ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդ

Փետրվարի 6-ին Բաքվում կայացել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ նիստը:

Նիստին մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի արտգործնախարարները և Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղարը։ Մասնակիցները քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների, տուրիզմի, հումանիտար կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր: Թվում է, թե արտառոց ոչինչ չկա:  Սակայն առաջին հայացքից սովորական թվացող այս նիստերն իրականում իրենց մեջ բոլորովին այլ հեռահար նպատակ են հետապնդում, որը հասկանալու համար անհրաժեշտ է հիշել, թե կոնկրետ ինչի համար է ստեղծվել Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդը:

Թյուրքալեզու պետությունների համագործակցության սկիզբը համարվում է 1990-ական թվականների սկիզբը: Հենց այդ տարիներիներին տեղի ունեցած  Խորհրդային Միության փլուզումը Թուրքիայի համար նոր հնարավորություններ ստեղծեց, ինչն էլ վերջինս օգտագործելով փորձեց նպաստել հետխորհրդային թյուրքալեզու հանրապետությունների հարաբերությունների ամրապնդմանը:

Այս նպատակով առաջին քայլերից էին թյուրքալեզու երկրների  ղեկավարների գագաթաժողովները, որոնք պարբերաբար հրավիրվում էին  Թուրքիայի ղեկավարության նախաձեռնությամբ: Սկզբնական ժամանակաշրջանում գագաթաժողովներին մասնակցում էին  թյուրքալեզու վեց երկրներ՝ Թուրքիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը: Սակայն ժամանակի ընթացքում Թուրքմենստանն ու Ուզբեկստանը սկսեցին հրաժարվել Թուրքիայի նախաձեռնությամբ իրականացվող այս գագաթաժողովներին մասնակցելուց: Ուզբեկստանը հայտարարեց Խորհրդին անդամակցելու մտադրության մասին միայն 2018-ի ապրիլին, և պաշտոնապես անդամակցության հայտ ներկայացրեց 2019 թվականի սեպտեմբերին: 

Թյուրքալեզու պետությունների համագործակցության մոտ 30 տարվա ընթացքում կատարված ողջ աշխատանքն ուղղված է եղել ոչ միայն թյուրքական երկրներից  յուրաքանչյուրի հետ առանձին հարաբերություններն ամրապնդելուն, այլև դրանցով փորձ է արվում առաջիկայում այդ երկրները միավորել, այսպես կոչված, «թյուրքական աշխարհում»: Դրա վառ ապացույցը 1992 թ. փետրվարին  Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի հայտարարությունն էր առ այն, որ Խորհրդային Միության փլուզումը «հսկայական թյուրքական աշխարհի» սկիզբն է, որը ձգվելու է «Ադրիատիկ ծովից մինչև Չինական Մեծ պատը»:

1992-ից մինչև 2010թթ. թյուրքական երկրների գագաթաժողովներ են կազմակերպվել մոտ տասը անգամ, որոնց արդյունքն էլ դարձավ 2009-ին Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի ստեղծումը (վերջինս ներկայումս ունի միջազգային կազմակերպության կարգավիճակ):  Չնայած նրան, որ այս կազմակերպության ազդեցությունը տարածաշրջանում նկատելի չէ, սակայն դրա շրջանակներում տեղի ունեցող տարբեր ձևաչափերով հանդիպումները նպաստում են մասնակից երկրների միջև կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը և իրականացմանը: Դրանց ընթացքում մասնավորապես քննարկվում են անվտանգային, քաղաքական (այդ թվում՝ Արցախին առնչվող), կրթական, մշակութային, տնտեսական, զբոսաշրջային հարցեր՝ շեշտը դնելով նրա վրա, որ թյուրքալեզու երկրների ժողովուրդների միջև կապերն ամրապնդելու համար պետք է մեծ ուշադրություն դարձնել առաջին հերթին նրանց պատմական, լեզվական և մշակութային ընդհանրություններին:   

Հենց այդ նպատակով էլ թերևս դանդաղ, սակայն ստեղծվեցին մի շարք կազմակերպություններ: Օրինակ՝ 1993թ.-ին հիմնադրվեց «Թյուրքական մշակույթի և արվեստի ընդհանուր ղեկավարում» (TÜRKSOY) կազմակերպությունը, որի նպատակն է նպաստել  թյուրք ժողովուրդների միջև եղբայրության և համերաշխության կապերի ամրապնդմանը և աշխատանքներ իրականացնել ընդհանուր թյուրքական մշակույթն ապագա սերունդներին փոխանցելու և այն աշխարհին ծանոթացնելու հարցում: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջարկությամբ  2009թ.-ին  հիմնադրվեց Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդը, որը մինչ այսօր նպաստում է թյուրքախոս երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: Նույն թվականին՝ Թյուրքախոս երկրների ղեկավարների իններորդ գագաթաժողովի ժամանակ որոշում կայացվեց և հետագայում ստեղծվեց Թյուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովը, որի նպատակն  է թյուքախոս երկրների խորհրդարանների միջև սերտ համագործակցության հաստատումը տարբեր ոլորտներում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկությամբ էլ ստեղծվեց TÜRKSOY-ի հիմնադրամը, որը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հիմնադրված Թյուրքական միջազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ նպաստում է թյուրքալեզու երկրների միջհամալսարանական կապերի ամրապնդմանը: Իսկ 2013 թվականին «Թյուրքական խորհրդի» անդամ երկրների սփյուռքի գործերով պատասխանատու գերատեսչական կառույցների ղեկավարների առաջին նիստի արդյունքներով հիմնադրվեց «Սփյուռքի գործերի պատասխանատուների կոնտակտային խումբ», որի գործառույթներն ու անդամ երկրների սփյուռքերի հետ կապված գործնական քայլերն ամրագրվեցին «Թյուրքախոս երկրների սփյուռքերի համատեղ գործունեության ռազմավարություն» փաստաթղթում։

2014թ.-ին Բիշքեկում կայացած գագաթաժողովում ընդունվեց նաև կառույցի մեկ միասնական դրոշ, որն ընդգրկում է Ղրղըզստանի դրոշի արևը, Ադրբեջանի դրոշի աստղը, Թուրքիայի դրոշի կիսալուսինը և Ղազախստանի դրոշի կապույտ գույնը: Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքով՝ չորս պետություններն իրենց ազգային դրոշների կողքին պետք է այդուհանդերձ կրեն նաև նոր դրոշը:

Թյուրք երիտասարդ սերունդներին համաթյուրքական գաղափարախոսությամբ կրթելու նպատակով ստեղծվել է «Համաթյուրքական պատմության» դասագիրք, որն ընդգրկում է համաթյուրքական պատմության հետևյալ ժամանակաշրջանները՝ հնագույն ժամանակներից մինչև XV դարը: Հետաքրքրականն այն է, որ չնայած նրան, որ օրերս Ադրբեջանի արտգործնախարարը նշեց, որ դեռ նոր պետք է քննարկվի դասագիրքը կրթական ծրագրում ներդնելու հարցերը, այնուամենայնիվ, դեռևս 2018 թվականի սեպտեմբերին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նշել էր, որ «Համաթյուրքական պատմության»  դասագիրքն արդեն իսկ ներառվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Ղրղզստանի և Ղազախստանի դպրոցական ուսումնական ծրագրում: Հարկ է նշել, որ չնայած նրան, որ Թյուրքալեզու խորհրդի անդամ-երկրները ներկայումս փորձում են անել ամեն հնարավորը, որպեսզի իրենց  գործողությունները չդիտարկվեն պանթյուրքիզմի գաղափարախոսության ներքո, այնուամենայնիվ, նրանց մոտ դա այդքան էլ չի հաջողվում:

Օրինակ, որպեսզի միջազգային հանրությունը համաթյուրքական պատմական նախագիծը չընդունի որպես պանթյուրքիզմի գաղափարախոսության վերածնունդ, Թյուրքական ակադեմիայի նախագահ Դարխան Կիդիռալին ավելի վաղ հայտարարեց, որ դասագրքի նախագիծը չի պարունակում «վիճելի», այսինքն՝ ազգամիջյան պառակտում սադրող կետեր։ Սակայն հատկանշականն այն է, որ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Յաղուբ Մահմուդով, դեռ 2012թ.-ին խոսելով դասագիրք ստեղծելու նախագծի մասին, մասնավորապես նշել էր. «Թյուրքական պատմության գլխավոր խնդիրներից մեկը թյուրքերի՝ հայերի կողմից իրականացված ցեղասպանության հարցն է։ Հայերը ցեղասպանություն են իրականացրել Արևելյան Անատոլիայում, Հարավային Ադրբեջանում և Բաքվում։ Այդ իրադարձությունների հետաքննության հարցին էլ ավելի մեծ ուշադրություն կցուցաբերվի»…

Նշենք, որ բացի ընդհանուր պատմության դասագրքից, Թյուրքական ակադեմիան ծրագրում է պատրաստել նաև համաթյուրքական գրականության և աշխարհագրության դասագրքեր: Ավելին, բացի դասագրքերից այս տարիների ընթացքում հրատարակվել են նաև 90-ից ավելի պատմական գրքեր, գործարկվել է Atalar Mirasi (Նախնիների ժառանգություն) պորտալը, որտեղ զետեղված է թյուրքական ժողովուրդների չորսդարյա մշակութային ժառանգությունը: 

Ի դեպ, քննարկվում է նաև համաթյուրքական այբուբեն և լեզու ստեղծելու հարցը: Ներկայումս ընդհանուր թյուրքական այբուբեն (հիմնված թուրքական այբուբենի վրա) որոշակի փոփոխություններով ունեն ադրբեջանցիները, գագաուզները, Ղրիմի թաթարները: Թյուրքական երկրների համար ընդհանուր լեզվի և այբուբենի ստեղծումը հանդիսանում է կարևորագույն հարցերից մեկը:  Ինչպես հայտնել էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախկին նախագահ Ջամիլ Չիչեկը, եթե թյուրքախոս երկրները չկարողանան դա ապահովել, ապա իրենց ջանքերը հաջողությամբ չեն պսակվի: 

Ինտենսիվորեն բանակցություններ են ընթանում նաև համաթյուրքական հեռուստաընկերություն ստեղծելու շուրջ: Ի դեպ, 2019 թվականի մայիսին Բաքվում տեղի ունեցած «Թյուրքական խորհրդի» անդամ պետությունների ԶԼՄ-ների ներկայացուցիչների համաժողովի ժամանակ Թուրքիայի պետական ռադիոհեռուստատեսության (TRT) ղեկավար կազմի անդամ Մուստաֆա Աքըշն առաջարկել էր «TRT avaz» թուրքական հեռուստաալիքը դարձնել միասնական մեդիահարթակ: Նշենք, որ «TRT avaz» ալիքով արդեն իսկ բավականին տևական ժամանակ պարբերաբար հեռարձակվում է թյուրքախոս ժողովուրդների պատմության, մշակույթի և քաղաքականության վերաբերյալ հեռուստահաղորդումներ, որոնք պարբերաբար ունենում են  հակահայկական բովանդակություն: Այս համատեսքում նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահի հասարակական և քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովն իր ելույթներից մեկում նշել էր, որ արցախյան հակամարտությունը լայնորեն պետք է լուսաբանվի Թյուրքական խորհրդի անդամ-երկրների ԶԼՄ-ներով:

Հարկ է նշել, որ հիմնադրման օրվանից սկսած թյուրքախոս երկրների համագործակցության գրեթե բոլոր գագաթաժողովներում և տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մշտապես բարձրացվում է Արցախյան հիմնախնդրի հարցը, որը փորձում են դարձնել քննարկվող օրակարգային հարցերից մեկը: Ինչն էլ, ի դեպ, բավականին հաջող է ընթանում:  Օրինակ՝ Թյուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովի ամենամյա հռչակագրերում 2012թ.-ից առ այսօր, ինչպես նաև Թյուրքական խորհրդի անդամ երկրների նախագահների և արտգործնախարարների ընդունած փաստաթղթերում պարբերաբար ներառվում է նաև Արցախյան հակամարտության մասին հակահայկական ձևակերպում, որում մասնավորապես նշվում է, որ «անդամ-պետությունները կարևորում են հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քաղաքական ճանապարհով՝ Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքների համաձայն»:  Եթե Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարում են ակնհայտ թշնամական քաղաքականություն, ապա Թյուրքական խորհրդի մյուս երեք պետությունները՝ Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը Հայաստանի հետ միասին անդամակցում են նաև տարածաշրջանային այլ կառույցների. Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը Հայաստանի հետ միասին անդամակցում են ԱՊՀ-ին, ավելին՝ Ղազախստանը և Ղրղըզստանը հանդիսանում են նաև ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ-երկրներ: Հետևաբար՝ Արցախյան հակամարտության հարցում ցանկացած փաստաթուղթ ընդունելիս այդ երկրներն առնվազն պետք է չեզոքություն ցուցաբերեին…

Որքան էլ, որ նշվի, որ այս կառուցի հետ կապված Թուրքիայի հետապնդած նպատակները բավականին դանդաղ են իրականություն դառնում, այնուամենայնիվ, կառույցն իր պանթյուրքական նպատակներին հասնում է քայլ առ քայլ: Չի բացառվում նաև, որ նոր աշխարհաքաղաքական վերադասավորությունների արդյունքում ինչ-որ պահից վերջինս տարածաշրջանում ակտիվ դերակատարություն սկսի ստանձնել՝ ընդլայնելով կառույցը և ներգրավելով նոր երկրներ: Այս համատեքստում հարկ է նշել, որ չնայած Թուրքմենստանը ժամանակ առ ժամանակ պարզապես մասնակցում է գագաթաժողովների աշխատանքներին, այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահի անցած տարի արած ակնարկից հետո, պարզ է դառնում, որ չի բացառվում , որ վերջինս մոտ ապագայում անդամակցության հայտ ներկայացնի: Հետաքրքրական է նաև Հունգարիայի ներկայությունը Թյուրքական խորհրդում: Վերջինս կառույցում որպես դիտորդ երկիր է հանդիսանում, սակայն կրկին չի բացառվում, որ ունի լիիրավ անդամ դառնալու հեռահար նպատակներ: Այդ մասին է վկայում 2019թ.-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հունգարական իշխանությունների կողմից Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ներկայացուցչություն բացելու փաստը…

Ամփոփելով կարելի է ասել, որ ինչպես երևում է, թյուրքական աշխարհի ձևավորումը, այսպես կոչված թուրանական ժողովրդի միավորումն աստիճանաբար է տեղի ունենում: Իսկ դա առաջին հերթին բավականին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար: Հետևաբար՝ այս կառույցի գործունեությունը պետք է մշտապես լինի հայաստանյան համապատասխան ինստիտուտների ուշադրության կենտրոնում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    24°  12° 
    12.05.2024
    21°  11° 
    13.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: