ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եղածը չպետք է կրկնվի. Արմինե Ադիբեկյանը` Սումգայիթի ջարդերի մասին (ԲԱՑԱՌԻԿ)

Panorama.am

Երեսունմեկ տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները իրականացրեցին հայ բնակչության ջարդեր և բռնի տեղահանություն:

Թեմայի վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է սոցիոլոգ, ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի հետ հարցազրույցի երկրորդ մասը:


31 տարի առաջ այսօրը սկսվեցին Սումգայիթի ջարդերը: Տիկի'ն Ադիբեկյան, ըստ Ձեզ` Սումգայիթի, ինչպես նաև Կիրովաբադի (Գանձակի) և Բաքվի ջարդերը, ստացե՞լ են արդյոք համապատասխան իրավական գնահատական:

- Սումգայիթն ու Կիրովաբադը տեղի են ունեցել Խորհրդային միության ժամանակ, իսկ Բաքվի ջարդերը` ԽՍՀՄ փլուզումից հետո: Այստեղ պետք է հասկանալ, որ պատասխանատվություն կրողների ու պատասխանատվության բաշխման գործընթացները տարբեր են:

Սումգայիթի պարագայում Խորհրդային իշխանությունները, ելնելով տարբեր նկատառումներից, փորձեցին քողարկել, մեղմել տեղի ունեցածը, ինչն էլ հետագայում բերեց մնացած ողբերգություններին: Տեղի ունեցածը ներկայացվեց որպես զանգվածային անկարգություններ` չնայած դրանք լուրջ ջարդեր էին:

Չնայած այդ ամենին, այնուամենայնիվ, Խորհրդային միությունը լուրջ վերաբերմունք ցուցաբերեց, հարուցվեցին քրեական գործեր, նույնիսկ դատական գործերից մեկն ավարտվեց մահապատժով: Դատական ու հետաքննական գործերը կիսվել էին մի քանի մասի, քանի որ դրանք մի փաթեթով իրականացնելու դեպքում աղմկահարույց պատկեր կստացվեր և ակնհայտ կդառնար, որ տեղի էին ունեցել կազմակերպված ջարդեր` էթնիկ հողի վրա: Եվ դա էր պատճառը, որ գործերը կիսել էին ու ցրվել Խորհրդային միության տարածքով: Դատական քննությունը տարբեր քաղաքներում էր իրականացվում` հիմնական մասը հենց Բաքվում, մի մասը` Բելառուսում և Վորոնեժում: Ամենամեծ, ամենասարսափելի գործը դատական հետաքննության ենթարկվեց Մոսկվայում:

Այսինքն` խորհրդային իշխանություններն իրենց իրավասության և իրենց ողջամտության սահմաններում անում էին ամեն ինչ: Մի կողմից նրանք թույլ չտվեցին, որպեսզի ազգայնական կրակը բոցավառվի, մյուս կողմից էլ ադրբեջանական իշխանություններին և հայատյացությամբ լցված զանգվածին համոզեցին նրանց անպատժելիության մեջ, որից հետո էլ տեղի ունեցան ոչ միայն Կիրովաբադի, այլ նաև Բաքվի հայերի առաջին ոտնձգությունները:

Երբ ուսումնասիրում ենք փաստաթղթերը, առավել քան պարզ է դառնում, որ իրականում հայերի ջարդերը սկսվել են 1988 թվականի ամռանից, պարզապես դրանք լոկալ էին, զանգվածային բնույթ չէին կրում, իսկ ադրբեջանական իշխանությունները հետաքննություն չէին սկսում և այդ գործերն այդպես էլ չբացահայտվեցին:

Իսկ ինչ վերաբերում է Կիրովաբադին, ապա այնտեղ լուրջ հետևանքներ չեղան, քանի որ Սումգայիթի փորձից ելնելով` հայերը համախմբվեցին և կազմակերպված պաշտպանություն իրականացրեցին: Տեղի ունեցավ լուրջ դիմադրություն, և արդյունքում հնարավոր եղավ լքել քաղաքն առանց մարդկային կորուստների:

1990 թվականի հունվարի 13-ից արդեն սկսվեցին հայերի ջարդերը Բաքվում: Սա արդեն այն դեպքն է, որ այսպես ասած, կրում էր զանգվածային բնույթ: Սպանությունները, ոտնձգությունները սկսեցին 1988-ի ամռանից: Կարելի է ասել, որ Սումգայիթը աննկատ անցավ, քանի որ ոչ մի կերպ չլուսաբանվեց, թե որտեղ կամ ում են ձերբակալել: Եթե Ադրբեջանում իմանային, որ մահապատիժ է հասել այդ արարքի համար, ապա հետագա գործողությունները գուցե տեղի չունենային: Պարզ կդառնար, որ սա շատ ավելի լուրջ է, քան մտնել հայի տուն «ծեծել, սպանել, ունեցվածքը յուրացնել»: Անպատժելիության արդյունքում տեղի ունեցան հետագա ոճրագործությունները:

1990 թվականին արդեն Խորհրդային միությունը գոյությունը գրեթե դադարեցրել էր, պետական ինստիտուտները արդեն չէին գործում, իսկ դրանց ֆունկցիաները Ադրբեջանի տարածքում իրականացնում էր Ազգային ճակատը: Հունվարի 13-ին սկսվեցին հայերի ջարդերը Բաքվում, որոնք ավարտվեցին հունվարի 19-ին, երբ Խորհրդային միության բանակը տանկերով մտավ Բաքու, որպեսզի կանխի արնահեղությունը: Հունվարի 20-ին տանկերի տակ զոհվեցին 100-150 մարդ: Այդ օրն Ադրբեջանում կոչում են «սև հունվար», իսկ այդ մարդկանց` շեհիդներ, այսինքն մարդիկ, ովքեր զոհվել են հանուն Ադրբեջանի անկախություն: Սակայն սա չի համապատասխանում իրականությանը, եղելությունը հետևյալն էր. Ազգային ճակատը ժողովրդին դուրս էր բերել փողոցներ` կոչ անելով չենթարկվել բանակին, զորքերին և սեփական մարմնով պահել տանկերը, իսկ տանկերը իրենց գործն արեցին ու մինչև վերջ գնացին:

- Շատ է խոսվում միջազգային իրազեկվածությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին, իսկ մեր հասարակության իրազեկվածությունը թեմայի վերաբերյալ բավարար համարո՞ւմ եք: Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել այդ ուղղությամբ:

- Եթե անկեղծ լինեմ ես շատ զարմացած եմ, քանի որ միշտ կարծել եմ, որ այդ պատմությունները բոլորը գիտեն, ոչ մեկի համար գաղտնիք չի: Սակայն վերջերս մի առիթով հասկացա, որ երիտասարդությունն իրազեկվածության խնդիր ունի:

Այս խնդիրն ունի պետական աջակցության ու միջամտության կարիք: Նախ պետք է հասկանալ թե որ տարիքից է պետք խոսել այս մասին, որպեսզի ընկալումը ճիշտ լինի: 

Մենք խնդիր ունենք երիտասարդ սերնդի հետ աշխատանք տանելու, իրազեկելու: Այստեղ մենք պետք է ցուցաբերենք զգուշավորություն, քանի որ բացառելի չի, որ կնետվենք այլատյացության «գիրկը» և երիտասարդության մոտ կարծրատիպեր կձևավորվեն, որն անթույլատրելի է:

Անհրաժեշտ է, որպեսզի լուրջ հանձնաժողով աշխատի, որը բաղկացած կլինի պատմագետներից, հոգեբաններից, մանկավարժներից: Պետք է կարողանանք մի կողմից ճիշտ տեղեկատվություն տրամադրել, մյուս կողմից` թույլ չտալ, որ այն դառնա «ադրբեջանատյացության» հիմք: Այսինքն, պետք է իմանալ եղելությունը, ճիշտ գնահատել մեղավորներին, հասկանալ պատճառի ու հետևանքի խնդիրը: Այս ամենի արդյունքում երիտասարդների մոտ չպետք է սերմանել այն միտքը, որ ադրբեջանցին ասոցացվի Սումգայիթի, ու մահվան արժանի, միայն «քանդող» էակի հետ:

Ամփոփելով կարող եմ ասել, որ խնդիր ունենք ճիշտ մատուցման, ճիշտ ընկալման հետ: Այս ամենը չպիտի բերի այլատյացության դրսևորումների` իր հետևանքներով: Սակայն պետք է փաստել, որ եղածը չպետք է կրկնվի:

 Զրուցեց Ռոզի Միքայելյանը

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: