ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպան առաջի՞նը. ԵՄ-ում դժգհում են Թրամփի «եսասիրական» քաղաքականությունից

epmmagazine.com

ԱՄՆ-ի և ԵՄ երկրների միջև հարաբերությունները Դոնալդ Թրամփի օրոք գնալով ավելի են լարվում: Թրամփի և նրա վարչակազմի` ԵՄ-ի հետ վերջնագրերով խոսելու և անդամ երկրների ղեկավարներին քննադատելու գործելաոճը կարծես թե լցրել է ԵՄ երկրների առաջնորդների համբերության բաժակը: Վերջիններս մեկ անգամ չէ, որ քննադատել են նախագահ Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը` հայտարարելով, որ Եվրամիության համար եկել է «իր ուժն ու ազդեցությունը կորցրած» ԱՄՆ-ին փոխարինելու և միջազգային ասպարեզում սուվերեն խաղացող դառնալու ժամանակը:

Հարկ է նշել, որ ԵՄ-ի կողմից նման քայլի դիմելու պատճառներից մեկը թերևս այն է, որ Թրամփն ու իր վարչակազմը ԵՄ անդամ երկրների հետ հարաբերվում են ոչ թե «հավասարը հավասարի հետ» սկզբունքով, այլ միջազգային ասպարեզում որպես երկրորդական դեր ունեցող երկրների միության:  Բացի այդ, Թրամփը շարունակաբար ընդգծում է, որ ԵՄ-ին դիտարկում է ոչ թե որպես դաշնակցի, այլ որպես հակառակորդի` նշելով, որ ԵՄ-ն ստեղծվել է առևտրի ոլորտում ԱՄՆ-ին օգտագործելու համար: Պատճառներից մյուսը կապված է ԱՄՆ կողմից 2015 թվականին Իրանի հետ կնքված միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նավթային սեկտորի հետ առնչություն ունեցող բոլոր կազմակերպությունների և անհատների ֆինանսական ակտիվները սառեցնելու հետ, ինչի հետևանքով եվրոպական բազմաթիվ ընկերություններ զրկվել են միաժամանակ Միացյալ Նահանգների և Իրանի հետ բիզնես վարելու հնարավորությունից:  ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով եվրոպացիները չեն կարող ընդունել այն փաստը, որ այլ երկրի հետ իրենց օրինական բիզնեսը վարելու վերաբերյալ Թրամփը պետք է որոշում կայացնի:

Նշենք, որ այս պատճառով էլ ԵՄ երկրները փորձում են շարժվել Վաշինգտոնից նախևառաջ ֆինանսական անկախություն ձեռք բերելու ուղիով: Դրա վառ օրինակներից մեկը ֆրանսիացի և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների փորձերն են շրջանցելու ԱՄՆ-ի ֆինանսական գերիշխանությունը և վերջինիս կողմից սահմանված պատժամիջոցները: Այս կապակցությամբ Փարիզի և Բեռլինի կողմից առաջարկվող գաղափարների թվում են, օրինակ, եվրոյի դերի ընդլայնումը, այլընտրանքային գլոբալ վճարային համակարգի ստեղծումը, որը զերծ կլինի ԱՄՆ ազդեցությունից, ինչպես նաև ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանվելու համար Եվրոպական արժույթի հիմնադրամի ստեղծումը, որն էլ հնարավորություն կտա ապահովել եվրոպական ընկերությունների անկախությունը և պաշտպանությունը:

Բացի այդ ԵՄ երկրներից մի քանիսը փորձ են կատարում անկախության հասնել նաև ռազմական ոլորտում: Այս համատեքստում է դիտարկվում վերջերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` համաեվրոպական բանակ ստեղծելու մասին արված հայտարարությունը, որում վերջինս հստակ նշեց, որ Ֆրանսիան Վաշինգտոնի դաշնակիցն է, այլ ոչ թե վասալը, ինչն էլ անմիջապես հավանության արժանացավ Մերկելի կողմից: Նշենք, որ համաեվրոպական բանակ ստեղծելու մտադրությունը պայմանավորված  նաև այն հանգամանքով, որ Վաշինգտոնը շարունակաբար  մեղադրում է եվրոպացիներին «անշնորհակալ» լինելու համար, քանի որ չեն ցանկանում պատշաճ կերպով վճարել այն անվտանգության համար, որը ԱՄՆ-ն ապահովում է իր հաշվին: Հենց այս հռետորաբանության համատեքստում էլ Թրամփը եվրոպական բոլոր երկրներին կոչ արեց Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության համար արվող ծախսերն ավելացնեն ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով՝ ծախսերի ընդհանուր ծավալը հասցնելով ՀՆԱ-ի 4 տոկոսի, ինչն էլ բողոքի մեծ ալիքի պատճառ դարձավ ԵՄ անդամ որոշ երկրներում:

Նշենք, որ իրականում եվրոպացիները կարող են ինքնուրույն ապահովել իրենց տնտեսական և ռազմական անվտանգությունը: Միասին վերցրած եվրոպական երկրներն ունեն նույն տնտեսական կշիռն ու ռազմական ուժը, ինչ Միացյալ Նահանգները: Եվ չնայած նրան, որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ գերիշխող համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգում, սակայն վերջին շրջանում դոլարը եվրոյով փոխարինելու հավանականությունը նույնպես մեծացել է:  

Սակայն ինչքանով կհաջողվի եվրոպացիներին առաջնորդվել «Եվրոպան առաջինը» կարգախոսով, դժվար է ասել: Որքան էլ ԵՄ անդամ երկրները քննադատեն ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը ու փորձեն ցույց տալ, որ այլևս չեն հանդուրժելու ԱՄՆ վարչակազմի որդեգրած վերաբերմունքը, այնուամենայնիվ, նրանք քաջ գիտակցում են, որ ունեն ԱՄՆ-ի կարիքն այնքանով, որքանով ԱՄՆ-ն ունի ԵՄ-ի կարիքը: Բացի այդ, հարկ է նաև նշել, որ ցանկացած բարձրաձայնված գաղափար պետք է հավանության արժանանա ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից: Եվրոպան չունի ներքին միասնություն: Եվրոպական խորհրդի կողմից արված հարցումները արտաքին հարաբերությունների հարցերով ցույց են տալիս, որ առնվազն 11 եվրոպական երկիր համարում է, որ ունի «հատուկ հարաբերություններ» Միացյալ Նահանգների հետ և դրանց շնորհիվ ԱՄՆ-ից ստանում է այն, ինչ չի կարողանում ստանալ եվրոպական գործընկերներից: Հարկ է նաև նշել, որ ԵՄ-ում գոյություն ունեն մի շարք պետություններ, որոնք «ապրում են Բրյուսելի հաշվին», սակայն ենթարկվում են միայն Վաշինգտոնին, այդ պետություններից են օրինակ Լեհաստանը, Բալթյան երկրները, Ռումինիան, Բուլղարիան: Բացի այդ, հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ԵՄ երկրներում չկան ղեկավարներ, որոնց խոսքը կարող է ընդունելի լինել բոլոր երկրների կողմից: Մակրոնը, որը մեկուկես տարի առաջ իր նախագահական գործունեությունը սկսեց որպես աներևակայելի խոստումնալից քաղաքական գործիչ, այժմ շատ ցածր վարկանիշ ունի: Միգրացիոն գործընթացում Մերկելի ընտրած քաղաքականությունը քննադատության է արժանանում ԵՄ անդամ գրեթե բոլոր երկրների կողմից, իսկ Մեծ Բրիտանիան արդեն իսկ ԵՄ-ն լքելու նախաշեմին է գտնվում:  Եվ քաջ գիտակցելով այս ամենը` Թրամփն ու իր վարչակազմը հեշտությամբ շարժվում են հարցերն ի օգուտ ԱՄՆ-ի լուծելու ուղղությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: