ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ե՞րբ են նախկինում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այցելել Անկարա և ինչո՞ւ

Երեկ՝ մարտի 2-ին, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն գրառում կատարեց թվիթերյան իր էջում՝ հայտնելով Անկարայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելին անի ԼՂ հարցը լուծելու համար: Այս կարգավորումը պետք է լիարժեք հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- գրել էր նա իր միկրոբլոգում՝ տեղադրելով նկար հանդիպումից:

Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի 11 անդամներից մեկն է, ինչպես նաև տարածաշրջանային խոշոր խաղացող, որն ակնհայտորեն աջակցում է Ադրբեջանին Արցախյան հակամարտության կարգավորման հարցում և մշտապես հավակնություններ է ցուցաբերում՝ մեծացնելու իր դերակատարումը միջնորդական ձևաչափում:

Սակայն Թուրքիայի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խորհրդակցությունները մշտական բնույթ չեն կրում, և անցյալում էլ, որպես կանոն, կապված են եղել տարածաշրջանային հստակ զարգացումների հետ:

Ստորև անդրադառնանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մի քանի այցերին (ցանկը կարող է ամբողջական չլինել):

Վերջին անգամ նման այց անցկացվել է 2017թ. նոյեմբերի 29-ին: Այցի մասին Թուրքիայի արտգործնախարարը կրկին գրառում է կատարել Թվիթերում՝ նշելով. «Ընդունել եմ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ջեյմս Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին Անկարայում և վերահաստատել եմ Թուրքիայի աջակցությունը Մինսկի գործընթացին»:

Այս այցը նախատեսվում էր անցկացնել դեռ 2016թ-ին հուլիսի 18-ին, այդ մասին հայտարարել էր Թուրքիայի արտգործանախարարը: «Թուրքիան շարունակում է աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ռուսաստանի հետ կապերի նորմալացումը հաստատ օգուտ կտա այս խնդրին: Թուրքիան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է: Երկուշաբթի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Անկարա: Մենք նրանց կհանդիպենք և կառաջարկենք աջակցել Ադրբեջանի դիրքորոշմանը»,- ասել էր նա:

Սակայն ավելի ուշ ԱՄՆ համանախագահող Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ այցը հետաձգվել է և համաձայնեցվում են հնարավոր նոր ամսաթվերը:

Թուրքական գործոնի ակտիվացումը 2016-ին պայմանավորված էր Ապրիլյան պատերազմից հետո բանակցային համատեքստում հնարավոր փոփոխություններով և դրանց վրա ազդելու Անկարայի նկրտումներով:

ԱՄՆ-ն ներկայացնող ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուրոլիքը Թուրքիա էր այցելել 2014թ. փետրվարի 17-ին: Այցը տեղի էր ունեցել փետրվարի 22-ից մարտի 22-ը Փարիզում և Մոսկվայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումների շարքից առաջ: Հիշեցնենք, որ այդ փուլում համանախագահների կողմից փորձ էր արվում ակտիվացնել, նոր թափ հաղորդել բանակցային գործընթացին:

«Հետաքրքիր է լսել Թուրքիայի՝ հարևանի և Մինսկի խմբի անդամի կարծիքը տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ այդ երկրի պաշտոնյաներից: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափին»,- ասել է Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով այցը:

2009թ. Անկարա է այցելել ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն և հանդիպում է ունեցել Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ: Այցը տեղի է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, և Թուրքիայի կողմից արցախյան հիմնահարցը որպես նախապայման օրակարգ բերելու փորձերի համատեքստում: «Նման պայման դնելը ցանկալի չէ»,- Անկարայում լրագրողներին ասել է համանախագահողը:

Այսպիսով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկի կամ համանախագահության ամբողջ կազմի այցելություններն Անկարա անցյալում ուղղակիորեն կապ են ունեցել տարածաշրջանային զարգացումների և այդ համատեքստում՝ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում իր դերակատարումը մեծացնելու Անկարայի գործնական նկրտումների հետ:

Այժմ էլ, սա, հավանաբար, ուղղակիորեն կապված է Իդլիբի հարցում ռուս-թուրքական բարդ հարաբերություններով, որտեղ փորձ է արվում Արցախյան հարցն ընդհանուր պայմանավորվածությունների կամ միմյանց դեմ օգտագործվող գործիքների մաս դարձնել: Նման զարգացումները, բնականաբար, Հայաստանի համար մի շարք մարտահրավերներ են պարունակում:

Ստեղծված իրավիճակը մեծ ջանքեր կպահանջի Հայաստանից՝ իր շահերին հետամուտ լինելու և Թուրքիայի ակտիվ ներգրավումը կանխելու համար: Առաջին հերթին, անհրաժեշտ է ընկալելի և լսելի լինել միջնորդ երկրների համար, լինել կարևոր և վստահելի գործընկեր, որի շահերը չեն ոտնահարվի: Իսկ Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը դրան որևէ կերպ չի նպաստում: Ավելին, Հայաստանի ԱԳՆ արձագանքն ու վարչապետի անտարբերությունը տարածաշրջանային զարգացումների նկատմամբ որևէ կերպ չեն հուշում հարցի նկատմամբ լուրջ վերաբերմունքի և տարվող աշխատանքի մասին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: