրիտանացիների շահերը չարտահայտելու, «հում» փաստաթուղթ բերելու համար։ Այդ թվում՝ որոշ պատգամավորներ արտահայտվում էին Եվրամիության կազմում մնալու և Brexit-ի գործընթացը կանգնեցնելու, հարցը կրկին հանրաքվեի դնելու օգտին, ինչին վարչապետը պատասխանեց, որ Brexit-ը ժողովրդի կամարտահայտության արդյունքն է, և Մեծ Բրիտանիան միևնույն է դուրս կգա ԵՄ կազմից, հարց է միայն՝ հետագա հարաբերությունները կարգավորող փաստաթղթով, թե` առանց դրա։ Միևնույն ժամանակ, Թերեզա Մեյն ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս շաբաթվա ընթացքում համաձայնագրում դեռևս հնարավոր են որոշակի փոփոխություններ և շտկումներ։

Եվրամիությունն, իր հերթին, պետք է հաստատի փաստաթուղթը։ Այն այժմ ուսումնասիրում են ԵՄ անդամ երկրները, մինչև շաբաթվա վերջ 27 երկրների դեսպանները կհանդիպեն՝ կիսվելու իրենց մոտեցումներով, ինչպես նաև մանդատ կտան Եվրահանձնաժողովին՝ ավարտին հասցնելու ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի  հետագա հարաբերությունների վերաբերյալ քաղաքական հայտարարության շուրջ բանակցությունները։ Այնուհետև, Եվրոպական Խորհրդի նախագահի խոսքերով, եթե արտառոց ոչինչ չպատահի, նոյեմբերի 25-ին կացնկացվի ԵՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Դրա ընթացքում վերջնականապես կհաստատվի Բրիտանիայի հետ գործարքը։

Այնուհետև փաստաթուղթը վավերացման կդրվի Եվրախորհրդարանում և Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։

Ինչպե՞ս են լուծվելու բարդ հարցերը

Ամենաբարդ հարցերից մեկն Իռլանդիայի Հանրապետության և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի հարցն է։ Այս հարցի շուրջ վերջնական համաձայնություն ձեռք բերելու համար սահմանվել է անցումային շրջան՝ մինչև 2020թ․ հուլիսի 1-ը, որը կարող է երկարացվել մինչև 2021թ․ հունվար։ Այդ ընթացքում կհաստատվի ԵՄ-ՄԹ միասնական մաքսային տարածքը, որը կտարածվի բոլոր ապրանքների վրա՝ բացառությամբ ծովային մթերքների։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ջանքեր գործադրել՝ վերջնական լուծմամբ խուսափելու կոշտ սահմանի ներդրումից։ Բացի այդ, Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի միջև շարունակելու է գործել ազատ տեղաշարժի համաձայնագիրը(The Common Travel Area arrangements) և պահպանվելու է Էլեկտրաէներգիայի միասնական շուկան։

Մյուս կարևոր հարցը քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է։ Համաձայնագրով հաջողվել է երաշխավորել նախքան անցումային փուլի ավարտը Մեծ Բրիտանիայում բնակվող 3 մլն ԵՄ քաղաքացիների և ԵՄ երկրներում բնակվող 1 մլն բրիտանացիների իրավունքների պաշտպանությունն իրենց բնակության համայնքներում։ Նաև նրանց ընտանիքների անդամներին, ում նման իրավունք էր ընձեռվել անցյալում, հնարավորություն է տրվում միանալ նրանց։

Բացի այդ, Մեծ Բրիտանիան և ԵՄ պարտավորվել են կատարել մինչ այդ եղած բոլոր ֆինանսական պարտավորությունները։

Բոլոր ոլորտների կարգավորման համար հիմք է ընդունվել փափուկ անցման սկզբունքը, որը ենթադրում է անցումային փուլի կիրառում: Այդ ընթացքում ԵՄ-ն կվերաբերվի Բրիտանիային, որպես իր անդամ երկրի՝ բացառությամբ ԵՄ ինստիտուտներում ներգրավման իրավունքի։ Դա պետք է հնարավորություն տա մասնավոր հատվածին և քաղաքացիներին ադապտացվելու նոր պայմաններին։

Նշենք, որ ընդհանուր անցումային փուլը սահմավել է մինչև 2020թ․ դեկտեմբերի 31-ը։

Բրիտանիան կարող է դուրս գալ առանց համաձայնագրի

Չնայած նրան, որ երկար և բավական բարդ բանակցությունների արդյունքում փորձ է արվել լուծում տալ գրեթե բոլոր հարցերին, երկու կողմն էլ դժգոհ է առկա համաձայնագրից, և ակնկալվում է, որ երկուսի համար էլ այս բաժանումը ցավոտ է լինելու։ Եվ այսօր, չնայած բանակցությունների ավարտված լինելուն, դեռևս միանշանակ չէ, որ Բրիտանիան ԵՄ-ից դուրս կգա հետագա հարաբերությունները կարգավորող համաձայնագրով։ Պատահական չէ, որ այսօր էլ Թերեզա Մեյը հայտարարում էր, որ շարունակում է գործողությունների ծրագիր մշակել այն դեպքի համար, եթե համաձայնագիրը չհաստատվի։

Այն բանից հետո, որ Թերեզա Մեյը հայտարարեց, թե ստացել է կառավարության համաձայնությունը փաստաթղթի վերաբերյալ, հրաժարական տվեցին Մեծ Բրիտանիայի կառավարության երեք նախարարներ՝ Brexit-ի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը, Աշխատանքի և կենսաթոշակների հարցերով նախարար Էսթեր Մակվեյը և Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարար  Շեյլեշ Վառան։ Նրանք հայտարարել են, որ համաձայնելով այս գործարքին` Բրիտանիայի կառավարությունը չի կատարում 2017թ․ նախընտրական շրջանում իր տված խոստումը։

Էսթեր Մակվեյը վարչապետին ուղղված իր նամակում հայտարարել է, որ համաձայնագիրը չի համապատասխանում հանրաքվեի արդյունքներին և նշել է․ «մենք «գործարքի բացակայությունն ավելի լավ է վատ գործարքից» բանաձևից եկել ենք «ցանկացած գործարք լավ է գործարքի բացակայությունից» բանաձևին»։ Իսկ Դոմինիկ Ռաաբը նշել է, որ Հյուսիսային Իռլանդիայի շուրջ ձեռք բերված պայմանավորածությունը հարցականի տակ է դնում Մեծ Բրիտանիայի ամբողջականությունը։

Այժմ Մեծ Բրիտանայի խորհրդարանի՝ Համայնքների Պալատի կողմից համաձայնագրի հաստատումը կասկածի տակ է։ Թերեզա Մեյին Պահպանողական կուսակցությունից զատ հարկավոր է ևս 10 ձայն Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական Ունիոնիսական կուսակցությունից, բայց սրան նախորդած գործընթացը կասկածի տակ է դնում նույնիսկ պահպանողականների միանշանակ աջակցությունը վարչապետին։ Դրանից կախված է լինելու նաև Թերեզա Մեյի ճակատագիրը՝ այժմ խորհրարանում կարող է մեկնարկել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, ինչի համար նամակներ հավաքելու կոչեր հնչեցին այսօր։

Ամփոփելով կարող ենք նշել, որ Թերեզա Մեյը բավական բարդ բանակցությունների ընթացքում փորձեր է լուծումներ գտնել՝ ապահովող ԵՄ կողմից որոշակի երաշխիքներ, սակայն գտնված լուծումները չեն բավարարում իր աջակիցներին և հարցականի տակ են դնում ոչ միայն համաձայնագրի հետագա ճակատագիրը, այլև վարչապետի կարիերան։ Գործընթացի ճակատագիրն այս փուլում հայտնի կդառնա մինչև հաջոր շաբաթվա ավարտը։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: