ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սուրբ Ծնունդը` աշխարհի տարբեր երկրներում

Սուրբ ծնունդը քրիստոնյա աշխարհի ամենակարևոր տոներից է, որը նշվում է շուրջ երկու հազարամյակ: Այն կարևոր տոն է համարվում աշխարհի մոտ 145 երկրներում, սակայն յուրաքանչյուր երկիր տոնի հետ կապված ունի իր ավանդույթները:

Օրինակ` Արգենտինայում Սուրբ ծնունդն ամերիկյան և եվրոպական ավանդույթների խառնուրդ է: Ձմեռ պապի գուլպաներ և  կարմիր ու սպիտակ ծաղիկներ կարելի է գտնել գրեթե բոլոր բնակարաններում: 

Ավանդույթ  է նաև տոնածառի տակ  բամբակ դնելը, ինչն էլ ձյան խորհրդանիշ է համարվում: Այստեղ եղևնուց բացի ցանկացած ծառ կարող է զարդարվել որպես տոնածառ: Հատկանշական է այն, որ ընտանեկան հավաքույթները տեղի են ունենում ոչ թե Սուրբ ծննդյան օրը, այլ տոնի նախօրեին:

Ամենաերկար Սուրբ ծնունդը նշվում է Շվեդիայում. տոնը սկսվում է դեկտեմբերի 13-ին և ավարտվում հունվարի 13-ին: Այստեղ տոնական օրերին երեխաներին հյուր է գալիս ոչ թե Ձմեռ պապն, այլ սուրբծննդյան թզուկը, որն, ըստ հավատալիքների, ապրում է յուրաքանչյուր տան նկուղում:

Ֆրանսիայում Սուրբ ծննդին տները զարդարում են սուրբծննդյան օրորոցներով: Ֆրանսիացիները ողջ գիշեր վառած են թողում մոմերը, իսկ մուտքի մոտ սնունդ ու խմիչք են դնում` հավատալով, որ Մարիամն ու մանուկ Հիսուսը հնարավոր է անցնեն իրենց տան կողքով:

Նորվեգիայում Սուրբ ծննդյան նախօրեին կանայք թաքցնում են ավելները և մաքրության նմանատիպ պարագաները, իսկ տղամարդիկ սկսում են  հրացաններով օդ կրակել:  Հնուց պահպանված հավատալիքների համաձայն՝ այդ կերպ նրանք վանում են չար ոգիներին:

Պերուում, դեկտեմբերի 24-ը, որը հայտնի է «La Noche Buena» անվանումով (թարգմ. «Բարի գիշեր»), հանդիսանում է տոնակատարությունների հիմնական օրը: Պատարագից հետո մարդիկ տուն են գնում` տոնը նշելու: Ամենակարևոր զարդարանքը pesebre-ն է: Այն սուրբծննդյան տեսարաններով փայտից կամ քարից փորագրված սրբապատկեր է: Նվերները դնում են մսուրի շուրջը, այլ ոչ թե տոնածառի տակ, և ամենաերջանիկը համարվում է նա, ում բաժին է հասնում  մանուկ Հիսուսի պատկերը:

Իսլանդիայում մարդիկ Սուրբ ծննդյան տոնին միմյանց հիմնականում գրքեր են  նվիրում, ապա գիշերվա մնացած մասն անց են կացնում կարդալով ու շոկոլադ ուտելով:  Այս ավանդույթը կոչվում է «Jolabokaflod», որը թարգմանաբար նշանակում է «Սուրբծննդյան գրքերի ջրհեղեղ»: Արդյունքում Իսլանդիան սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ավելի շատ գիրք է հրատարակում և վաճառում, քան աշխարհի ցանկացած երկիր:  

Ուկրաինայում տոնածառերը որոշ ընտանիքներ զարդարում են արհեստական սարդոստայնով: Լեգենդի համաձայն` մի աղքատ այրի գումար չի ունեցել տոնածառը զարդարելու համար: Սարդերը , տեսնելով վշտացած կնոջը ու նրա լացող երեխային, գիշերը, երբ նրանք քնած են լինում, արծաթով ու ոսկով են զարդարում ծառը: Դրանից հետո աղքատ ընտանիքը հարստանալով այլևս երբեք ֆինանսական խնդիրներ չի ունենում: Այսպիսով, սարդոստայնով ծածկված ծառը խորհրդանշում է, որ հաջորդ տարին բարգավաճման տարի կլինի:

Հնդկաստանում Սուրբ ծնունդը տոնում է ավելի քան 25 միլիոն մարդ: Հատկանշականն այն է, որ տարածաշրջանում եղևնիների և սոճիների պակասի պատճառով հնդիկները որպես տոնածառ օգտագործում են բանանի կամ մանգոյի ծառեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: