ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պայթունավտանգ իրավիճակ Վենեսուելայում. հայ համայնքը կարող է վտանգի առաջ կանգնել

businessinsider.com

Վենեսուելայում տիրող քաղաքական ճգնաժամն ավելի պայթունավտանգ է դառնում:

Վենեսուելան այսօր, փաստացի, հայտնվել է քաղաքացիական պատերազմի եզրին: Ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն, նախօրեին  վերադառնալով Կարակաս, բանակցություններ է սկսել վարել Վենեսուելայի պետական արհմիությունների հետ` կոչ անելով նրանց գործադուլներ սկսել ամբողջ երկրի տարածքով: Գուաիդոյի այս քայլը նպատակ է հետապնդում ավելի խորացնել երկրում տիրող քաղաքական ճգնաժամը, ինչն էլ ըստ նրա` կհանգեցնի Նիկոլաս Մադուրոյի իշխանության տապալմանը:

Սակայն նշենք, որ ներկայումս Վենեսուելայի բնակչությունը բաժանված է երկու ճամբարների: Չնայած կասկածի տակ է դրվում Մադուրոյի իշխանության լեգիտիմությունը, այնուամենայնիվ, հարկ է նկատել, որ բնակչության մի մասն աջակցում է վերջինիս: Ուստի` բռնի կերպով նրան իշխանությունից հեռացնելու դեպքում երկու կողմերի միջև բախումներն, ամենայն հավանականությամբ, անխուսափելի  են լինելու:

Բացի այդ, Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներն, ընդհանուր առմամբ, ապակայունացնում են իրավիճակը նաև հարևան երկրներում:  Այդ մասին է վկայում ԱՄՆ-ից մարդասիրական օգնություն փոխանցելու պատճառով Վենեսուելայի և Կոլումբիայի հարաբերություններում ստեղծված լարվածությունը: Երկու երկրների սահմանին տեղի ունեցած բախումները, որոնց հետևանքով երկու կողմից էլ զոհեր և վիրավորներ եղան, հանգեցրեց նրան, որ Վենեսուելան հայտարարեց Կոլումբիայի հետ դիվանագիտական կապերը խզելու և երկրից կոլումբիացի դիվանագետների մի մասին արտաքսելու մասին: Բացի այդ, Վենեսուելայի իշխանությունները փակեցին նաև Բրազիլիայի հետ սահմանը՝ թույլ չտալով միջազգային օգնության մուտքն այդ սահմանից, ինչը կրկին բախումների առիթ հանդիսանալով` հանգեցրեց մարդկային զոհերի:

Ստեղծված իրավիճակը վտանգներ է ստեղծում նաև Վենեսուելայում և հարևան երկրներում բնակվող հայ համայնքների համար:  Բնականաբար, այժմ Հայաստանի համար կարևորագույն խնդիր պետք է դառնա ամենօրյա իրավիճակային զարգացումներն ուշադրության կենտրոնում պահելը և Վենեսուելայի հայ համայնքի հետ կապերի ակտիվացումը:  

Նշենք, որ Վենեսուելայում ներկայումս բնակվում է մոտ 4000 հայ: Հայերը Վենեսուելայում սկսել են հաստատվել XX դ. սկզբին: Գաղթել են առավելապես Մերձավոր Արևելքի երկրներից, հատկապես Սիրիայից: Համայնքը ձևավորվել է 1930-ական թթ.-ին: Նրանց զգալի մասը կենտրոնացված է Կարակասում, մնացյալները բնակվում են Կունամա, Մարակայ, Վալենսիա, Բարսելոնա, Պուերտո Լա Կրուս քաղաքներում: Տեղի հայերի զգալի մասն արաբախոս է և իսպանախոս:

Վենեսուելայի հայ համայնքի ազգային կյանքը կազմակերպում է Գաղութային գործադիր վարչությունը: Համայնքում գործում են ՀՅԴ տեղական կազմակերպությունը, Արարատ հայկական ընկերակցությունը, Տիկնանց միությունը, տարբեր երիտասարդական միություններ, ինչպես նաև շաբաթօրյա վարժարան:

Հայոց հոգևոր հովվության կենտրոնը Կարակասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, որը կառուցվել է 1987թ.-ին և պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների թեմին:

2001 թվականին Կարակասի հրապարակներից մեկում տեղի հայ համայնքի հովանավորությամբ տեղադրվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթող: Նշենք, նաև, որ 2005 թ. հուլիսի 14-ին Վենեսուելայի ազգային խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:[1]

Ինչ վերաբերում է Բրազիլիային, ապա ներկայումս բրազիլահայերի թիվը կազմում է շուրջ 100,000, ինչն արձանագրվել է նաև 2015թ. հունիսի 2-ին ԲԴՀ Ազգային կոնգրեսի Դաշնային Սենատի` Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևում: Նրանք հիմնականում կենտրոնացված են Սան Պաուլոյում, Ռիո դե Ժանեյրոյում, Ֆորտալեզայում, Մատո Գրոսոյում, Պորտո Ալեգրեյում: Նրանց մեծ մասը թրքախոս է կամ արաբախոս:[2]

Բրազիլահայ համայնքը ղեկավարվում է իր կանոնադրությամբ: Այսօր Սան Պաուլո քաղաքում գործում է Հայ առաքելական «Սուրբ Գրիգոր» եկեղեցին` Էջմիածնական առանձին թեմի կարգավիճակով: Գործում են նաև Հայ Ավետարանական և Հայ Կաթողիկե եկեղեցիները, «Դուրյան» ազգային ամենօրյա վարժարանը, հայկական ծերանոցը, «Արարատ» հիվանդանոցը: Գործում է «Արմենիա Վիվա» հայկական ռադիոժամն ու «Արմենիա» ինտերնետային (www. armenia.com.br) կայքէջը:

Բրազիլիայի հայ համայնքի քաղաքական թևը ներկայացված է ՍԴ Հնչակյան, Ռամկավար Ազատական կուսակցությունների բրազիլական մասնաճյուղերով (ենթարկվում են արգենտինյան համապատասխան վարչություններին), ինչպես նաև ՀՅ Դաշնակցության կոմիտեով:

Բավականին ակտիվ և նախաձեռնող գործունեություն է ծավալում Հայ օգնության միությունը, որի հովանավորության ներքո գործում է նաև հայկական ծերանոցը: 1994 թվականից Սան Պաուլոյում է գործում նաև «Հայաստան» հիմնադրամի մասնաճյուղը:

Անդրադառնալով Կոլումբիային նշենք, որ չնայած երկրում «Արմենիա» անունով քաղաքի առկայությանն, այդ երկրում առանձին հայ համայնք գոյություն չունի:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: