ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Պուտինի պրոյեկտը». Սալոմե Զուրաբիշվիլին դարձավ Վրաստանի նախագահ

Sova.news

Նոյեմբերի 28-ին Վրաստանում կայացած ընտրությունները կարելի է անվանել պատմական առաջին հերթին այն բանի համար, որ Սալոմե Զուրաբիշվիլին դարձել է Վրաստանի պատմության մեջ առաջին կին նախագահը:  Երկրորդ, այս ընտրությունները Վրաստանի վերջին ուղղակի նախագահական ընտրություններն էին.  նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո, նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային է դառնալու:

Ըստ Սահմանադրության, Սալոմե Զուրաբիշվիլին ընտրվել է վեց տարի ժամկետով: Նշենք, որ այս ընտրությունները ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխող կուսակցության համար 2020թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ գլխավոր փորձ էր համարվում:

Երրորդ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներն էլ անցյալի հետ բավականին մեծ կապեր ունեն. նրանք Վրաստանի նախկին իշխանությունների, Միխայիլ Սահակաշվիլիի և Բիձինա Իվանիշվիլիի կողմից առաջադրված թեկածուներ են: Թեև Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի և նախկին վարչապետ Իվանիշվիլիի անունները քվեաթերթիկներում չեն եղել, այնուամենայնիվ, ըստ jam-news-ի, ընտրությունները ընթանում էին այս երկու առաջնորդների միջև, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում ոչ ֆորմալ կերպով, դրսից հետևում են ընդդիմության և իշխանության գործողություններին:

Նախնական արդյունքները

Զուրաբիշվիլին հավաքել է ընտրողների ձայների 59,56 տոկոսը, իսկ միասնական ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի օգտին քվեարկել է ընտրողների 40,44 տոկոսը: Ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունն ավելի բարձր է եղել, քան առաջինի ժամանակ: Ըստ  ԿԸՀ-ի տվյալների՝ ընտրություններին մասնակցել է Վրաստանի բնակչության 56.23 տոկոսը, ինչն ընդհանուր առմամբ կազմել է 1 մլն 975 հազար 845 մարդ։  Այս ցուցանիշն առաջին փուլի համեմատ 10 տոկոսով ավելի է. այն ժամանակ քվեարկել էր ընտրողների 46.74 տոկոսը, կամ 1 637 956 մարդ։ Թբիլիսիում ակտիվությունը կազմել է 55,9 տոկոս:

«Պուտինի պրոյեկտ» թե՞ « ՌԴ Պետական անվտանգության կոմիտեի գործակալ»

«Սալոմեն Պուտինի պրոյեկտն է», «Դավաճան Սալոմե». նախընտրական քարոզարշավի ժամանակ ահա այսպիսի պաստառներով էին Զուրաբիշվիլիին դիմավորում Վրաստանի տարբեր քաղաքներում: Նշենք, որ նրա դեմ քննադատության հերթական ալիքը բարձրացավ այն ժամանակ, երբ վերջինս «Пирвели» հեռուստաալիքի եթերում հայտարարեց, որ «2008 թվականին Վրաստանն է ռմբակոծել իր սեփական բնակչությանը, որի իրավունքը ոչ մի նախագահ չունի»:

Ընդհանուր առմամբ, շատ փորձագետներ նշում են, որ ռուսական խաղաքարտի շահարկում եղել է և´Վաշաձենի, և´ Զուրաբիշվիլիի կողմից: Վաշաձեի կողմնակիցների խոսքով` Զուրաբիշվիլին Կրեմլի կողմից աջակցվող թեկնածու է, իսկ Զուրաբիշվիլիի կողմնակիցները Վաշաձեին անվանում էին Ռուսաստանի Պետական անվտանգության կոմիտեի գործակալ:

Հատկանշականն այն է, որ երկու թեկնածուներն էլ Սահակաշվիլիի պաշտոնավարման ժամանակ եղել են արտգործնախարարներ և միառժամանակ Սահակաշվիլիի իշխանության դժվար ժամանակներում պատասխանատվություն են կրել Վրաստանի և այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի հետ ունեցած  հարաբերությունների համար:

Զուրաբիշվիլիի գլխավոր ձեռքբերումներից մեկը Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում շատերը համարում են նրա ունեցած ներդրումը Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանների դուրսբերման գործում, գրում է BBC- ն:

Իր հարցազրույցներից մեկում նա ասել է, որ Ռուսաստանը Վրաստանի դեմ պատերազմ է սկսել դեռ հարյուր տարի առաջ, սակայն Վրաստանը ներգրավվել է ռուսական սադրանքի մեջ` դրանով նպաստելով հակամարտության նոր փուլի վերսկսմանը:

Ինչ վերաբերում է օգոստոսին տեղի ունեցած պատերազմին, ապա Զուրաբիշվիլիի խոսքերով, 2008 թվականին Ռուսաստանը հանդես է եկել որպես ագրեսոր, սակայն Սահակաշվիլին և նրա շրջապատը Մոսկվայի ձեռքում հայտնվելով` ռազմական պատասխան տվեցին  ռուսական սադրանքին, ինչն էլ Ռուսաստանն օգտագործել է որպես պատրվակ Վրաստանի դեմ պատերազմ սկսելու համար:

Ո՞վ է նա` ֆրանսիացի, թե՞ վրացի 

Զուրաբիշվիլին ծնվել է Ֆրանսիայում` վրացի քաղաքական միգրանտների ընտանիքում: Մոտ 30 տարի աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում որպես դիվանագետ: 2003 թ.-ին Զուրաբիշվիլին նշանակվել է Ֆրանսիայի դեսպան Վրաստանում, սակայն 2004 թ. մարտին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի որոշմամբ Վրաստանի արտաքին գործերի նախարար է նշանակվել: Այնուհետև ստացել է վրացական քաղաքացիություն` միևնույն ժամանակ պահպանելով ֆրանսիական անձնագիրը:  

Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Զուրաբիշվիլին մեկ տարի է աշխատել: 2005 թ. հոկտեմբերին նա ազատվել է նախարարի պաշտոնից և անցել ընդդիմության շարքերը:

Նշենք, որ սա Զուրաբիշվիլի` Վրաստանի նախագահ դառնալու առաջին փորձը չէր: 2013-ին նա նույնպես  ցանկություն  է հայտնել մասնակցել նախագահական ընտրություններին, սակայն նրան մերժել են գրանցել երկքաղաքացիության պատճառով: Այս անգամ Զուրաբիշվիլին հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից:

Սահակաշվիլին կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին դուրս գալ փողոց

«Վրաստանում այսպիսի ընտրություններ դեռ տեղի չէին ունեցել: Իշխանությունները մոբիլիզացնում էին բոլորին, ում կարողանում էին: Փողով գնում էին ում կարողանում էին: Բոլոր քրեական տարրերը, կոռումպացված պաշտոնյաները ներգրավված էին այդ գործում: Այնուամենայնիվ, չնայած դրան` «Միավորված ընդդիմությունը» կարողացավ 756.000 ձայն ստանալ», - ասել է ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:

Իսկ Սահակաշվիլին, իր հերթին, հայտարարել է, որ բազմաթիվ ընտրախախտումների պատճառով նա չի ճանաչում ընտրությունների արդյունքները և կոչ է արել բնակչությանը դուրս գալ փողոց` արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջելու նպատակով: «Մենք անցնում ենք անհնազանդության զանգվածային գործողությունների կատարմանը, ես կոչ եմ անում Վրաստանի ոստիկանությանը և բանակին ազատել պետությունը քրեական, մաֆիոզ խմբավորումներից», - ասել է Սահակաշվիլին:

Իսկ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակն իր սեփական հաղթանակն է համարել և հետագա պատասխանատվությունն իր վրա է ստանձնել. «Ես ուզում եմ խորը երախտագիտություն հայտնել հասարակությանը նման արձագանքի համար, մնացած ամեն ինչը` ինձ վրա թողեք: Ես կկատարեմ այս բոլոր խոստումները, կփորձեմ անել առավելագույնը»: Զուրաբիշվիլին, իր հերթին, խոստացել է դառնալ նաև այն մարդկանց նախագահը, ովքեր չեն քվեարկել իր օգտին:

Նշենք, որ նոր Սահմանդրությամբ` Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է, և, ըստ էության, խորհրդարանական ընտրություններով է որոշվելու, թե ով է ղեկավարելու երկիրը երկու տարի անց: Եվ եթե հաշվի առնենք, որ այս ընտրությունները, այնուամենայնիվ, փորձ էին 2020 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ, ապա կարելի է ասել, որ «Վրացական երազանք»-ն իր գույներով կրկին կշողա Վրաստանի երկնակամարում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: