ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչքանո՞վ է հավանական ամերիկյան զինված միջամտությունը Վենեսուելայում

Ռուսաստանն ու ԱՄՆ Վենեսուելայում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին են ներկայացրել իրենց նախագծերը: Վաշինգտոնն առաջարկում է չեղյալ հայտարարել 2018 թվականի ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել է Նիկոլաս Մադուրոն և նոր նախագահական ընտրություններ անցկացնել Վենեսուելայում, քանի որ ռեժիմի գործողությունները «հանգեցրել են տնտեսության փլուզմանը` ստիպելով միլիոնավոր մարդկանց դուրս գալ Վենեսուելայից սննդի, բժշկական օգնության և հնարավորությունների որոնման համար»:

Ռուսական կողմի փաստաթղթում ընդգծվում է Վենեսուելայում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման կարևորությունը, ինչպես նաև նշվում է, որ Անվտանգության խորհուրդը սատարում է իրավիճակի լուծմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին` ներառյալ Մոնտեվիդեոյում մշակված մեխանիզմը: Նշենք, որ «Մոնտեվիդեոյի մեխանիզմի» հիմքում ընկած է Վենեսուելայի դեմ ցանկացած ուժային քայլի ժխտման սկզբունքը (այն ներկայացվել է Մեքսիկայի, Ուրուգվայի և Կարիբյան միության կողմից Վենեսուելայում տիրող իրավիճակի շուրջ Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում անցկացված կոնտակտային խմբի առաջին հանդիպման ժամանակ): 

Հատկանշականը, սակայն, այն է, որ մինչ Ամերիկան ու Ռուսաստանը նախագծեր են ներկայացնում ՄԱԿ ԱԽ Վենեսուելայում տիրող իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար, Վենեսուելայի ինքնահռչակ ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոն չի բացառում Միացյալ Նահանգների ռազմական միջամտության հնարավորությունը:  Նրա խոսքերով` օտարերկրյա ներխուժման հարցը «հակասական» է, բայց նա պատրաստ է անել ամեն ինչ`«մարդկային կյանքերը փրկելու» համար:  Թե ինչ կերպ է ռազմական միջամտությունն իրականացվելու, ընդդիմադիր գործիչը չի հստակեցրել:

Հատկանշականն այն է, որ եթե ավելի վաղ ընդդիմության առաջնորդը փորձում էր Վենեսուելայի զինվորականներին իր կողմը գրավելու միջոցով հեղաշրջում իրականացնել, ապա ներկայում, զգալով այս սցենարի ձախողման հեռանկարը, որոշել է դիմել արտաքին ուժերի անմիջական օգնությանը: Այս առնչությամբ Գուաիդոն իր կողմնակիցներին կոչ է արել դուրս գալ փողոց` ԱՄՆ-ից ուղարկվող մարդասիրական օգնությունը Վենեսուելա ապահովելու համար: Սա կարող է ռազմական միջամտության պատրվակ հանդիսանալ. այս կերպ ԱՄՆ զինվորական հրահանգիչները կարող են գաղտնի թափանցել Վենեսուելա երկրի ընդդիմությանը հեղաշրջման նախապատրաստելու նպատակով օգնություն տրամադրելու համար:

Նշենք, որ քաջ գիտակցելով այս ամենը` երկրի փաստացի նախագահ Մադուրոյի հրամանով Վենեսուելայի զինվորականներն արգելափակում են այն բոլոր ճանապարհները, որոնցով պետք է անցնեն բեռնատարները: Սակայն այս հանգամանքն ինքնին վտանգավոր է նրանով, որ կարող է հանգեցնել զինված ընդհարման ամերիկացների և վենեսուելացիների միջև, եթե ամերիկացիները փորձեն, այնուամենայնիվ, մուտք գործել երկրի տարածք:

Բացի այդ, Թրամփը կարող է ամերիկյան զորքերն ուղարկել Վենեսուելայի տարածք` օգտագործելով Հայիթի կղզի ամերիկյան բանակի ներխուժման փորձը:  Նշենք, որ դեռևս 1994-ին` Բիլ Քլինթոնի ղեկավարման տարիներին, «Ժողովրդավարությանն օժանդակություն» գործողության շրջանակներում ամերիկյան զորքերի ներխուժման արդյունքում Հայիթիում հեղաշրջում տեղի ունեցավ:

Սակայն միանշանակ պնդել, որ նույն հաջողությունն ԱՄՆ կունենա նաև Վենեսուելայի պարագայում, այդքան էլ իրատեսական չէ, եթե հաշվի ենք առնում Ռուսաստանի գործոնը: Եթե Հայիթիի հարցով Ռուսաստանն ավելի չեզոք դիրք էր գրավում, ապա Վենեսուելայի դեպքում հստակ նշում է, որ դեմ է Վենեսուելա ԱՄՆ ռազմական ուժերի ներխուժմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: