ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քրիստոսի ծննդյան խորհուրդը նսեմացնելու համար այն փորձեցին փոխարինել ամանորյա կերուխումով. Ղևոնդ ավագ քահանա Մայիլյան

Ամանորի  և Սուրբ Ծննդի իրական խորհրդի վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս Ղևոնդ ավագ քահանա Մայիլյանի հետ:

 

- Արժանապատի՛վ Տեր Մայիլյան, ո՞րն է Ամանորի խորհուրդը, որի մասին շատերը մոռանում են ամանորյա թոհուբոհի արդյունքում:

 - Նոր տարին՝ որպես տոն ուրախության, խնդության, միայն վերջին ժամանակներին է բնորոշ: Հնում նոր տարին հունվարին չի եղել: Օրինակ` դեկտեմբեր նշանակում է տասներորդ և ոչ թե՝ տասներկուրերորդ: Այսինքն՝ Նոր տոմարով կամ Հռոմեական տոմարով տարվա սկիզբ է համարվել մարտ ամիսը: Եկեղեցական օրացույցով ամանորյա այս շրջանը պահոց օրեր են համարվում, այսինքն` խրախճանքի, քեֆ-ուրախության օրեր չեն: Միանգամայն հակառակը: Նոր տարին որպես տարվա սկիզբ իր իմաստն ու նշանակությունն է ստացել մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ծննդյամբ, որը մենք՝ հայերս, և միայն մենք, նշում ենք հունվարի 6-ին: Տարբեր երկրներում ու տարբեր ժամանակներում նսեմացնելու համար Քրիստոսի ծննդյան խորհուրդը, այն փորձեցին փոխարինել ամանորյա կերուխումով: Անգամ ներկայացնում էին տոն, որին սպասում են կենդանական աշխարհի ներկայացուցիչները և ոչ թե մարդկությունը (օրինակ ` մուլտհերոսները): Այդպիսին էր 18-20-րդ անաստվածության դարերը:

Այսինքն` ամանորի տոնական խորհուրդը, մենք՝ քրիստոնյա հայերս, նշանավորում ենք, որպես պատրաստության մի շրջան, երբ հին տարվա անցած օրերի համար գնահատական ենք տալիս և պատրաստվում ենք Նոր տարվա ընթացքում ինքներս նորոգվել, նոր մարդ դառնալ, փրկչական օրհնությունները ընդունել, երկնային խաղաղությունը վայելել: Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ, որպեսզի մեր սրտի մեջ ծնվի ու մեզ նոր կյանքի ճանապարհով առաջնորդի, ուր չկա նախանձ, ատելություն, թշնամություն: Այլ կա միայն Սեր, Խաղաղություն, ներողամտություն, համբերություն … Այս մեծ խորհուրդն ունի տիեզերական նշանակություն. Ծննդյան դրվագի նկարագրության մեջ Ղուկաս ավետարանիչը գրում է, որ հրեշտակները երգում էին՝ Փառք ի բարձունս Աստուծոյ, և երկիր խաղաղութիւն ի մարդիկ հաճութիւն: Այստեղ երեք ոլորտ է ներկայացված` երկինք, երկիր, մարդ: Եթե մարդու մեջ լինի հաճություն, այսինքն` Քրիստոս, ապա երկրի վրա կլինի խաղաղություն և հետո՝ երկնքում՝ Փառք:

Այս առումով է , որ մենք ամանորյա այս օրերն անվանում ենք Ծննդյան օրեր, և փորձում ենք ինքնաքննությամբ վերլուծել անցյալը, և մտածել գալիքի մասին, որից տեղյակ չենք, թե ինչպիսին կլինի, այլ միայն գիտենք, որ Քրիստոս մեզ չի լքի և մեր նավապետը կլինի այն օվկիանոսում, որ կոչվելու է 2019 թվական: Ավելի ճիշտ 2019 Փրկչական թվական: Ինչպես ասում էին լատինացիները՝ ''tempes fugit'' ` ժամանակը վազում է. պիտի աշխատենք հետ չընկնել այդ արագընթաց գնացքից:

 

- Ոմանք, ցավոք, չգիտեն, թե ինչու՞ են քրիստոնեական քույր եկեղեցիները Սուրբ Ծնունդը նշում տարբեր օրեր: Կներկայացնե՞ք մեր ընթերցողներին այդ ավանդույթի արմատները:

- Հաճախ հարցնում են, թե ինչու Հայոց եկեղեցին Ս. Ծնունդը չի տոնում դեկտեմբերի 25-ին` մյուս եկեղեցիների հետ: Հայտնի է, որ Քրիստոսի ծննդյան օրվա մասին որևէ ստույգ տեղեկություն չկա, և ոչ էլ այդ մասին արձանագրված է Ավետարանում: Սակայն հարկ է նշել, որ բոլոր քիստոնեական եկեղեցիները մինչև չորրորդ դարը Քրիստոսի ծնունդը նշել են հունվարի 6-ին: Ըստ հռոմեակաթոլիկ աղբյուրների` Ս. Ծննդյան օրը հունվարի 6-ից դեկտեմբերի 25-ը տեղափոխվեց այն պատճառով, որպեսզի անտեսվի արևի չաստծուն նվիրված հեթանոսական պաշտամունքը, որ կատարվում էր դեկտեմբերի 25-ին: Ձմեռային արևադարձի օրը, այսինքն` ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը, որն մեր օրերում լինում է դեկտեմբերի 22-23-ին, 2.000 տարի առաջ եղել է դեկտեմբերի 24-25-ին, որը նվիրվել է արևի չաստծուն, Հռոմի քրիստոնեական շրջանում փոխարինվեց Քրիստոսի ծննդյան օրով, որպես խորհուրդ մեռած, նյութական աստծուն՝ արևին, փոխարինելու Կենդանի Արեգակով՝ Քրիստոսով, ինչպես Շնորհալին է ասում` «Առաւօտ լուսոյ, Արեգակն արդար առ իս լոյս ծագեա»: Արևադարձի օրացուցային այս տեղափոխությունը կապված է այսպես կոչված Երկրի առանցքի հոլաձև (նկատի ունենք սովորական հոլը, որը մեր մանկության տարիներին մենք խաղում էինք, այդ ժամանակներում դեռ չկար համացանցը) շարժմամբ, որ անվանվում է դասագրքերում՝ Երկրի առանցքի թավալում կամ պրեցեսիա:

Այդ պատճառով էլ Հռոմի եկեղեցին Քրիստոսի Ս. Ծննդյան օրը տեղափոխեց դեկտեմբերի 25-ը, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Աստվածահայտնության օր (336 թ.): Ս. Ծնունդը դեկտեմբերի 25-ին տոնելու Հռոմի նախաձեռնությունը նախ տարածվեց Արևմուտքում, ապա անցավ Արևելք: 5-6-րդ դարերում արդեն գրեթե բոլոր եկեղեցիները Քրիստոսի Ծնունդը տոնում էին դեկտեմբերի 25-ին (հին տոմարով հունվարի 7-ին, ինչպես այսօր տոնում են ուղղափառները, և հին տոմարով առաջնորդվողները): Սակայն մեզանում այդ փոփոխությունն անիմաստ էր, քանի որ Հայաստանում այդ ժամանակ չկային նման հեթանոսական սովորույթներ. ի զարմանս  ինձ` այսօր են դրանք առկա Հայաստանում և փորձում են այդ կռապաշտությունը վերակենդանացնել: Դա մանկությունը հիշելու հիվանդություն է կոչվում: Երբ երեխան խաղում է խաղալիքներով, դա ոչ մեկին չի զարմացնում, բայց երբ մեծահասակներն են խաղում մանկակական խաղալիքներով, դա բոլորին կզարմացնի:

Այսպիսով, հավատարիմ մնալով մեր հայրերի ավանդություններին` մենք մինչ օրս շարունակում ենք Ս. Ծնունդը տոնել հունվարի 6-ին: Հարկ է նշել, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը, օգտագործելով հին` հուլյան տոմարը, ցարդ շարունակում է Ս. Ծնունդը տոնել հունվարի 6-ին` ըստ հին տոմարի, որը համապատասխանում է նոր տոմարով հունվարի 19-ին:

 

-Ո՞րն է Սուրբ Ծննդի խորհուրդը և ինչպե՞ս պետք է պատրաստվել տոնին:

 - Ծննդյան խորհուրդը լավագույնս ներկայացված է Խորենացու հայտնի շարականով.

 

Խորհուրդ մեծ եւ սքանչելի,

Որ յայսմ աւուր յայտնեցաւ,

Հովիւքն երգեն ընդ հրեշտակս`

Տան աւետիս աշխարհի:

 

Ծնաւ նոր արքայ

Ի Բեթղեհէմ քաղաքի,

Որդիք մարդկան, օրհնեցէք,

Զի վասն մեր մարմնացաւ:

 

Անբաւելին երկնի և երկրի

Ի խանձարուրս պատեցաւ,

Ոչ մեկնելով ի Հօրէ`

Ի սուրբ այրին բազմեցաւ:

Քրիստոս երկինքը թողեց և իջավ երկիր՝ մեզ համար, փրկություն բերեց և կյանք: Այդ բարի լուրը՝ ավետիսը, մենք հովիվների նման պետք է տարածենք աշխարհում (Հայոց աշխարհում առաջին հերթին), որ կոչվում է քարոզչություն: Մենք դա չենք անում, աղանդավորներն են այդ անում, որ լցվել են Հայոց աշխարհում: Տարիներ առաջ մեզանում սովորություն կար հունվարի 6-ի առավոտյան շատ շուտ, երբ բոլորը քնած են, գնալ ծանոթների տները և երգել մուտքերի մեջ այդ շարականը` բոլորին հանելով քնից: Անշուշտ, խորհրդավորաբար հոգևոր քնից որ արթնանան, Քրիստոսի ծննդյան ավետիսով նորոգվեն և տարին սկսեն Քրիստոսի անունով ու նրա պատգամներով:

 

-Ո՞րն է սուրբծննդյան Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողներին:

- Ծննդյան տոների պատգամը մեկն է և միակը.

 Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, Ձեզ և մեզ մեծ աւետիս:

Միշտ այդ օրերին մենք այդ ողջույնով ենք դիմում իրար՝ բարևելու փոխարեն: Իսկ դա նշանակում է, որ Քրիստոս ծնվել է, մեզ փրկություն տալու համար, նոր կյանք տալու համար, նոր ճանապարհներով գնալու համար, սիրո ճանապարհով գնալու համար:

Եվ հայտնվել է,  երբ Քրիստոս դարձավ 30 տարեկան, նա երևաց /հայտնվեց/ ժողովրդին ու մկրտվեց Հորդանանում` օրհնելով ջուրը և ցույց տալով այդ օրհնության մասնակից լինելու ճանապարհը: Այդ է պատճառը, որ մեր եկեղեցում հունվարի 5-ի երեկոյան նշում են Ծննդյան Ճրագալույցը, իսկ 6-ին՝ Ջրօրհնեքը՝ Քրիստոսի Մկրտությունը: Եվ մեր ժողովուրդն այդ օրհնած ջուրը տանում է տուն ու պահում ամբողջ մի տարի՝ օգտագործելով քիչ-քիչ, որպես Քրիստոսի ներկայությունը մեր տներում:

Այստեղից է գալիս մեր եկեղեցում Տնօրհնեքի կարգը, երբ ծննդյան հաջորդող 8 օրերին հոգևորականն այցելում է հոտի անդամների տները՝ ծննդյան ավետիսը տալով տան բնակիչներին և օրհնելով տունը (նույն բանը արվում է նաև Զատիկին, միայն՝ Հարության պատգամն է ավետվում Ծննդյան փոխարեն):

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, Ձեզ և մեզ մեծ աւետիս:

Ողջ լերուք:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: