ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատրիկ Դևեջյան. Շիրակի փաստաբանն ու Սարկոզիի ընկերը, հայ, ով դատարանում պաշտպանել է ԱՍԱԼԱ-ի զինյալներին

Panorama.am

«Մանկությունից լսել եմ հայրիկիս պատմությունները Հայաստանի մասին, Արաբոյի, Զորավար Անդրանիկի սխրագործությունների մասին, այն մասին, թե ինչպես են պաշտպանել Մուսա լեռը, և, իհարկե, պատճառների մասին, որոնք մեզ ստիպել են թողնել հայրենի հողը: Նա ամեն անգամ կրկնում էր. «Դու հայ ես, քո արմատները Հայաստանից են»», - Le Figaro-ին տված հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է Պատրիկ Դևեջյանը` Ժակ Շիրակի անձնական փաստաբանը և Սարկոզիի ընկերը, հայ, ով արդեն 20 տարի է ֆրանսիացի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից է: Մեծապես հենց նրա ջանքերի շնորհիվ է Ֆրանսիան ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Պատրիկ Դևեջյանը ծնվել է 1944 թվականի օգոստոսի 26-ին ֆրանսիական Ֆոնտենբլո քաղաքում: Դևեջյանների ընտանիքն Արևմտյան Հայաստանից է, նրա անդամների մեծ մասը զոհվել է 1915-1923 թթ. Ցեղասպանության ժամանակ: Պատրիկի հորը` Ռոլանդ Դևեջյանին, միայն հրաշքով է հաջողվել փրկվել` հայտնվելով Հալեպում: Այնտեղից նա ուրիշ հայերի հետ միասին գաղթել է Ֆրանսիա (Փարիզ): Որոշ ժամանակ անց նա ծանոթացել է իր ապագա կնոջ` Մոնիկա Վալուայի հետ: Նրանք պսակադրվել են հայկական եկեղեցում: Պատրիկի ծնվելուց հետո ընտանիքը Փարիզից տեղափոխվել է Անտոնի փոքրիկ քաղաք, իսկ 7 տարեկան հասակում Պատրիկին ուղարկել են Սևր քաղաք, քանի որ այնտեղ էր գտնվում Անտոնիին ամենամոտ հայկական վարժարանը: Ռոլանդ Դևեջյանի համար կարևոր էր, որ որդին սովորի հենց հայկական դպրոցում:

Հայկական վարժարանը և հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո Պատրիկը որոշել է ընդունվել իրավաբանական ֆակուլտետ: Բացի իրավագիտությունից, նրան հետաքրքրում էին նաև քաղաքականությունը և հասարակական գործունեությունը: Փարիզի քաղաքական գիտությունների դպրոցում դասընթացների ժամանակ նա հարում է երիտասարդական ձախ ճակատին և շուտով դառնում շարժման առաջնորդներից մեկը: 1964 թվականից Պատրիկ Դևեջյանը փաստացի սկսել է իր քաղաքական կարիերան, իսկ 1971 թվականին անդամակցել է «Միավորում` հաջակցություն Հանրապետությանը» կուսակցությանը (RPR): Երկար ժամանակ Պատրիկը պաշտպանել է իր կուսակիցների շահերը տարբեր ատյանների դատարաններում և դա արել է այնպիսի հաջողությամբ, որ նրան նկատել է կուսակցության առաջնորդներից մեկը` Ժակ Շիրակը: «Մի անգամ Ժակ Շիրակն ինձ խնդրեց իր հետ կապված գործերից մեկի ժամանակ գլխավորել փաստաբանների թիմը: Դրանից հետո ես 20 անգամ դատարանում ներկայացրել եմ Ժակ Շիրակի շահերը և միշտ հաղթել եմ», - հիշում է Դևեջյանը:

1978 թվականին Պատրիկն ընտրվել է իր հայրենի Անտոնիի քաղաքային խորհրդի անդամ, իսկ 1983 թվականին հաղթել է քաղաքապետի ընտրություններում: «Հայրս միշտ բողոքում էր, որ քաղաքում ոչ մի հայկական բան չկա: Իմ ընտրվելուց հետո փոքր եկեղեցի և դպրոց կառուցեցինք` չնայած որ քաղաքում հայկական ընտանիքներ գրեթե չկային», - պատմում է Դևեջյանը:

1981 թվականին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) անդամները Փարիզում գրավեցին թուրքական դեսպանատունը ՝ 15 ժամ այնտեղ պահելով ավելի քան 50 պատանդների: Պատրիկ Դևեջյանն առաջիններից էր, ով իր հայրենակիցներին կոչ է արել միավորվել և սեփական օրինակով ցույց է տվել, որ յուրաքանչյուր հայ պետք է մասնակցի ընդհանուր պայքարին: Նա հրաժարվել է մասնակցել քաղաքապետի ընտրություններին, քանի որ պատրաստվում էր դատարանում պաշտպանել 4 երիտասարդ հայ զինյալների: «Ես ընդհանրապես չեմ տատանվել, հայկական համայնքի պատվի հարցն էր: Այդ շրջանում Ֆրանսիայի հայերը կարծես թե արթնացան երկարատև քնից»,- ասել է նա, գրում է Golosarmenii.am-ը:

Պաշտպանական թիմում երկրի լավագույն փաստաբաններն էին` Պատրիկի ընկերները և գործընկերները` Լեքլերք Տեյջանը և Ֆրանսուա Ասլանյանը: Դևեջյանը և նրա թիմը հասան նրան, որ դատարանի նախագահն արգելեց նիստի մասնակիցներին մեղադրյալներին ահաբեկիչներ անվանել` պահանջելով կիրառել «կոմբատան» (զինյալ) տերմինը: «Չափազանց կարևոր է, որ հասարակությունը հասկանա գործի էությունը, Հայկական հարցի ակունքները: Ահաբեկչությունը և ցեղասպանությունն այն է, ինչն իրականացվել է հայ ժողովրդի դեմ, սակայն մեր դիմաց նստած մարդիկ ահաբեկիչներ չեն, նրանք ահաբեկչության և ցեղասպանության զոհերի սերունդներն են», - դատարանի առաջին նիստի ժամանակ ընդգծել է Դևեջյանը: Դատավճռի ընթերցման ժամանակ և դրանից հետո տեղի ունեցան մի շարք հատկանշական իրադարձություններ: «Մեղադրյալնե´ր, ոտքի´» բառերի վրա ներկաների մեծ մասը (հայեր էին) ոտքի են կանգնել: Իսկ երբ խոսքը գնացել է թուրքական կողմին ֆինանսական փոխհատուցում տալու մասին, երգչուհի Ռոզի Արմենը երգել է «Զարթնի´ր, Լաո´» երգը, և նրան միացել են դահլիճի բազմաթիվ ձայներ` այդ թվում նաև Պատրիկ Դևեջյանինը:

Այդ աղմկահարույց դատական գործընթացից հետո Դևեջյանը վերադառնում է քաղաքականություն և արդեն 1986 թվականին ընտրվում է ֆրանսիական խորհրդարանի պատգամավոր: 1995 թվականին Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում առաջադրում է իր թեկնածությունը և Դևեջյանին նշանակում է իր անձնական խորհրդական, իսկ ընտրություններում Շիրակի հաղթանակից հետո Պատրիկ Դևեջյանը դառնում է քաղաքական հարցերով նախագահի խորհրդական:

Ֆրանսիայի հայ համայնքի օրակարգում հասունանում էր Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչելու հարցը: Կարճ ժամանակահատվածում Դևեջյանին հաջողվում է պատրաստել և լոբբիստական աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ: Չնայած որոշակի դիմադրությանը և հակառակ նախագահի կամքին` 2001 թվականին ընդունեց «1915-23 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչելու մասին» օրենքը և նախագահը ստիպված էր ստորագրել այն: «Ժակ Շիրակը Թուրքիայի կողմնակից էր և ակտիվորեն աջակցում էր վերջինիս եվրաինտեգրման հարցերում, սակայն այն բանից հետո, երբ նա այցելեց Հայաստան, զգաց հայ ժողովրդի և հայկական հողի ողջ ջերմությունը, նա հասկացավ, որ խորապես մոլորության մեջ էր», - հիշում է Դևեջյանը:

Պատրիկ Դևեջյանը մի քանի տարի կարևոր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի կառավարությունում: 2004-2005 թվականներին եղել է արդյունաբերության, իսկ 2008-2009 թվականին` տնտեսության վերականգնման նախարար:

Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Սարկոզիի ընտրվելուց հետո Դևեջյանը նշանակվել է իշխող «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության գլխավոր քարտուղար: 2012 թվականին Նիկոլա Սարկոզիի պարտությունից հետո Դևեջյանը երկու անգամ վերընտրվել է խորհրդարանի պատգամավոր: Պատգամավոր եղած ժամանակ նա հասել է իր վարչության կողմից Հայաստանի Տավուշի մարզի համար ֆինանսական օգնության տրամադրման: Պատրիկ Դևեջյանի ակտիվ աջակցության շնորհիվ ստեղծվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության շրջանակը», որի մեջ ընդգրկվել են ազդեցիկ քաղաքական գործիչներ ամբողջ երկրից:

Ի դեպ, Պատրիկի հաղթած բազմաթիվ գործերից մեկը կարելի է համարել Մոնթե Մելքոնյանի (Ավո) գործը: 1982 թվականին Մոնթեն ձերբակալվում է Փարիզում` կեղծ փաստաթղթերով ճամփորդելու, ինչպես նաև Փարիզում թուրքական հյուպատոսության վրա հարձակմանը մասնակցելու մեղադրանքով, գրում է All-armenia.com-ը:

Պատրիկն ամուսանցած է, ունի 4 երեխա, որոնք նույնպես սովորել են հայկական դպրոցում:

Դևեջյանն ակտիվորեն պայքարում է հայկական սփյուռքի ներկայացուցիչների իրավունքների ընդլայնման, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն հետապնդելի դարձնելու համար, ինչի համար նրան անվանում են «Թուրքիայի գլխացավանք»: Թուրքական Miliyet թերթին տված հարցազրույցի ժամանակ «Մինչև ե՞րբ եք պայքարելու» հարցին Դևեջյանը պատասխանել է. «Մինչև մահ: Դա հոգնեցնող է, սակայն պատվի հարց է»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: