ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի հետ առևտրի Եվրամիության մեխանիզմը կարող է արդյունավետ լինել նաև Հայաստանի համար

trust.ua

Եվրամիությունը կշարունակի աշխատել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շրջանակներում, որպեսզի Իրանը վերադառնա գործարքի պայմանների լիարժեք իրականացման: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդից հետո:

Մասնավորապես, ԵՄ անդամ երկրները համաձայնության են եկել Իրանի հետ առևտրի INSTEX մեխանիզմն ավելի արագ և արդյունավետ դարձնելու անհրաժեշտության շուրջ: Հիշեցնենք, որ այս մեխանիզմն ստեղծվել է 2019 թվականի հունվարին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի նախաձեռնությամբ և նախատեսում է, որ իրանական նավթ և այլ ապրանքներ Եվրոպա մատակարարելու համար գումարներն իրանական բանկերին ուղարկվելու փոխարեն կտրամադրվեն եվրոպական ընկերություններին, որոնք Իրանին արդյունաբերական ապրանքներ, դեղորայք և սնունդ են մատակարարում: Մեխանիզմից Իրանի դժգոհությունները պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ նավթի դիմաց Իրանին մատակարարվող այդ ապրանքները չեն գտնվում պատժամիջոցների տակ, և փաստացի այս մեխանիզմը շրջանցում է միայն  բանկային SWIFT համակարգից Իրանին անջատելու դժվարությունները: Գործարքը պահպանելու համար Եվրոպան պետք է ունենա մեխանիզմ, որը շրջանցում է ոչ թե մեկ, այլ Իրանի տնտեսությանն էական վնաս հասցնող ամերիկյան բոլոր պատժամիջոցները: Եվ չնայած հայտարարված պատրաստակամությանը՝ Եվրամիությունը դժվար թե կարողանա համոզել եվրոպական ընկերություններին ամերիկյան շուկան փոխարինել իրանականով:

Սակայն պետք է նկատել, որ ԵՄ կողմից նման որոշման ընդունման փաստն արդեն կարող է դրական ազդեցություն ունենալ Իրան-ԱՄՆ հարաբերությունների վրա՝ առնվազը լարվածությունն  էլ ավելի չսրելու տեսանկյունից: Այս որոշմամբ Եվրամիությունը վերահաստատեց, որ որևէ կերպ չի աջակցում Իրանի դեմ Թրամփի քաղաքականությանը և արդյունքում ոչ թե Իրանը կարող է հայտնվել մեկուսացման մեջ, այլ Միացյալ Նահանգները: Այս հանգամանքը Վաշինգտոնի համար կարող է զսպող լինել Իրանի դեմ ավելի կտրուկ գործողությունների դիմելու հարցում:

Նշենք, որ INSTEX-ի աշխատանքի տրամաբանությունը կարող է արդյունավետ գործել Իրանի հետ նաև Հաաստանի համագործակցության պարագայում: Հայաստանն ու Իրանն արդեն սկսել են քննարկել ապրանքների դիմաց իրանական գազի Հայաստան առաքման տարբերակը: Սակայն այս նախագիծն իրականություն դառնալու համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք իրականացնել: Ապրանքներ գազի դիմաց նախագծի իրականացումն իհարկե կարևոր է Թեհրանի համար, սակայն չպետք է մոռանալ, որ Հայաստանն Իրանի համար բավականին փոքր շուկա է, և մեծ հաշվով տնտեսական խնդիրների լուծման հարցում Իրանն այդ գործարքի հետ կապված մեծ հույսեր չունի: Նման տարբերակով համագործակցությունը Հայաստանին հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել էներգակիրների աղբյուրները: Սա շատ կարևոր է մեր էներգետիկ անվտանգության համար՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանի անկայունությունը: Ընդ որում, գործարքի կայացման ուղղությամբ պետք է հետևողական աշխատանք տանել ոչ միայն Թեհրանի, այլև բոլոր գործընկերների հետ՝ հիմնավորելով դրա անհրաժեշտությունը մեզ համար: Այս ուղղությամբ դիվանագիտական արդյունավետ աշխատանքի պարագայում կարող ենք խուսափել ինչպես ամերիկյան պատժամիջոցներից, այնպես էլ այդ կապակցությամբ Ռուսաստանի հետ հարաբերություններում բարդություններից՝ հատկապես, որ մենք դրա փորձն արդեն ունենք. Հայաստանն ու Իրանն իրականացնում են գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: