ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վստահություն` առանց պայմանավորվածությունների կատարմա՞ն

Այս օրերին լրանում է Ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցը: Եվ այժմ առավել քան երբևէ արդիական է խոսել այն մեխանիզմների մասին, որոնք նախատեսված են կանխարգելելու հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումն ու հրադադարի ռեժիմի խախտումները:

 

Ապրիլյան պատերազմից հետո նման մեխանիզմների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում, այնուհետև՝ վերահաստատվեցին Ժնևում: Դրանք ենթադրում էին միջնորդների և միջազգային հանրության անմիջական ներգրավմամբ և երաշխավորմամբ մեխանիզմների ներդրում, որոնք թույլ կտային արձանագրել հրադադարի խախտման դեպքերը, ինչը, բնականաբար, վեր կհաներ նաև մեղավորներին: Թափանցիկ և միջազգայնորեն ընդունելի մեխանիզմ:

Ադրբեջանն ամեն ինչ արեց դրանց ներդրումը թույլ չտալու, դրանցից ձերբազատվելու համար: Այդ թվում՝ օգտվեց Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից, նոր իշխանությունների հետ ձեռք բերեց երկկողմ բանավոր պայմանավորվածություն հրադադարը պահպանելու վերաբերյալ: Եվ պահպանելով այդ պայմանավորվածությունը (առնվազն՝ դեռ պահպանելով)՝ օրակարգից դուրս մղեց Վիեննան, Սանկտ-Պետերբուրգն ու Ժնևը: Այսօր այդ մասին խոսելիս հնչում է հակափաստարկ՝ թե ի վերջո անվանումն է կարևոր, թե՞ իրականությունը. նոր պայմանավորվածությունը գործում է, սահմանին զինվորներ չեն զոհվում:

Անխոս, այդ տեսանկյունից կարևոր է բովանդակությունը, և միշտ է կարևոր բովանդակությունը: Այդ պատճառով էլ՝ չի կարելի օրակարգից դուրս թողնել նախկին պայմանավորվածությունները միայն այն պատճառով, որ դրանք կապված են նախորդ իշխանությունների անվան հետ:

Կարևորը, իհարկե, բովանդակությունն է, որովհետև բանավոր այդ պայմանավորվածությունն այսօր կատարվում է, իսկ վաղը կարող է չկատարվել: Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ինքն է «Ազատությանն» ու «Սիվիլնեթին» տված հարցազրույցում նշել, որ չկա որևէ երաշխիք, որ այսօր գործող այդ բանավոր պայմանավորվածությունը կկատարվի նաև ապագայում: Իսկ չկատարվելու դեպքում կհնչի միջնորդների հերթական անդեմ, բոլորին ուղղված հայտարարությունը՝ կոչ անող պահպանել հրադադարը: Դրա փոխարեն, եթե կարողանայինք պնդել և հասնել առկա պայմանավորվածությունների կատարմանը, կունենայինք մեխանիզմ, որը հստակ կարձանագրեր նախահարձակ կողմին և կստիպեր միջազգային հանրությանն ավելի հասցեական և կոշտ լինել գնահատականների մեջ, իսկ մեզ հնարավորություն կտար, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ գործողություններ պահանջել և ուժեղացներ մեր դիրքերը:

Բացի այդ, նոր պայմանավորվածությունների հաշվին նախորդներից ազատվելու մշակույթն արմատավորելու դեպքում, մենք էլ ավելի ենք խորացնում կողմերի միջև առկա անվստահությունն ու առանց այդ էլ անցյալում կիրառված բացասական պրակտիկան, երբ երկար ջանքերի շնորհիվ ձեռք բերված պայմանավորվածություններն ուղղակի մնում են օդում:

Մնում է հուսալ, որ այս ամենը հաշվի է առնվում, և քայլեր կձեռնարկվեն՝ թույլ չտալու նախկին պայմանավորվածությունների դուրսմղում օրակարգից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: