ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

1990-ի հունվարը Բաքվի հայերի կյանքը բաժանեց «առաջ»-ի և «հետո»-ի

Comment.am

«Տագնապն ավելանում էր, և այն, ինչ երեկ թվում էր կայուն, քանդվեց աչքի առաջ: Հարևանները, որոնք գրեթե հարազատ էին քեզ, հանկարծ ուրիշ կողմից ներկայացան: Համալսարանում դասավանդող Նարգիզան, ում երեխանների հետ մենք խաղում էինք բակում, հանկարծ ի լուր բոլորի հայտարարեց, որ եթե հայերին կոտորող ամբոխը ներխուժի բակ, ապա ինքը ցույց կտա բոլոր հայերի բնակարանները: Իսկ հարևան Էլխանը, որը մի քանի տարի առաջ  էր Բաքու տեղափոխվել Ադրբեջանի ինչ-որ շրջանից և որից մենք վախենում էինք, հանկարծ օգնություն առաջարկեց: Հենց նա չվախեցավ վազել մեր բակում վտանգի պայմանական ազդանշանին՝ առաստաղին հարվածներին, որն օգտագործում էր վախեցած հայ տիկին Անյան: Նա վազեց՝ վտանգելով կյանքը, քանի որ շրջակայքում իրականում կային մարդասպաններ: Բարեբախտաբար, պարզվեց, որ Յուսիֆը՝ մեր մեկ ուրիշ հարևան, որը հետագայում ևս թաքցրել էր իր մոտ հայերի, որոշել էր կատակել՝ թակելով տիկին Անյայի դուռը և գոռալով «Դուռը բացեք, հայե՛ր»: էլխանը վազեց, քանի որ չէր մոռացել, որ իր որդուն փրկել է հարևան հայ բժիշկը: Նա չէր մոռացել, սակայն հարյուր հազարավորները մոռացել էին, որ հայերը կառուցել էին Բաքուն, բուժել էին, ուսուցանել… Կային նաև Բաքվի ադրբեջանցիներ, որոնք միգուցե և չէին մոռացել, և չէին սպանում, սակայն մի կողմ քաշված լուռ հետևում էին տեղի ունեցողին: Նրանք իրենց քաղաքը հանձնեցին ամբոխի թողտվությանը: Նրանք դավաճանեցին ոչ միայն իրենց հայ ընկերներին և հարևաններին, այլ նաև ինքներն իրենց», - «Արմեդիա» ՏՎԳ-ին պատմել է Բաքվի Լենինի պողոտայի նախկին բնակչուհի Աննա Պողոսյանը:

1990 թվականին Բաքուն ներկվեց արյան գույնով՝ հայկական արյան գույնով: Երբեմնի ջերմ, հյուրընկալ քաղաքը, որը յուրահատուկ միջավայր ուներ և որը կառուցվել էր տարբեր մշակույթների և ավանդույթների միահյուսումից, վերածվեց չարիքի: Ոչ միանգամից, մի ժամում: Երկու տարվա ընթացքում Արցախում տեղի ունեցող ազգային-ազատագրական պայքարի ֆոնին Բաքվում տեղի էին ունենում բազմահազարանոց ցույցեր: Այդ ցույցերի հիմնական կարգախոսն էր՝ «Մա՛հ հայերին»: Եվ չնայած քաղաքում արդեն կային հայերի նկատմամբ բռնության դեպքեր, սակայն դրանք զանգվածային բնույթ չէին կրում, քանի որ վախկոտ ամբոխը վախենում էր Բաքվի բազմահազարանոց հայկական բնակչությանը դեմ գնալ: Սակայն քաղաքն աստիճանաբար դատարկվում էր: Հայերը լքում էին քաղաքը, որը ժամանակին համարում էին իրենց հարազատ, ի բարօրորություն որի աշխատել էր իրենց նախնիների ոչ մեկ սերունդ: Եվ ահա, երբ քաղաքում մնացին հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչներ, որոնց շուտով տանելու էին ապաստան փնտրելու գնացած երեխաները, աղետը վրա հասավ: Այլևս ոչ մեկը չկար, որ կանգնեցներ գազազած, արյան ծարավ ամբոխին: Նրանք ծեծի էին ենթարկում, բռնանում, այրում, ծաղրում, թալանում: Նրանք սպանում էին… սպանում էին հայերի: Սպանում էին ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական իշխանությունների թողտվության պայմաններում: Գարբաչովի վախկոտ քաղաքականությունը, որը Բաքու խորհրդային զորքեր մտցնելու մասին հրամանը տվել էր բավականին ուշ, հանգեցրեց ողբերգության: Ողբերգություն, որը Բաքվի հայերի կյանքը բաժանեց «առաջ»-ի և «հետո»-ի: Հարյուր հազարավոր հայեր, որոնք մտածում էին, որ շուտով կարող են վերադառնալ իրենց տներ, հանկարծ հասկացան, որ վերադարձ չի լինելու: Իսկ այսօր ադրբեջանական քարոզչական մեքենան փորձում է քաղաքականացնել այդ օրերի դեպքերը: Փորձում է մարդասպանների ամբոխին ներկայացնել որպես անմեղ զոհեր, որոնք ընդդիմացել են խորհրադային իշխանությունների և գնդակահարվել են հենց նրա կողմից: Հերոսացնում են նրանց՝ հայտարարելով շահիդներ…

Ի՞նչ ասենք... ինչպիսին երկիրն է, այնպիսին էլ նրա հերոսներն են…

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: