ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի մասին նոր օրինագիծը մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի համար

© РИА Новости / Михаил Воскресенский/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի և կազմակերպությունում ներկայացված երկրների լիազորությունների հստակեցման մասին օրինագծերի փաթեթը:  Փաստաթղթի հիմնավորման մեջ նշված է, որ  երկրորդ արձանագրությամբ հաստատվում են արտոնություններ ու անձեռնմխելիություն ոչ միայն գլխավոր քարտուղարի ու նրա ընտանիքի անդամների համար, այլև նրա տեղակալների ու նրանց ընտանիքի անդամների համար: Երրորդ արձանագրությամբ նախատեսվում է սահմանել ՀԱՊԿ «դիտորդ» և «գործընկեր» կարգավիճակներն այն երկրների ու միջազգային կազմակերպությունների համար, որոնք կազմակերպության անդամ չեն, սակայն կիսում են նրա նպատակներն ու խնդիրները։

Նշենք, որ առաջին հերթին այս փաստաթղթի վավերացումը Հայաստանի համար խնդրահարույց է նրանով, որ ՀԱՊԿ-ի հանդեպ տարբեր շարժառիթներով հետաքրքրություն կարող են ցուցաբերել առաջին հերթին Ադրբեջանն ու Պակիստանը: Ադրբեջանում` այդ թվում փորձագիտական շրջանակներում, մի քանի անգամ շոշափվել է ՀԱՊԿ հանդեպ հետաքրքրության հարցը՝ Արցախյան հակամարտության ադրբեջանանպաստ դիրքորոշման համատեքստում: Բացի այդ, վերջին շրջանում հենց կառույցի ներսում են  բավականին ակտիվացել Ադրբեջանին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու շուրջ խոսակցությունները:  Ինչ վերաբերում է Պակիստանին, ապա վերջինս 2016թ.-ին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու փորձ  արդեն իսկ կատարել է: Սակայն հայկական պատվիրակության ջանքերով այդ հարցը հանվել էր ՀԱՊԿ ԽՎ խորհրդի  նիստի օրակարգից: Պակիստանը մինչ այժմ նույնիսկ չի ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը,ավելին, միակողմանի կարգով աջակցում է Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը: Դրա դրսևորումն էր ապրիլյան պատերազմի օրերին Պակիստանի կողմից Ադրբեջանի գործողություններին աջակցությունը: Հետևաբար` նոր արձանագրությամբ հաստատված ՀԱՊԿ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակների սահմանումը նոր մարտահրավերներ կարող է ստեղծել Հայաստանի համար:

Սակայն հետաքրքրականն այն է, որ վավերացման ներկայացված 2002 թվականի հոկտեմբերի 7-ի ՀԱՊԿ Իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ և երրորդ արձանագրությունները ստորագրվել են 2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում:

Հայաստանը մասնակցել է Աստանայի քննարկումներին և, փաստացի, տվել է իր համաձայնությունն այս փաստաթղթի ընդունման համար, ինչն էլ մի շարք հարցեր է առաջացնում: Արդյո՞ ք ՀՀ իշխանությունները երաշխիքներ ստացել են, որ նոր փոփոխությունները լրացուցիչ մարտահրավերներ չեն ստեղծի Հայաստանի համար, թե՞ ՀԱՊԿ-ում Հայաստանի վարած քաղաքականությունն այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նրանց ձայնն արդեն լսելի չէ: Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են ակնկալում իշխանություններից:

Ինչ վերաբերում է գլխավոր քարտուղարի ու նրա ընտանիքի անդամների անձեռնմխելիության վերաբերյալ արձանագրությանը, եթե հաշվի առնենք, որ այս հարցի շուրջ քննարկումները սկսվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումից հետո, ստացվում է, որ այժմ փորձ է արվում բացառել նմանատիպ դեպքերի կրկնությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: