ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախ. «խաղաղության պարտադրանք» եզրույթը կրկին արդիականանում է

Արցախի սահմանին հակառակորդի կրակոցից 19-ամյա Սիփան Մելքոնյանի մահը նորից ակտիվացրեց պատերազմի ու խաղաղության մասին խոսակցությունները, որոնք վերջին տարվա ընթացքում այլ՝ առավել մարդկային նրբերանգ էին ստացել: Դուշանբեում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո երկու առաջնորդների բանավոր համաձայնությունը պահպանվում էր`սահմաններում զոհ չկար: Եվ չնայած՝ շատ փորձագետներ մեղադրում էին Հայաստանի իշխանություններին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները մոռացության մատնելու համար, մի բան ակնհայտ էր. Դուշանբեի բանավոր պայմանավորվածությունը գրավոր համաձայնագրերից լավ էր «աշխատում»: Բայց…

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի օրերին պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ հայկական դիպուկահարի գնդակից ադրբեջանցի մայոր է սպանվել: Սրան անմիջապես արձագանքեցին Հայաստանն ու Արցախը՝ հայտարարելով, որ հայկական կողմերն առնչություն չունեն կատարվածի հետ: Սակայն պատերազմի մեքենան նոր թափով աշխատեց: Հենց հաջորդ օրը, իբրև որպես պատասխան, Արցախի սահմանին հակառակորդի կրակոցից հայ զինվոր սպանվեց:

Շատ փորձագետներ հակված են այն կարծիքին, որ ադրբեջանցի մայորի մահը (առանց հայկական միջամտության) ադրբեջանական քարոզչության կողմից օգտագործվում է իրավիճակն ապակայունացնելու համար: Եվ արդյունքում նորից լռեցվում են վերջին շրջանում հնչող խաղաղության մասին խոսակցությունները: Ի վերջո, ի՞նչ նպատակ է հետապնդում իրավիճակն ապակայունացնելուն միտված Բաքվի քաղաքականությունը: Արդյո՞ք Բաքուն ուզում է ձեռքերն ազատել նոր պատերազմի պատրաստվելու համար, ինչպես 2016-ի ապրիլին, թե՞ նպատակը հայաստանյան նոր իշխանությունների էմոցիաների հետ խաղալն է՝ սահմանում զինվորի մահն իբրև սպառնալիք օգտագործելով՝ զիջումներ կորզելու համար:

Հայաստանի ԱԳՆ-ն արդեն դատապարտել է «իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը, ինչը դրսևորվել է սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով, ինչը հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Սիփան Մելքոնյանի սպանությանը»: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ին, ապա վերջինս մարդկային կորուստների և փոխադարձ տարաձայնությունների «միակ մեղավոր» հայտարարեց Հայաստանին: Թվում է, թե փոփոխվող քաղաքական հռետորաբանությունն ամեն ինչ վերադարձրել է իր տեղը`հիշեցնելով, որ խաղաղության շուրջ երկխոսությունը պետք է փոխադարձաբար անկեղծ լինի, խաղաղության նախապատրաստումը պիտի զուգահեռաբար արվի հակամարտության մեջ ներգրավված բոլոր երեք երկրներում, իսկ «կիրթ Ալիևի» կերպարին կարող են հավատալ միայն ղարաբաղյան իրողություններից շատ հեռու մարդիկ:    

ՀՀ ԱԳՆ-ն նորից հիշեց սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմներին առնչվող Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերի մասին,  որոնք պաշտոնական Ադրբեջանը համառորեն «մոռանում է»: ԵԱՀԿ Մինսկի խումբը, խոսելով մարդասիրական խնդիրներր մասին, նորից հետքայլ արեց՝ հերթական անգամ չնշելով Արցախի սահմանին հրադադարի պահպանման ռեժիմի իրական խախտողին: Ի դեպ, հնարավոր է, որ իրենց՝ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման առաքելության ձախողումը ևս դարձել է Ադրբեջանի կողմից չարության հերթական բռնկման կատալիզատոր: Չէ՞ որ հայտնի է, որ պաշտոնական Բաքուն բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով ցանկանում է իր երկիր վերադարձնել Արցախում իրենց պատիժը կրող երկու մարդասպաններին՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին: Իսկ Ստեփանակերտում կարծում են, որ Բաքուն այս ճանապարհով փորձում է հավասարության նշան դնել հանցագործների և Ադրբեջանում պահվող հայ գերիների միջև: Եվ Արցախի իշխանությունները վստահ հայտարարում են, որ չեն վարել և չեն պատրաստվում վարել բանակցություններ այդ հանցագործներին վերադարձնելու շուրջ, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս. որ Բաքվի այդ ցանկությունը Մինսկի խմբի համանախագահները չկարողացան կյանքի կոչել:

Իսկ ի՞նչ ակնկալել:

Հայաստանի ԱԳՆ-ն նշում է, որ Ադրբեջանը լիարժեք պատասխանատվություն կկրի իրավիճակի հետագա սրման ռիսկերի հետ կապված և հիշեցնում է Ադրբեջանի կողմից բռնության, վայրագությունների և ագրեսիայի նախորդ փորձերի, ինչպես նաև Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ռիսկերի մասին: Ռազմական էսկալացիայի հնարավորությունն ակնհայտ է, առավել ևս, որ շատ փորձագետներ պնդում են, որ անցկացված զորավարժություններից հետո Ադրբեջանը հետ չի քաշել իր զորքերը: Այս ամենը նշանակում է, որ այսօր բանակցային գործընթացը նորից վերադարձել է հին ռելսերի վրա: Խաղաղության շուրջ երխկոսությունն այսօր, ինչպես և նախկինում, կախված է առավելապես սահմանին կանգնած զինվորների պատրաստվածությունից, պաշտպանական մեխանիզմներից, և եթե անհրաժեշտ է՝ այս ուղղությամբ իրականացվելիք կանխարգելիչ քայլերից: «Խաղաղության պարտադրանք» եզրույթը կրկին արդիականանում է, և պիտի հույսներս դնենք ինքներս մեզ վրա: Այդ թվում՝ հստակ գիտակցելով, որ Արցախն այսօր համար մեկ համազգային գաղափարն է՝ անկախ նրանից, թե ով ինչ կասի…

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: