ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիբիա. պատերազմի և պատերազմի միջև

Reuters

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի համար կատաղի մարտերը շարունակվում են: Այսօր ավիահարվածներ են հասցվել Տրիպոլիում գործող միակ օդանավակայանին: Ռազմական գործողությունները դադարեցնելու ՄԱԿ-ի կոչերն անտեսվում են: Լիբիական ազատ բանակի հրամանատար մարշալ Խալիֆա Հաֆթարը, ով ապրիլի 4-ին հայտարարել էր Տրիպոլին գրավելու գործողության մեկնարկի մասին, բավականին վճռական է տրամադրված «մայրաքաղաքն իսլամիստներից ազատագրելու հարցում»:  Նրա կարծիքով` լիբիացի ժողովրդի փրկությունը վիճակված է հենց իրեն:

Նշենք, որ Տրիպոլիում գործում է ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությունը վայելող ազգային համաձայնության կառավարությունը Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ:  Տոբրուկում հաստատված խորհրդարանը, որը վերահսկում է երկրի արևելյան շրջանները, չի ճանաչում վերջինիս իշխանությունը:  Լիբիական ազատ բանակի հրամանատար մարշալ Խալիֆա Հաֆթարը վայելում է երկրի  արևելքում հաստատված իշխանությունների աջակցությունը:

Մարշալ Հաֆթարի կողմից Տրիպոլին գրավելու ռազմական գործողությունը բնավ անսպասելի չէր. Հաֆթարի ուժերն այժմ վերահսկում են Լիբիայի տարածքի երկու երրորդը: Գազով հարուստ հարավային շրջաններում իրենց վերահսկողությունը հաստատելուց հետո հաջորդ թիրախն ակնհայտորեն պետք է դառնային արևմտյան շրջանները` այդ թվում մայրաքաղաք Տրիպոլին, որտեղ կենտրոնացած է երկրի բնակչության մեկ քառորդը: Ընդ որում, մայրաքաղաքը գրավելու գործողության համար այժմ թերևս ամենահարմար ժամանակահատվածն է: Հարևան Ալժիրը, որն այս տարիներին, սեփական անվտանգության նկատառումներից ելնելով, փորձել է կիրառել հնարավոր բոլոր լծակները Լիբիայում ճգնաժամը ռազմական լուծումը բացառելու համար, չի կարողանում ճնշում գործադրել Հաֆթարի վրա իր մոտ տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների պատճառով:

Ապրիլի 14-15-ին նախատեսվում է ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացնել Լիբիայի հարցով համաժողով և նշանակել ընտրությունները երկիշխանությանը վերջ տալու նպատակով: Տրիպոլիի ուղղությամբ ռազմական գործողությունները կարող են էականորեն մեծացնել Հաֆթարի ազդեցությունը քաղաքական գործընթացներում` հատկապես որ նա վայելում է միջազգային և տարածաշրջանային մի շարք խաղացողների աջակցությունը: Խոսքն առաջին հերթին Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ռուսաստանի և Ֆրանսիայի մասին է:

Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն աջակցում են Տրիպոլիի իշխանություններին, սակայն գործնական քայլեր այդ ուղղությամբ դեռ չեն իրականացնում, առնվազն դրանք տեսանելի չեն (բացառությամբ ՄԱԿ ԱԽ բանաձևի, որը Ռուսաստանի վետոյի պատճառով չընդունվեց): Ավելին, ԱՄՆ-ը հայտարարել է Լիբիայից իր զորքերը դուրս բերելու մասին:

Ինչ վերաբերում է լիբիացի ժողովրդի դիրքորոշմանը, ապա այստեղ ամեն ինչ միանշանակ չէ: Լիբիայում բավականին մեծ է ցեղային ազդեցությունը: Այժմ Հաֆթարին աջակցում է ցեղային ընդարձակ կոալիցիան, որը ժամանակին աջակցում էր Քադաֆիին: Արևմտյան շրջաններում, սակայն,  բնակչությունը լուրջ մտավախություններ ունի, որ Հաֆթարի իշխանության հաստատումը կնշանակի երկրում բռնապետական կարգերի վերականգնում` թեև նրանք այլևս այդքան խանդավառությամբ չեն վերաբերում դեմոկրատական արժեքներին: Այնուամենայնիվ, տնտեսական և անվտանգային խնդիրներ ունեցող Լիբիայի բնակչությունը հոգնել է արդեն 8 տարի շարունակվող ճգնաժամից, և այն կարգավորելու ուղղությամբ իրական քայլեր են ուզում:

Ընդհանուր առամամբ, տպավորություն է, որ և´ միջազգային դերակատաների, և´ Լիբիայի բնակչության մոտ որոշակի ընկալում կա, որ Լիբիայում ճգնաժամին վերջ տալու համար միայն քաղաքական գործընթացը բավարար չէ:

Իսկ ինչ ելք կունենա Տրիպոլիի գրոհը, դեռևս դժվար է ասել: Հաֆթարի հաղթանակի հավանականությունը բավականին մեծ է` հատկապես եթե նրան հաջողվի ստանալ Տրիպոլիում գործող զինված խմբավորումների աջակցությունը: Ամեն դեպքում, այդ հաղթանակը և երկրում երկիշխանության վերացումը լիբիական ճգնաժամի կարգավորում չի կարող նշանակել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: