ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը Արցախյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջ մղում

Ռուսաստանը կրկին ընդգծում է իր հատուկ դերն Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում և սեփական կարգավորման տարբերակն է առաջ մղում: Դա առավել ակնհայտ դարձավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝  Հայաստան կատարած այցի և արված հայտարարությունների ֆոնին:

Լավրովի երևանյան այցից առաջ «Մեդիամաքսին» տրված հարցազրույցն ու ասուլիսի ժամանակ արված հայտարարությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանն ընդգծում է իր հատուկ դերը, որպես Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդ և հակամարտության կարգավորման իր տեսլականն է առաջ մղում: Հատկապես ուշադրության է արժանի Լավրովի այն դիտարկումը, որ Ռուսաստանը, թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության, թե՛ ազգային մակարդակով՝ պատրաստ է ակտիվ միջնորդական ներգրավվածություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ:

Լավրովի հայտարարությունը, որ ցանկացած պայմանավորվածության ամրագրման դեպքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, բնակչության համաձայնությունը պարտադիր է լինելու, մեծ ոգևորություն առաջացրեց: Սակայն, այստեղ նորություն չկա՝ հակամարտության կարգավորման այսպես կոչված «մադրիդյան» սկզբունքների գաղտնազերծված մասում հստակ նշված է, որ Արցախի վերջանական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով:

Այս հարցի վերաբերյալ Լավրովի հայտարարություններն ավելի շատ մտահոգության, քան ուրախանալու տեղիք են տալիս: Այցին նախորդած հարցազրույցում Լավրովը նշել էր, որ «կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա»: Իսկ սա նշանակում է, որ ռուսական կարգավորման տարբերակում հանրաքվեի արդյունքները կարող են ոչ թե վերջնական լուծում թելադրել, այլ բանակցությունների հիմք ծառայել՝ այսինքն հետագա քննարկման և համաձայնեցման դրվել:

Սա մեզ համար հստակ հետքայլ է, որին համաձայնելը հայկական կողմերի համար խիստ բացասական հետևանքներ կարող է ունենալ: Դրանով էլ բացատրվում են Ռուսաստանի արտգործնախարարի ռևերանսները Հայաստանի իշխանությունների հասցեին և դրական գնահատականները հարաբերությունների առկա մակարդակի վերաբերյալ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: