ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սելինա Դողան. Թուրքիայում կայացած ընտրություններով ազդարարվեց Էրդողանի կուսակցության պարտության սկիզբը (ԲԱՑԱՌԻԿ)

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ « Արմեդիա» ՏՎԳ-ն   զրուցել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամ, Ստամբուլի Շիշլի շրջանի ավագանու անդամ, հայկական ծագմամբ քաղաքական գործիչ Սելինա Դողանի հետ:

-Տիկին Դողան, ինչո՞վ կարևորվեցին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները: Կարելի՞ է ասել, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ էրդողանի դիրքերը թուլացել են:

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության համար, փաստորեն, հաղթանակի բոլոր հնարավորություններն էլ կային: Մի երկրում, որտեղ տնտեսական վիճակն ավելի է վատթարանում, որտեղ հասարակության մեջ բևեռացումը չափազանց մեծ է, որտեղ ատելության խոսքի դրսևորումներն այնքան շատ են, երկրում, որն աստիճանաբար հեռանում է  Եվրոպայից, ընդդիմությունը ստանում է բոլոր հնարավորությունները հաղթելու համար:  Այնուամենայնիվ, մենք քարոզարշավն իրականացնում էինք անհավասար պայմաններում: Մրցապայքարն արդար չէր, քանի որ ԱԶԿ-ն (իշխող կուսակցությունը-խմբ.) օգտագործում էր իրեն պատկանող բոլոր մեդիա ռեսուրսները:

Նրանք օգտագործում էին նաև բոլոր հանրային ռեսուրսները և խախտում սահմանադրական սկզբունքները: Այսպիսով, մենք չունեինք հավասար հնարավորություններ: Բայց նույնիսկ այդ պայմաններում մենք հաղթեցինք. մենք հաղթեցինք Անկարայում, մենք հաղթեցինք Իզմիրում, Անթալիայում: Իրականում մենք հաղթեցինք նաև Ստամբուլում, սակայն ընտրությունների արդյունքներն այնտեղ այժմ վիճարկվում են ԱԶԿ-ի կողմից:  Նրանք չեն ցանկանում ընդունել ընտրության արդյունքները և կրկին ու կրկին վերահաշվարկ են անցկացնում: Նրանք չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Ստամբուլում պարտություն են կրել, քանի որ Ստամբուլը շատ կարևոր քաղաք է: Նույնիսկ իր վերջին հանդիպումներից մեկում նա (Էրդողանը-խմբ.) ասել է, որ  Ստամբուլում պարտություն կրելը կնշանակի պարտություն ամբողջ Թուրքիայում:

Պատճառն այն է, որ Ստամբուլի քաղաքապետարանը հսկայական ֆինանսական ռեսուրսներ ունի, որոնք փոխանցում են իրենց, այսպես կոչված, պահպանողական իսլամական հիմնադրամներին: Այսպիսով, այն մեծ կորուստ է նրանց համար: Այս ընտրությունները կարևորվեցին նրանով, որ ազդարարեցին քաղաքական դաշտում նրանց պարտության սկիզբը: Եվ այժմ նրանք պատրաստվում են իրենց ընտրազանգվածին նախապատրաստել այս ձախողմանը:

-Ի՞նչ ազդեցություն կունենան այս ընտրությունները Թուրքիայի ներքին քաղաքականության վրա:

Սա իշխող կուսակցության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված թեկնածուների քարոզարշավ չէր: Քարոզարշավը վարում էր անձամբ Էրդողանը: Նրանց համար այս ընտրությունները ոչ թե տեղական, այլ ընդհանուր ընտրությունների բնույթ էին կրում: Քաղաքներում նրանք իրենց ընտրողներին ասելու նոր բան չունեին: Այսպիսով, նախընտրում էին ընդհանուր հարցեր բարձրաձայնել` չանդրադառնալով քաղաքներում առկա խնդիրներին: Ինչպես նախկին ընտրություններում, այս անգամ նույնպես պոպուլիստական դիսկուրս բարձրացվեց:  Կրկին ստեղծելով ներքին թշնամու կերպար` նրանք նշում էին, որ այս ընտրություններով է որոշվելու երկրի ապագան:  Այսպիսով, ընտրություններն իրենց համար կյանքի և մահվան հարց էին: Արդյունքները ոչ միայն ցույց են տալիս, որ նրանք պարտություն կրեցին ՏԻՄ ընտրություններում, այլև ազդարարում են այն փաստը, որ հետագա ընտրություններում նույնպես կձախողվեն:

Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին թուրքական հասարակությունը մեծապես բևեռացված է եղել: Ստեղծված իրավիճակն այսպիսին էր` կամ աջակցում եք իշխանություններին, կամ հեռանում երկրից: Եվ իրականում հազարավոր մարդիկ հեռացել են երկրից, այդ թվում նաև հայեր, քանի որ նրանց թույլ չէին տալիս հանգիստ շնչել: Այնուամենայնիվ, ներկայումս հասարակության մեջ վերամիավորվելու և խաղաղ ապրելու հույս է արթնացել: Ինձ համար ամենակարևորը հասարակությունը վերամիավորելն է:

Սա այն է, ինչ հարկավոր է մեզ, քանի որ քաղաքական գործիչների շրջանում շատ մեծ տարածում է ստացել ատելության խոսքը և դա բացասաբար է ազդում հասարակության վրա: Այսպիսով, մենք հուսով ենք, որ հասարակությունը խաղաղության մեջ կսկսի ապրել: Բացի այդ, հույս ունենք, որ ընտրություններից հետո տնտեսական իրավիճակը կբարելավվի: Ավելին, ընտրությունները կնպաստեն նաև երկրի լեգիտիմության բարձրացմանը միջազգային հարթակում, քանի որ, եթե երկիրը չի ճանաչում ընտրությունների արդյունքները, այն չի կարող լեգիտիմ համարվել միջազային հանրության շրջանում:

-Հայ համայնքի համար ներկայումս ամենակարևոր հարցերից մեկը Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցն է: Կարո՞ղ են այս ընտրություններն ինչ-որ չափով իրենց ազդեցությունն ունենալ Պատրիարքի ընտրությունների վրա:

-Հայ համայնքի համար կարևոր հարցերից է ոչ միայն պատրիարքի ընտրությունը, այլև հայկական և առհասարակ երկրում առկա բոլոր փոքրամասնություններին ուղղված նամակի հարցը: Այս երկու հարցերը սերտորեն կապված են միմյանց հետ, քանի որ մի կողմից մենք չենք կարողանում ընտրել մեր հիմնադրամների անդամներին, իսկ մյուս կողմից՝  չենք կարողանում ընտրել մեր Պատրիարքին:

Մեսրոպ Մութաֆյանի մահից դեռևս շատ առաջ նոր պատրիարքի ընտրությունների հարցն արդեն իսկ բարձրաձայնվում էր: Այս հարցն արդեն տասը տարի է ընթացքի մեջ է: Եվ ես կարծում եմ, որ գործընթացը կշարունակվի ապրիլի 21-ից հետո, երբ լրանա 40-օրյա սգո շրջանը: ՏԻՄ ընտրությունների հետ որևէ կապ չեմ տեսնում, քանի որ այս հարցը միշտ էլ ընթացքի մեջ է եղել: Սակայն չի բացառվում, որ ընտրությունների անսպասելի արդյունքը, ընդհակառակը, կարող է հետաձգել Պատրիարքի նոր ընտրությունները, քանի որ այս երկրում չկա օրենքի գերակայություն: Սպասենք և տեսնենք` ինչ է լինում:

-Դուք Ստամբուլի Շիշլի շրջանում ընտրվել եք որպես ավագանու անդամ: Որո՞նք են լինելու Ձեր աշխատանքի գերակայությունները:

-Շիշլին շատ կարևոր շրջան է, որտեղ մենք ունենք եկեղեցիներ, սինագոգներ, ինչպես նաև փոքրամասնությունների համար նախատեսված դպրոցներ և հիմնադրամներ: Այն կոսմոպոլիտ շրջան է, որտեղ ինքս եմ բնակվում: Ես կարող եմ օգտագործել խորհրդարանի փորձս նաև տեղական մակարդակում: Ի դեպ, ես արդեն ստացել եմ իմ վկայականը: Շիշլին առաջարկում է բազմաթիվ հնարավորություններ: Այն ունի մեծ թվով բնակչություն, ինչպես նաև գործարար և մշակութային կենտրոններ: Մենք ունենք շատ ծրագրեր, և ես ոգևորված եմ, որովհետև հնարավորություն կունենամ ավելի մոտ լինել մեր քաղաքացիներին և օգտակար լինել նրանց:

 

Զրուցեց Արփինե Մելիքյանը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: