ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ ընթացակարգով է տեղի ունենալու Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը. հարցազրույց Արամ Աթեշյանի հետ (ԲԱՑԱՌԻԿ)

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները տեղի են ունենալու հուլիսի 4-ին: Եկեղեցական ավանդույթների համաձայն՝ նոր պատրիարքի ընտրության գործընթացը պետք է գլխավորի պատրիարքական տեղապահը: Թեմայի շուրջ «Արմեդիա ՏՎԳ»-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի հետ:

- Սրբազա´ն Հայր, Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրության օրը նշանակված է հուլիսի 4-ին: Ի՞նչ ընթացակարգով է այն անցկացվել:

- Ինչպես նշեցիք, տեղապահի ընտրությունները պետության հրահանգով հետաձգվել են հուլիսի 4-ին: Ամսի 4-ին, ժամը 10-ին եկեղեցական դասի անդամներով հավաքվելու ենք Գում Գափուի (Ստամբուլի հայաբնակ թաղամասերից մեկը- խմբ.) մայր եկեղեցում կարճ արարողություն կատարելու համար: Պետք է հավաքվենք  պատրիարքարանի դահլիճում: Կարճ խորհրդակցություն տեղի կունենա, որից հետո յուրաքանչյուր հոգևորական գաղտնի քվեարկությամբ իր քվեն կտա: Քվեաթերթիկները պետք է դրվեն ափսեի մեջ, որից հետո երկու հոգևորական պետք է կարդա դրանցում նշված անունները: Քվեների մեծամասնությունն ստացած թեկնածուն էլ կնշանակվի տեղապահի պաշտոնում:

- Ո՞վ կարող է նշանակվել Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում:

- Տեղապահի թեկնածու կարող են դառնալ միայն Պոլսում պաշտոնավարող եպիսկոպոսները:

- Ինչպես հայտնի է, Դուք նույնպես առաջադրելու եք Ձեր թեկնածությունը: Որո՞նք են լինելու Ձեր առաջնահերթությունները:

- Ես նույնպես պահանջներին համապատասխանող եպիսկոպոս եմ և թեկնածու: Միակ առաջնահերթությունս հնարավորինս շուտ պատրիարքական ընտրություններին հասնելն է լինելու, իհարկե, պետության կողմից կանոնադրություն ստանալուց հետո (քանի որ ընտրության համար հստակ կանոնադրություն գոյություն չունի, ամեն անգամ պետությունը հատուկ կանոնադրություն է տալիս, ըստ որի էլ տեղի է ունենում ընտրությունը- խմբ.):

- Հայ համայնքը մեկ ընդհանուր դիրքորոշում ո՞ւնի ընտրությունների հարցում:

- Համայնքը երկու խմբի է բաժանված՝ յուրաքնաչյուրն իր նախընտրած եպիսկոպոսին է ցանկանում տեսնել այդ պաշտոնում:

 

 

Զրուցեց Արփինե Մելիքյանը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: