ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը 2018-2019 թվականներին

Arka.am

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից 104 տարի անց այս ոճրագործությունը դեռևս միջազգային հանրության կողմից լիակատար ճանաչման և դատապարտման չի արժանացել:

2018-2019 թվականներին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը համեմատաբար պասիվ եղել` հիմնականում տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով:

Այսպես, 2018 թվականի փետրվարի 16-ին Նիդերլանդների Խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու ընդունել որոշում, ըստ որի՝ երկրի պետքարտուղարը պարտադիր պետք է այցելի Ծիծեռնակաբերդ: Ստորին պալատի պատգամավորների մեծ մասը քվեարկել է 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:

Նույն թվականի ապրիլի 25-ին Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Ընդունված որոշման մեջ, մասնավորապես ասվում է. «Հայոց ցեղասպանությունը XX-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Այս ինստիտուցիոնալ հայտարարությամբ Ալկորկոնի քաղաքապետարանը ճանաչում է մարդկության դեմ գործված այս հանցագործությունը, որն արժեցավ մեկ ու կես միլիոն հայի կյանք և որի արդյունքում երկու միլիոն մարդ լքեց իր բնօրրանը»: Քաղաքային խորհուրդը նաև իր աջակցությունն է հայտնում ողջ հայ ժողովրդին և կոչ անում Իսպանիայի կենտրոնական իշխանություններին օր առաջ ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը»:

2018-ի նոյեմբերի 23-ին Անգլիայի Դերբի քաղաքի խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որում նշվում է, որ Խորհուրդը 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի սպանությունը ճանաչում է որպես հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն: Խորհուրդը նաև կոչ է անում կառավարությանը քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որը կայացել է 2019 թվականի փետրվարի 5-ին, ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Մակրոնը նաև նշել էր, որ անձամբ է տեղյակ պահել Էրդողանին իր որոշման մասին: Ի դեպ, Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

Իտալիայի Լացիո մարզի մարզային խորհուրդը մարտի 18-ի նիստում Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցին ընդառաջ միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը որպես պատմական իրողություն ընդունելու մասին բանաձևը։ Փաստաթղթում խորհրդի անդամներն իրենց զորակցությունն են հայտնում հայ ազգին՝ պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության համար մղած պայքարում։ Լացիոն դառնում է Իտալիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 136-րդ տարածքային ինքնակառավարման խորհուրդը։

Սույն թվականի մարտի 20-ին ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 49-րդ նահանգը: Ներկայում միայն Միսիսիպին է, որ դեռևս չի ճանաչել հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը:

2019 թվականի ապրիլի 11-ին Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որը կոչ է անում երկրի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և միջազգային մակարդակում բարձրացնել այդ հարցը:

Ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Իսպանիայի Բուրգոս քաղաքի քաղաքային խորհուրդը: Խորհրդի քաղաքական բոլոր խմբերը միաձայն հավանություն են տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքին:

Մոնրեալի քաղաքապետարանը ապրիլի 15–ին հատուկ նիստի ժամանակ ընդունել է բանաձև (հայտարարություն)՝ Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ։ Բանաձևի տեքստում մասնավորապես նշվում է, որ 1915թ․ Հայոց Ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որի ընթացքում նահատակ դարձավ հայ ազգի երկու երրորդը։ 2019թ․ ապրիլի 24-ը Մոնրեալում կհայտարարվի Հայոց Ցեղասպանության հիշատակման օր. այդ օրը քաղաքապետարանը հանդես կգա հատուկ ուղերձով՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերին և իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին։

Աշխարհի մոտ երեք տասնյակ երկրներ, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը, ամերիկյան 50 նահանգներից 49-ը, տարբեր երկրների տարածաշրջանային, քաղաքային իշխանություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ու կառույցներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: