ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր առաջնահերթ խնդիր է պահպանել արցախյան կարգավորման հարցում մեր կողմից դրված նշաձողը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպասվող հանդիպմանն ընդառաջ Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակն ավելի է լարվում:

Նախ հանդիպումից առաջ բանակցային հիմնական կետերի ու սկզբունքների վերաբերյալ հստակություն մտցնող հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ կոչ անելով կողմերին  զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն՝ վերսկսելու ռազմական գործողությունները: Ինչպես հասկանում ենք՝ առաջին մասն ուղղված էր Հայաստանին՝ ցույց տալով, որ միջնորդները դեմ են այս փուլում Արցախի ներգրավվմանը, իսկ երկրորդ մասով կոչն առավելապես ուղղված էր Ադրբեջանի դեմ: Այսպիսով հերթական անգամ փորձ արվեց հավասարության նշան դնել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և ուժի սպառնալիք կիրառելու քաղաքականության և հայկական կողմի պահանջների միջև, ինչը որևէ կերպ ընդունելի չէ:

Համանախագահները վերահաստատեցին նաև, որ կողմերը շարունակելու են բանակցությունները նախկինում արդեն հայտարարված կոնկրետ կետերի շուրջ: Հատկանշական է, որ այստեղ դուրս մնացին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի համաձայնությունները, ինչը նշանակում է, որ 2016-ից հետո բանակցային սեղանի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններն անտեսվում են և վերադարձ է արվում մինչև ապրիլյան պատերազմը գոյություն ունեցող վիճակին:

Սա անուղղակիորեն նշանակում է, որ միջազգային հանրությունը պարզապես աչք փակեց 2016-ի ադրբեջանական ագրեսիայի ու լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու փաստի վրա: Ադրբեջանի կողմից սա կարող է ընկալվել որպես կանաչ լույս՝ ցանկացած հարմար պահի վերադառնալու զենքի ուժով խնդիրը լուծելու իր կողմից մշտապես բարձրաձայնվող տարբերակին: Եվ եթե այս համատեքստում դիտարկենք Ադրբեջանի կողմից բոլորովին վերջերս սկսած լայնամասշտաբ զորավարժությունները, որոնց մասին տեղեկացված չէին համանախագահները, և որոնք հսկայական ծավալների զինտեխնիկա բերեցին առաջնագիծ, կարող ենք փաստել, որ այսօր Ադրբեջանն ամբողջ ծավալով կիրառում է պատերազմի սպառնալիքի ներքո Հայաստանից բանակցային սեղանի շուրջ զիջումներ կորզելու քաղաքականությունը: Այստեղ չափազանց կարևոր է Հայաստանի դիրքորոշումը, որից էլ կբխի հետագա դիրքավորումը բանակցային գործընթացում:

Արցախում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես տվեց հիմնական այս հարցերի պատասխանները: Մենք մեր դիրքորոշումը չենք փոխում: Այո, Արցախի մասնակցությունը մեզ համար քմահաճույք չէ, այլ հիմնական նպաստող գործոնը, որ ընթացող բանակցությունները տան այդքան սպասված արդյունքը: Այս դիրքորոշումը վերահաստատեց նաև ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ընթացքում: Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ նաև համանախագահների կողմից հայտարարված բանակցային հիմնական սկզբունքների ու կետերի խնդրին: Վարչապետի դիրքորոշումն է՝ կետերի շուրջ տարընթերցումներ չպիտի լինեն: Իհարկե, հարց է, թե կոնկրետ ո՞ր կետերի տարընթերցման մասին է խոսքը, թեև տեսականորեն առնվազն չի բացառվում, որ այս փուլում մեր կողմից խնդիր է դրված ժամանակ շահել և այս հայտարարությունները կարելի է ընկալել հենց այդ լույսի ներքո: Այնուամենայնիվ, թե ուր են տանում այս զարգացումները՝ դժվար է ասել:

Հեղափոխությունից և նոր իշխանությունների ձևավորումից հետո պաշտոնական Երևանը որոշակիորեն կոշտացրել է իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այսօր առաջնահերթ խնդիր է պահպանել մեր կողմից դրված նշաձողը: Ցանկացած հետքայլ ավելի ու ավելի կուժեղացնի Բաքվի դիրքերը:        

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: