ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք-ամերիկյան հարաբերություններ. տարաձայնությունները խորանում են

Hürriyet Daily News

Թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիներին դարձել են խնդրահարույց` չնայած այն հանգամանքին, որ երկրները ռազմավարական դաշնակիցներ են: Կողմերի միջև ժամանակի ընթացքում կուտակվել են բազմաթիվ տարակարծություններ, որոնք կապված են մասնավորապես Սիրիայի ճգնաժամի, ռուս-թուրքական ջերմացման (այս համատեքստում C-400-ների գնումը), Թուրքիայում հեղաշրջման փորձին ամերիկյան վարչակազմի արձագանքի, Ֆեթուլլահ Գյուլենի ԱՄՆ-ում գտնվելու, Ջամալ Խաշոքջիի սպանության և այլ հարցերի հետ:

Անդրադառնալով այս հանգամանքներից Սիրիայի ճգնաժամին` հարկ է նշել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի իր դաշնակից ԱՄՆ-ի դեմ լարված է նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ը զինում է հարևան Սիրիայում քուրդ զինյալներին, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ։ Քրդական այդ խմբերին Թուրքիան համարում է ահաբեկչական: ԱՄՆ-ն իր հերթին զայրացած է, որ Թուրքիան մինչև մոտ 2015 թվականն աչք է փակել «Իսլամական պետության» և ջիհադական այլ խմբերի վրա՝ սահմանի երկու կողմում։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Չնայած Էրդողանի կողմից ժամանակ առ ժամանակ հնչող երկու երկրների հարաբերությունները «երբևէ այսքան մոտ չեն եղել, քան ներկայում» արտահայտությանը, ակնհայտ է, որ 2 երկրների միջև հարաբերություններն առնվազն մի քանի տարի է մնում են լարված: Թուրքիայում շատերը դեռ այն կարծիքին են, որ Ամերիկայի մատը խառն է եղել ձախողված հեղաշրջման գործում. համոզմունքն ամրապնդվում է այն փաստով, որ հեղաշրջման կազմակերպման գլխավոր կասկածյալ, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը ապրում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Էրդողանը ձգտում է հասնել իմամի արտահանձնմանը։ Գյուլենի դեմ ապացույցները կուտակվում են ու դեռ հեռու են ավարտից:

Անկարայի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունների պատճառներից մեկն էլ Թուրքիայի կողմից ռուսական C-400-ի ձեռքբերման որոշումն էր:  2018թ. ամռանն ԱՄՆ–ն 90 օրով արգելափակեց Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը: Այնուհետև Պենտագոնը զեկույց ներկայացրեց, համաձայն որի՝ Թուրքիան պատժամիջոցների առաջ կկանգնի, եթե գնի ռուսական ՀՕՊ համակարգերը։ Որպես այնընտրանք ԱՄՆ–ն Թուրքիային առաջարկում է ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգը։ 2018թ. դեկտեմբերին ԱՄՆ հայտարարեց, որ պետդեպարտամենտը թույլատրում է Թուրքիային մոտ 3,5 մլրդ դոլար արժողությամբ գործարքով գնել իրենց համակարգերը։ Թուրքիան մերժեց ռուսական ռազմական պաշտպանության համակարգերի ձեռքբերման մասին որոշումը վերանայելու Վաշինգտոնի առաջարկը: Որպես պատճառ մատնանշեց, որ Միացյալ Նահանգները գործընկերներին Patriot ՀՕՊ համակարգի ձեռքբերման համար զեղչ չի տրամադրում և հրաժարվում է տեխնոլոգիաների փոխանակումից: Անկարան նախապես զգուշացրել էր, որ կդիտարկի C-400-ի վերաբերյալ իր որոշումը վերանայելու հնարավորությունը միայն ԱՄՆ-ից զեղչ ստանալու և տեխնոլոգիաների փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությունների պայմանով:

Իսկ ինչ վերաբերում է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոքջիի սպանությանը, ապա Թուրքիան շահարկում է նրա անհետացման մասին սկանդալը`ԱՄՆ-Սաուդյան հարաբերություններում սեպ խրելու մտայնությամբ: Երկու երկրները մրցակցում են Մերձավոր Արևելքում տարածաշրջանային ազդեցության համար: Սաուդյան Արաբիան ապավինում է Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ ռազմաքաղաքական դաշինքին, իսկ Թուրքիան, ընդհակառակը, մերձենալով Ռուսաստանի և Իրանի հետ, փորձում է թուլացնել ամերիկյան ազդեցությունը տարածաշրջանում: Լրագրողի սպանության հետևանքով ստեղծված իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Սաուդյան Արաբիայի և Արևմուտքի հարաբերությունների վրա: Նման սցենարը մտնում է նաև Ռուսաստանի հետաքրքրությունների մեջ: ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների սրումը ձեռնտու է Ռուսաստանին այնքանով, որ արդյունքում տարածաշրջանում կթուլանա ԱՄՆ ազդեցությունը:

Վերոթվարկյալ բոլոր գործոնների առկայությունն իր հերթին կարող է անդրադառնալ Հայաստանի վրա` կանգնեցնելով դժվարությունների առջև ոչ միայն թուրք-ամերիկյան, այլև վերջին շրջանում առավել խորացող ռուս-ամերիկյան և իրանա-ամերիկյան բարդ հարաբերությունների առումով: Այստեղ մենք գործ ունենք երեք խոշոր տերությունների հետ, որոնք շրջապատում են Հայաստանը և դրանց զարգացումները կա´մ ուղղակի ազդում են, կա´մ կարող են ազդել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ անմիջապես Հայաստանի վրա: Այս հանգամանքները հաշվի առնելով` հարկ է փաստել, որ հավելյալ մեծ ջանքեր գործադրելու կարիք ունենք արտաքին քաղաքականության ոլորտում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: