ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ նպատակ է հետապնդում Հարավային Ամերիկայում ստեղծված նոր քաղաքական դաշինքը

The Santiago Times

Վենեսուելայի ճգնաժամի ֆոնին Հարավային Ամերիկայում նոր քաղաքական դաշինք է ստեղծվել՝  Հարավային Ամերիկայի առաջընթացի ֆորում (PROSUR) անվանմամբ:  Նոր դաշինքի ստեղծման նախաձեռնողներն են Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան և Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն:  Նոր դաշինքը նպատակ ունի ամրապնդել տարածաշրջանային կապերը և նպաստել երկրների միջև երկխոսության ձևավորմանը:  

Դաշինքի մեջ մտնում են Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Չիլին, Էկվադորը, Պարագվայը և Պերուն: Երկրների ղեկավարների համատեղ հռչակագիրը ստորագրվել է  Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում կայացած հանդիպման ժամանակ:

Հռչակագրի հիմնական վեց կետերն են.

  1. Ստորագրված հռչակագրի նպատակն է ստեղծել  տարածաշրջանային համագործակցության համակարգ` Հարավային Ամերիկայի երկրների արդյունավետ ինտեգրման համար, որը թույլ կտա նպաստել նրանց առաջընթացին և զարգացմանը:
  2. Այս նպատակով առաջարկվում է ստեղծել Հարավային Ամերիկայի առաջընթացի ֆորում (PROSUR) քաղաքական դաշինքը և այս ուղղությամբ  հանձնարարել արտաքին քաղաքական գերատեսչություններին խորացնել երկխոսությունը` համաձայն այս հռչակագրի կետերի:
  3. Հռչակագրում առկա կետերը պետք է աստիճանաբար իրականացվեն, ունենան ճկուն կառուցվածք` հստակ գործառնական կանոններով և  որոշումների ընդունման արագ արձագանքնման մեխանիզմներով, որը հիմնված կլինի Հարավային Ամերիկայի  պետությունների ընդհանուր և  ազգային շահերի վրա:
  4. Ստեղծված հարթակը  կընդգրկի ենթակառուցվածքների, էներգետիկայի, առողջապահության, պաշտպանության, անվտանգության և հանցագործությունների ու բնական աղետների կանխարգելման ոլորտներում  առկա գերակա խնդիրները:
  5. Այս հարթակին միանալու նախապայմաններն են ժողովրդավարության ամրապնդմանը նպաստելը, միմյանց Սահմանադրության, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը` միջազգային իրավունքին համապատասխան:
  6. Քաղաքական դաշինքի նախագահությունը կստանձնի Չիլիի Հանրապետությունը, իսկ մեկ տարի անց այն կփոխանցվի Պարագվայի Հանրապետությանը:

PROSUR-ն «առանց գաղափարախոսությունների և առանց բյուրոկրատիայի» դաշինք է, սակայն ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ  ունի լիակատար հանձնառություն:  Դաշինքը հնարավորություն կտա Հարավային Ամերիկայի երկրներին միասին աշխատելու, երկխոսելու և համագործակցելու նոր ուղիներ գտնել, ինչը կնպաստի ժողովուրդների ինտեգրմանը և զարգացմանը:

Նշվում է, որ Հարավային Ամերիկայի առաջընթացի ֆորումը ստեղծվել է ի հակակշիռ Ազգերի հարավամերիկյան միությանը (UNASUR), որը չի կարողացել լուծել իր առջև դրված Վենեսուելական ճգնաժամի խնդիրը։ UNASUR-ը ստեղծվել է 2008 թ.  Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի և Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի նախաձեռնությամբ: Այն իսկզբանե բաղկացած է եղել ձախ քաղաքական հոսանքներին հարող Հարավային Ամերիկայի 12 երկրներից, սակայն 2018թ.-ի ապրիլին հինգ երկրներ (Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պերուն և Պարագվայը) հայտարարեցին դաշինքից դուրս գալու մասին:  UNASUR- ը ստեղծվել է որպես Հարավային Ամերիկայի երկրների համար փոխըմբռնման հարթակ, որտեղ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերը նվազագույնի են հասցվում և որոշումները կայացվում են Հարավային Ամերիկայի երկրների շահերի հիման վրա:

Նշենք, որ համաժողովին հրավիրված չի եղել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, փոխարենը հրավիրված է եղել Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն: Վերջինս PROSUR-ի բոլոր անդամ պետությունների կողմից ճանաչված է որպես Վենեսուելայի լեգիտիմ ղեկավար: Չնայած նրան, որ Գուաիդոն ողջունել է նոր հարթակի ստեղծումը՝ նա հրաժարվել է ներկա գտնվել ֆորումին: 

Դաշինքին չեն միացել նաև Բոլիվիան և Ուրուգվայը: Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը (Մադուրոյի մոտ դաշնակիցը) և Ուրուգվայի նախագահ Տաբաե Վազքեզը ներկա չեն եղել համաժողովին (վերջինիս քննադատել է նոր ստեղծվող դաշինքի գաղափարը` կասկածի տակ առնելով դրա արդյունավետությունը):

Չնայած նրան, որ նոր դաշինքը նպատակ ունի ամրապնդել տարածաշրջանային կապերը` Մադուրոյի դաշնակիցների կարծիքով այն ստեղծվել է վերջինիս վրա ճնշումներ գործադրելու և նրա իշխանությունը հնարավորինս արագ տապալելու նպատակով:

 

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: