ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի պատվիրակությունը Ուրուգվայում մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունն Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների։ Մասնավորապես, ապրիլի 23-ին պատվիրակությունը մասնակցել է Մոնտեվիդեոյում կազմակերպված հիշատակի երթին, որն ավարտվել է հանրահավաքով: Հանրահավաքին ելույթ է ունեցել նախարար Մայիլյանը:

Դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ԱՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումն էքզիստենցիալ նշանակություն ունի։ Մասիս Մայիլյանը նշել է, որ սփյուռքահայ կազմակերպություններն իրենց գործունեության առաջնահերթ ուղղությունների շարքում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ մեկտեղ հարկ է հավասարապես դիտարկեն նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը։

Ապրիլի 24-ին պատվիրակությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի «Ազատություն» և «Հայաստան» հրապարակներում կազմակերպված հանրահավաքներին։

Նախարար Մայիլյանը ելույթով հանդես է եկել «Հայաստան» հրապարակում կայացած միջոցառմանը, որին ներկա էին Ուրուգվայի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դիվանագետներ, հայկական կազմակերպությունների անդամներ և հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Իր խոսքում Արցախի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությունը նոր ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից, ինչպես նաև երախտագիտություն հայտնել Ուրուգվայի ժողովուրդին և իշխանություններին Մեծ Եղեռնից փրկված հայերին ապաստան տալու և Հայոց ցեղասպանության փաստն առաջինը ճանաչելու համար։ Նախարարը բարձր է գնահատել Ուրուգվայի օրվա իշխանությունների այդ աննախադեպ քայլը, որն ապացուցել է ուրուգվայցիների համար մարդու իրավունքների և արդարության առաջնային նշանակությունը։

Նույն օրն Արցախի պատվիրակությունը մասնակցել է Ուրուգվայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Սեսիլիա Բոթինոյի և Հայ Դատի հանձնախմբի համատեղ ջանքերով։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: