ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ արտաքին քաղաքականություն է առաջարկում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ ձեր ուշադրությանն են ներկայացնում ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերից «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի այն հատվածները, որոնք վերաբերում են Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Զուգահեռաբար, ներկայացնում ենք նաև կուսակցության ծրագրի արտաքին քաղաքական դրույթները։

«Լուսավոր Հայաստան » կուսակցության նախընտրական ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժնում մասնավորապես ասվում է.  

«Գիտակցելով միջազգային բարդ իրավիճակը և ուրվագծվող աշխարհաքաղաքական միտումները, մասնավորապես՝ արագընթաց զարգացումները աշխարհում, գործող աշխարհակարգի ճգնաժամն ու դրա ծնած ռիկսերը, Հայաստանը պարտավոր է իրագործել երկրի կայուն անվտանգությունն ու զարգացումը երաշխավորող հավասարակշիռ, ճկուն և հեռատես արտաքին քաղաքականություն։

Արտաքին աշխարհում մեր ազգային շահերի պատշաճ ապահովման համար առաջնային է փոխշահավետ գործակցային հարաբերությունների հաստատումը Եվրամիության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Իրանի, Իսրայելի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների հետ՝ հնարավորինս զերծ մնալով աշխարհաքաղաքական ազդեցություններից, տրամաբանությունից ու Հայաստանի պոտենցիալ դաշնակիցների միջև առկա հակասություններից։

Եվրոպական Միություն: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է Համապարփակ և Ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Լուսավոր Հայաստան կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի և Եվրոպական Միության միջև կա բավականին մեծ չօգտագործված պոտենցիալ, որը օգտագործելու համար պետք է ավելի խորացված հարաբերություններ ունենալ Եվրոպական Միության հետ, այն է՝ նախաձեռնել ռազմավարական գործընկերության ձևավորում Հայաստանի և ԵՄ-ի միջև։ Հայաստանը պետք է նախաձեռնողական վարքագիծ դրսևորի համաեվրոպական գործընթացներում և կառույցներում՝ ներկայանալով որպես Եվրոպական Միության և առաջատար երկրների համար տարածաշրջանում եվրոպական քաղաքակրթության և ժողովրդավարության արժեքների իրական կրող։ Դրա համար անհրաժեշտ են ներքին համակարգային համապարփակ բարեփոխումներում արտաքին քաղաքական հարաբերությունների դիվերսիֆիկացիա։


ԵԱՏՄ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, 2017-ին հանդիսանալով ԵԼՔ դաշինքի հիմնադիր անդամ, նրա ծրագրում արձանագրել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եղել է մեկ գիշերում կայացրած քաղաքական սխալ որոշում։ Մեր կուսակցության համար հիմք է հանդիսացել գլխավորապես այն հանգամանքը, որ 2013-ին ԵԱՏՄ-ին անդամակցության որոշումը չի հանդիսացել Հայաստանի ինքնաբավ արտաքին քաղաքականության դրսևորում և, ըստ էության, եղել է պարտադրված երկընտրանքի հետևանք՝ ընտրություն կատարել Եվրոպական ասոցացման համաձայնագրի կամ ԵԱՏՄ անդամակցության միջև։

2017թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո երկրում տեղի են ունեցել ֆունդամենտալ փոփոխություններ, որոնք ստեղծել են միանգամայն նոր իրավիճակ ու համատեքստ։

Նախ՝ Հայաստանին վերջապես հաջողվեց, լինելով ԵԱՏՄ անդամ, ԵՄ-ի հետ ստորագրել և վավարեցնել CEPA-ն՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Երկրորդ՝ 2018թ-ի մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը էապես մեծացրել է Հայաստանի սուբյեկտությունը, ինչը բացառիկ հնարավորություն է ստեղծել արտաքին քաղաքական հարաբերություններում վարել արժանապատիվ՝ հավասարը-հավասարի գործընկերային քաղաքականւթյուն։ Նոր իրավիճակի արդյունքում հնարավոր է դարձել ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՄ, ԵԽ և այլ միջազգային կառույցներում հանդես գալ Հայաստանի շահերից բխող արտաքին քաղաքականությամբ։

Նոր իրողությունները թույլ են տալիս արձանագրել, որ հնարավորություն է ստեղծվել բոլոր միջազգային հարթակներում, այդ թվում՝ եվրասիական ինտեգրացիոն նախագծերում գործել ի շահ Հայաստանի և զարգացնել Հայաստանի տնտեսությունը։ Լինելով ԵԱՏՄ միության անդամ՝ Հայաստանը արդյունավետ փոխգործակցության միջոցով պետք է առավելագույնս իրացնի տնտեսական հնարավորությունները գործընկեր երկրների հետ, պահպանելով իր ինքնիշխանությունը և առաջ մղելով մեր պետության շահերը։ Ավելին, Հայաստանը պետք է անի հնարավոր ամեն բան՝ եվրասիական և եվրոպական կառույցների միջև համագործակցության հարթակ դառնալու համար։

Միևնույն ժամանակ, «Լուսավոր Հայաստանը» հանդես է գալիս իրապես դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու դիրքերից ու համարել ու համարում է, որ անթույլատրելի է Հայաստանի եվրասիական զարգացումը միակն ու անփոխարինելին համարելը։ Վստահաբար՝ աշխարահաքաղաքական, տարածաշրջանային յուրաքանչյուր ստատուս-քվո պահանջում է նոր ու կրեատիվ լուծումներ ու մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի ճկուն՝ հնարավոր մարտահրավերները չեզոքացնելու ու նոր հնավորություններն արդյունավետորեն օգտագործելու համար։

Ռուսաստանի Դաշնություն: Ռազմավարական, բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ պետք է պահպանվեն՝ հիմնվելով հավասարության, փոխվստահության և փոխշահավետության սկզբունքների վրա՝ խրախուսելով բազմահարթակ ու բազմաշերտ համագործակցությունը։ Արժևորելով Ռուսաստանի դերը՝ որպես ռազմավարական գործընկեր, պետք է հարաբերությունները տեղափոխել արժանապատվության, փոխշահավետ համագործակցության հարթություն:

ԱՄՆ։ Անհրաժեշտ է ընդլայնել համագործակցության դաշտը ԱՄՆ-ի հետ՝  ինչպես տնտեսական և մշակութային, այնպես էլ քաղաքական ասպարեզում։ ԱՄՆ-Ռուսաստան տարաձայնությունների ազդեցության նվազեցումը և մեր պետության շահերի առաջ մղումը պետք է լինեն գերակա։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների քաղաքական օրակարգը պետք է ընդգրկի ավելի լայն շրջանակ՝ ներառելով տնտեսական ներդրումային ողջ ներուժը։
Վրաստան, Իրան։ Ձեռնարկել բոլոր միջոցները ամրապնդելու համար համապարփակ և գործընկերային սերտ և անքակտելի հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ՝ հիմնված փոխվստահության և գործընկերության շարունակական ամրապնդման և զարգացման վրա բոլոր ոլորտներում»։ 

Կուսակցության նախընտրական ծրագրում Արցախյան հիմնահարցը ներկայացված է առանձին բաժնով, որում մասնավորապես ասվում է.  

«Արցախյան հիմնահարցի լուծման և Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխիքը Հայաստանի հզոր տնտեսությունն է: Ունենալով հզոր տնտեսություն՝ Հայաստանը կարող է առավել ինքնավստահ և ուժեղ դիրքերից հանդես գալ դիվանագիտության ոլորտում, հարկ եղած դեպքում՝ նաև ռազմական հակամարտության վերսկսման պայմաններում: Ընդ որում՝ Արցախի հիմնախնդիրը կարելի է լուծել միմիայն առաջավոր, դիվերսիֆիկացված, իրավունքի գերակայության պայմաններում զարգացող տնտեսություն կառուցելու միջոցով: Ուստի, բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում են Հայաստանի տնտեսական զարգացմանը, էականորեն վնասում են արցախյան հարցի կարգավորմանը, թուլացնում են Հայաստանի ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական հնարավորությունները: Սատարում ենք արցախյան խնդրի արդար և խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Զուգահեռաբար մտադիր ենք ավելացնել մեր պաշտպանական հզորությունները՝ վերականգնելով խախտված տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունը։ Արցախի քաղաքական և տնտեսական զարգացումը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության կարևորագույն առաջնահերթություն։

Շարունակելու ենք աջակցել Արցախի Հանրապետությունը՝ որպես բանակցային լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ գործադրվող ջանքերին։ 

Ազգային արտաքին շահերի արդյունավետ իրագործումը պետք է վստահվի բացառապես բարձր մասնագիտական պատրաստվածություն և իրական փորձառություն ունեցող արհեստավարժ դիվանագետների։ Անհրաժեշտ է մշակել ՀՀ արտաքին քաղաքականության նոր տեսլական, ընդունել «ՀՀ արտաքին քաղաքական հայեցակարգը», բարեփոխել Դիվանագիտական ծառայության մասին օրենքը, իրավիճակին համահունչ արդիականացնել արտաքին քաղաքականությունն իրականացնող գերատեսչության համակարգն ու գործելակերպը»։

 

«Լուսավոր Հայաստան » կուսակցության ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժնում նշվում է․ ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախանշել և իրականացնելու է հավասարակշռված, պետականամետ արտաքին քաղաքականություն՝ ուղղված

  • Հայաստանի Հանրապետության համակողմանի ու կայուն զարգացմանը,
  • անվտանգության ապահովմանն ու միջազգային հեղինակության բարձրացմանը,
  • օտարերկրյա ներդրումների ավելացմանը,
  • արտերկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայ համայնքի շահերի պաշտպանությանն ու առաջխաղացմանը,
  • համաշխարհային արդի գործընթացներին ակտիվ մասնակցությանը և լավագույն փորձի յուրացմանը,
  • Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի ապահովմանը
  • հարևան երկրների հետ բարիդրացիական, փոխշահավետ տնտեսական կապերի հաստատմանը,
  • եվրաինտեգրմանը և միջազգային կառույցների հետ արդյունավետ համագործակցությանը,
  • հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի միջազգային իրավական-դատական հարթություն տեղափոխմանը:

Հայաստանի Հանրապետությունը կարող է իրականացնել հաջողված արտաքին քաղաքականություն միայն ներքին արդյունավետ տնտեսական և ժողովրդավարական քաղաքականության առկայության պարագայում:

Արցախյան հարցի լուծման և Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխիքը Հայաստանի հզոր տնտեսությունն է: Ունենալով հզոր տնտեսություն՝ Հայաստանը կարող է առավել ինքնավստահ և ուժեղ դիրքերից հանդես գալ դիվանագիտության ոլորտում, և հարկ եղած դեպքում՝ ռազմական հակամարտության վերսկսման պայմաններում: Ընդ որում, Արցախի հիմնախնդիրը կարելի է լուծել միմիայն առաջավոր, դիվերսիֆիկացված, իրավունքի գերակայության պայմաններում զարգացող տնտեսության կառուցման միջոցով: Ուստի, բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում են Հայաստանի տնտեսական զարգացմանը, էականորեն վնասում են արցախյան հարցի կարգավորմանը, թուլացնում են Հայաստանի ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական հնարավորությունները:

«Լուսավոր Հայաստան»-ը հետամուտ է Հայաստանում եվրոպական մոդելի պետության կառուցմանը՝ պետական կառավարման գործուն ինստիտուտների, իրավունքի գերակայության, ժողովրդավարության միջազգային արդյունավետ փորձի և մեր ազգային լավագույն առանձնահատկությունների ու շահերի համադրությամբ։ Կուսակցությունը գտնում է, որ «Եվրասիական տնտեսական միության»-ը Հայաստանի Հանրապետության անդամակցությունը չի բխում վերջինիս լավագույն շահերից: Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակի կառուցել եվրոպական մոդելի երկիր՝ խորացնելով Եվրոպական Միության հետ տնտեսական և քաղաքական հարաբերությունները՝ լիիրավ անդամ դառնալու հեռանկարով»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: