ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևն առաջին հերթին բարոյական քայլ է

© SANA © Reuters

Օրերս Սիրիայի ժողովրդական ժողովը միաձայն ընդունեց Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ «20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող» բանաձևը: Դրանում մասնավորապես նշվում է. «Հիմնվելով պատմական իրականության վրա, որը հաստատում է Արևմտյան Հայաստանի տարածքի վրա 1915-1923 թթ. հայ ժողովրդի բնաջնջումը, նկատի առնելով, որ ըստ սիրիական աղբյուրների, Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության և ջարդերի մեծ մասը տեղի է ունեցել սիրիական հողատարածքի վրա, ապա ուրեմն սիրիացի ժողովուրդը դարձավ այս ոճիրի ականատեսը, ուր 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի դարասկզբին թուրք-օսմանցիների հրամանով տեղի ունեցավ 1.5 մլն հայերի կանխամտածված ցեղասպանությունը, Սիրիայի խորհրդարանը դատապարտում է և ճանաչում հայերի ցեղասպանության ոճիրը և իր խորը զորակցությունն է հայտնում եղբայրական հայ ժողովրդին, նաև դատապարտում է պատմական իրողության ժխտող և խեղաթյուրող որևէ փորձ՝ այն համարելով մարդկության դեմ ամենածանր ոճիրներից մեկը…»:

Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող այս քայլն, անշուշտ, աննախադեպ և պատմական քայլ է, քանի որ չնայած նախկինում էլ Սիրիայի խորհրդարանը մի քանի անգամ անդրադարձել է հայկական հարցին, սակայն որևէ դատապարտող բանաձև այդպես էլ չի ընդունվել: Օրինակ՝ 2015թ.-ի մարտին Սիրիայի Ժողովրդական ժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հատուկ նիստ նվիրեց, որի ընթացքում ելույթ ունեցած տարբեր խմբակցությունների ավելի քան 20 պատգամավորներ խստորեն դատապարտեցին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրագործված այդ ծանր հանցագործությունը` միաժամանակ դիմելով միջազգային հանրությանը` նույնպես դատապարտել մարդկության դեմ իրագործված առաջին ցեղասպանությունը: Սակայն այդ դատապարտումը բանաձևի չվերածվեց, և նիստն էլ ավարտվեց միայն Հայոց ցեղասպանության ավելի քան մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգելով:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության հարցին վերջին մի քանի տարիների ընթացքում պարբերաբար անդրադարձել է նաև անձամբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Մասնավորապես 2014-ի հունվարին «France Presse» գործակալությանը տված իր ծավալուն հարցազրույցում վերջինս Սիրիայում ջիհադականների կողմից կատարված վայրագությունները համեմատեց թուրքերի վայրագությունների հետ՝ մասնավորապես նշելով, որ ահաբեկիչների բարբարոսության և անմարդկայնության աստիճանը հիշեցնում է օսմանցիների կողմից իրականացված զանգվածային ջարդերի մասին, որի հետևանքով Սիրիայում և Թուրքիայում սպանվեցին 1,5 միլիոն հայ և կես միլիոն ուղղափառ ասորիներ:

Ավելին, 2015թ.-ին Դամասկոս մեկնած Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ասադը խոստացել էր, որ Սիրիան մոտ ապագայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սակայն Հայոց ցեղասպանությունն, այն էլ խորհրդարանի մակարդակով, ճանաչվեց Ասադի խոստումից միայն 5 տարի հետո: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդքան ուշ:

Հարկ է նկատել, որ չնայած նրան, որ Սիրիան ականտեսն է եղել հայերի կոտորածներին և առաջին երկրներից է եղել, որը ամեն հնարավոր ձևով աջակցել է Ցեղասպանությունից փրկված հայերին (այդ մասին նշվում է նաև նոր ընդունված բանաձևում), այնուամենայնիվ, Սիրիայում Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ մեծամասամբ անդրադարձ է եղել միայն այն ժամանակ, երբ որոշակի լարվածություն է նկատվել թուրք-սիրիական հարաբերություններում: Այսպես օրինակ՝ 1990-ականներին Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունների սրացման ֆոնին հայ համայնքը հնարավորություն ստացավ Ցեղասպանության մասին արաբերենով հրատարակել գիտական գրականություն: Սակայն, երբ երկկողմ հարաբերությունները կարգավորվեցին (1999 թ. Ադանայի պայմանագրով, որով Սիրիան պարտավորվեց չաջակցել PKK-ին, փակել նրա ֆինանսավորման հոսքերը, Օջալանին վտարել երկրից), արաբերենով հակաթուրքական գրականության հրատարակումը գրեթե անհնար դարձավ: Դրանից հետո Սիրիայում այս հարցերի շուրջ քարոզչական աշխատանքներն իրականացվել են հիմնականում հայերենով և հայ համայնքի համեմատաբար նեղ շրջանակներում: 

Ցեղասպանության թեման ակտիվորեն սկսվել է քննարկվել միայն վերջին տարիներին՝ Սիրիայում  «Արաբական գարուն» անվանումը ստացած իրադարձություններից հետո, երբ թուրք-սիրիական հարաբերություններն աստիճանաբար վատթարացան: Իհարկե, բավականին ողջունելի է Սիրիայի խորհրդարանի կողմից ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը, սակայն, այդուհանդերձ,  կրկին ականատեսն ենք դառնում նրան, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվում է, ոչ թե առաջին հերթին նրա համար, որ կանխվի հետագայում նման  հանցագործությունների կրկնությունը, այլ պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի ամենացավալի էջերից մեկը հերթական անգամ օգտագործվում է՝ որպես գործիք Թուրքիային հակահարված տալու համար:

Ներկայումս Իդլիբում տիրող իրավիճակի պատճառով թուրք-սիրիական հարաբերությունները հասել են լարվածության գագաթնակետին: Սիրիական բանակը՝ նախագահ Բաշար Ասադի ղեկավարությամբ, ռազմական գործողություններ է իրականացնում այդ տարածքում, ինչն էլ առաջացրել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի բարկությունը, քանի որ Իդլիբը ռազմավարական առումով չափազանց կարևոր է Թուրքիայի համար և վերջինս  այս շրջանը համարում է իր վերահսկողության տակ գտնվող գոտի:  Ասադի ուժերը հարվածում են ոչ միայն ծայրահեղական իսլամիստական խմբավորումներին, այլ նաև Ասադին ընդդիմադիր ուժերին, որոնց աջակցում է Թուրքիան: Վերջին օրերին Սիրիայում զոհվել է տասնյակից ավել թուրք զինվորական, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանն օրերս բացահայտ պատերազմ հայտարարելով Սիրիային՝ նշեց, որ  եթե կրկին հարձակում լինի թուրք զինվորների նկատմամբ, այլևս չեն նայելու Սոչիի և Աստանայի պայմանավորվածություններին և հարվածելու են Սիրիայի կառավարական ուժերին ամեն տեղ: Եվ թերևս այս ամենին էլ հաջորդեց Սիրիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ընդունման և դատապարտման բանաձևը:

Միևնույն ժամանակ հարկավոր է նշել, որ Սիրիան նախագահական երկիր է, ուստի, որպեսզի Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման գործընթացը լիարժեք դառնա, այն պետք է ճանաչվի նաև նախագահի կողմից: Իսկ, թե ինչ դիրքորոշում կընդունի Ասադը դժվար է ասել, սակայն հարկ է նշել, որ այդ որոշումից չի կախված հայ-սիրիական դարերի խորքից ձգվող հարաբերությունները։  

Որքան էլ, որ բանաձևն իր մեջ աշխարհաքաղաքական տարրեր պարունակի, այնուամենայնիվ, չպետք է  մոռանալ, որ Սիրիան մշտապես եղել է և կա Հայաստանի մեծ բարեկամը։ Իսկ Հայոց ցեղասպանությունից հետո առաջինն է եղել, որ օգնության ձեռք է մեկնել հայ ժողովրդին։ Հայերը՝ որպես ազգային և կրոնական փոքրամասնություն, մշտապես հարգված և գնահատված են այդ երկրում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: