ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-ամերիկյան հարաբերությունները 2019թ.-ին

Mario Tama/Getty Images

2019թ.-ին հայ-ամերիկյան հարաբերություններում որոշակի ակտիվացում նկատվեց, սակայն բեկումնային առաջընթաց գրանցել այդպես էլ չհաջողվեց:

Այդ համատեքստում տարին նշանավորվեց մայիսի 7-ին ամերիկյան ներկայացուցչական պատվիրակության Հայաստան կատարած այցով:  Այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի գլխավորությամբ Երևանում գումարվեց հայ–ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին նիստը, որն անձամբ Ջորջ Քենթի գնահատականով, անցել է բարեկամության և համագործակցության մթնոլորտում։ Նիստի ընթացքում բացի  գիտակրթական, էներգետիկ, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և նորարարության, զբոսաշրջության և այլ ասպարեզներում տեղի ունեցած քննարկումներից, ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստորագրվեցին աջակցության համաձայնագրեր, որոնցով տնտեսական աճի խթանման և արդյունավետ կառավարման նպատակով հստակեցվեց մինչև 16 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում:

Ամերիկյան պատվիրակության այցից հետո հունիսի 19-ին տեղի ունեցավ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցն ԱՄՆ: Այցի ընթացքում Վաշինգտոնում կայացավ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի,  ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի և ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, որոնց ժամանակ հիմնականում կրկին կարևորվեց հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի հաստատումը, որն, ըստ նրանց, ամուր հիմք է երկկողմ օրակարգի շարունակական հարստացման և ընդլայնման, քաղաքական երկխոսության ամրապնդման համար:

Մնացականյանի այցին հաջորդեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ: Հատկանշականն այն է, որ այցի ընթացքում ձեռք են բերվել մի շարք նախնական պայմանավորվածություններ (օրինակ՝ «Սերվիս Թայթն» ընկերության 50 հոգանոց մասնաճյուղի ստեղծում Երևանում, ամերիկյան Բիզնես ֆեդերացիայի ներկայացուցիչների՝ Հայաստան այցի կազմակերպում), սակայն մինչ օրս պայմանավորվածություններից և ոչ մեկն այդպես էլ կյանքի չի կոչվել:

Ի դեպ, փոխվարչապետի այցի հետ համընկավ նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության 12 օրյա  աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ, ինչը ներհայաստանյան բուռն քննարկումների առիթ հանդիսացավ:

Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց Առաջնորդների ֆորումի աշխատանքներին, այդ ֆորումի շրջանակներում հուլիսի 16-ին հանդիպեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, հանդիպեց ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի հետ, ԱՄՆ կոնգրեսականների հետ, որոնց հետ սակայն 12 օրվա ընթացքում ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել, այլ նրանց է ներկայացվել միայն մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մանրամասները:

Տարվա երկրորդ կեսը նշանավորվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցով: Չնայած նրան, որ հեղափոխությունից հետո շատ էր խոսվում Թրամփ-Փաշինյան հանդիպման մասին, և նույնիսկ արտգործնախարարի մակարդակով նշվում էր, որ այդ հանդիպումը Հայաստանի համար օրակարգային կարևոր հարց է դարձել, սակայն այդուհանդերձ, այդ հանդիպումը տեղի չունեցավ:   ԱՄՆ կատարած այցի ընթացքում Փաշինյանը հանդիպեց միայն Կալիֆորնիայի նահանգապետի, փոխնահանգապետի և Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Դրափեր համալսարանի միջև։ Իսկ Նյու Յորքում Հայաստանի և Կալիֆորնիայի նահանգի միջև համագործակցության վերաբերյալ ստորագրվեց Շրջանակային համաձայնագիր: Չնայած նրան, որ տարբեր հարթակներով փորձ է արվում այս համաձայնագրի ստորագրումը բավականին մեծ ձեռքբերում համարել, սակայն նշենք, որ վերջինս իրավական պարտադիր ուժ չունեցող փաստաթուղթ է:

Տարվա երկրորդ կեսին տեղի ունեցավ նաև հայ-ամերիկյան բարեկամական խմբի այցն ԱՄՆ: Հետաքրքրականն այն է, որ պատվիրակության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ հայ-ամերիկյան բարեկամության խումբը նախաձեռնում է Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին Աջակցության ակտի ընդունման գործընթաց: Նշենք, որ այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից նմանատիպ փաստաթուղթ է ընդունվել Վրաստանի վերաբերյալ, որով նախատեսվում է նաև, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կարող է կիրառել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կձեռնարկեն Վրաստանի տարածքային ամբողջականության կամ մարդու իրավունքների դեմ ուղղված քայլեր: 

Հարկ է նշել, որ ռազմավարական երկխոսությունը, որի մասին շատ է խոսվում, դեռևս իրենից չի ենթադրում ռազմավարական հարաբերություններ: Իհարկե, բավականին դրական է, որ ՀՀ-ի և ԱՄՆ միջև ռազմավարական երկխոսության ծրագիր է ստորագրվել, ինչը ցույց է տալիս, որ հարաբերություններում որոշակի դրական դինամիկա է արձանագրվել, սակայն հարկ է նաև նշել, որ եթե Միացյալ Նահանգները Վրաստանին և Ադրբեջանին համարում է ռազմավարական-գործընկեր պետություններ, ապա Հայաստանին ինչ-ինչ պատճառներից ելնելով համարում է միայն ռազմավարական զրուցակից: Եվ ասելը, որ հայ-ամերիկյան հարաբերություններում որևէ բեկումնային ճեղքում է տեղի ունեցել, մեղմ ասած, ճիշտ չի լինի:

Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ 2019 թվականին Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանին ավելացել է 40 տոկոսով, ինչը ցույց է տալիս, որ   Միացյալ Նահանգներն այդուհանդերձ շարունակում է ուշադրության տակ պահել Հայաստանը և այստեղ տեղի ունեցող իրադարձություններն ու զարգացումները: Եթե հաշվի ենք առնում նաև ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունն առ այն, որ Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարվում ԱՄՆ համար, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը  կարող է դիտվել առաջնահերթություն Թրամփի վարչակազմի համար։

Հատկանշական է նաև, նախ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից, այնուհետև՝ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը: եթե Կոնգրեսի ստորին պալատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունվել էին նախկինում ևս, ապա Սենատի մակարդակով սա, ըստ էության, աննախադեպ էր։ Անհերքելի է, որ այս հարցում բավականին մեծ ավանդ են ունեցել ԱՄՆ-ի հայկական կառույցները, սակայն, հարկ է չմոռանալ, որ այս բանաձևի ընդունումը նաև աշխարհաքաղաքական զարգացումների հետևանք է: Իհարկե, այն առաջին հերթին յուրօրինակ «պատժամիջոց» էր Թուրքիայի նկատմամբ՝ կապված Սիրիայում Անկարայի գործողությունների, ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման և Ս-400-ների գործարքի հետ։  Սակայն Թուրքիային «պատժելու» համար, թվում է, թե պիտի բավարար լիներ, օրինակ, միայն Ներկայացուցիչների պալատում նման բանաձևի ընդունումը, սակայն՝ ոչ: Հետևաբար չի բացառվում, որ Հայոց ցեղասպանությունը ողջ Կոնգրեսի մակարդակով ճանաչելով՝ ԱՄՆ-ն մեկ այլ՝ ավելի կարևոր ու հեռահար նպատակ է հետապնդում Հայաստանի հարցում, ինչը պետք է լինի ներկայիս իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ունեցած դերակատարությանը, պետք է արձանագրենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ամբողջ տարվա ընթացքում ԱՄՆ կողմից հարաբերական պասիվություն էր նկատվում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: