ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ ինքը ծառայում է ժողովրդին ու հայրենիքին. Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին անց է կացրել աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված նախագահի գործունեության ծրագրին:

Խորհրդակցության ժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ արդեն հստակեցվել է կառավարության կառուցվածքը և կազմավորվել կառավարությունը: «Սահմանադրության պահանջով ժամանակն է պատրաստելու և քսանօրյա ժամկետում հրապարակելու Հանրապետության նախագահի ծրագիրը: Ուստի, հանձնարարում եմ բոլոր լիազոր մարմիններին մշակել նախագահի ծրագիրը՝ հիմնվելով իմ նախընտրական ծրագրի և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված հուշագրի վրա»,- ասել է նախագահ Հարությունյանը:


Հանրապետության նախագահը հանդես է եկել նաև ծրագրային ելույթով, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Սիրելի՛ թիմակիցներ
Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը՝ վերջին 20 օրվա ընթացքում հստակեցրել ենք կառավարության կառուցվածքը և կազմավորել կառավարությունը: Այս մեկնարկային կարևոր փուլում առաջնորդվել եմ ԱՀ Սահմանադրությամբ և նախագահի երդմնակալության արարողության ժամանակ իմ ելույթում հնչեցրած հիմնական սկզբունքներով: Ի լրումն դրանց, առ այսօր կայացված որոշումներն ունեցել են մի քանի հիմնական ուղենիշներ, մասնավորապես՝

Ա) Նպատակ եմ ունեցել ապահովել կառավարության կառուցվածքի արդյունավետությունը՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները և իմ ու մեր քաղաքական թիմի նախընտրական ծրագրերի առաջնահերթությունները:

Բ) Նշանակումներում կարևորել եմ որոշում կայացնողների սահուն սերնդափոխությունը՝ ապահովելու համար երիտասարդ միտք ու եռանդուն աշխատանք: Մյուս կողմից, գիտակցելով էվոլուցիոն զարգացման և կուտակված փորձի կարևորությունը՝ ձգտել եմ միաձուլել տարբեր սերունդների համեմատական առավելությունները՝ եղած դրականը պահպանելու և, միևնույն ժամանակ, լրջագույն բարեփոխումներ իրականացնելու հնարավորություն ստեղծելու համար:

Գ) Հաշվի առնելով երդմնակալության արարողության ժամանակ հայտարարած համերաշխության ու համագործակցության իմ պատրաստակամությունը՝ այս ընթացքում կարևորել եմ քաղաքական լայն կոնսոլիդացիան և համագործակցությունը բոլոր հնարավոր քաղաքական ուժերի հետ: Բնականաբար, համագործակցությունը չի սահմանափակվում պաշտոնների նշանակմամբ, և, ինչպես հայտարարել եմ, համերաշխության ու համագործակցության իմ ձեռքը միշտ մնալու է մեկնված բոլորին, քանի դեռ մենք կիսում ենք նույն հայրենիքը և նույն ազգային արժեքներն ու նպատակները:

Դ) Հնարավոր բոլոր ջանքերը գործադրել եմ հանրության հետ ռազմավարական հաղորդակցության վարման ուղղությամբ՝ թափանցիկ ու հրապարակային կերպով ներկայացնելով իմ որոշումների հիմքերն ու պատճառները:

Այս և մի շարք այլ ուղենիշներ ընկած են եղել իմ որոշումների հիմքում: Այժմ կառավարությունը կազմավորված է, և Սահմանադրության պահանջով ժամանակն է պատրաստելու և քսանօրյա ժամկետում հրապարակելու Հանրապետության նախագահի ծրագիրը: Ուստի, հանձնարարում եմ բոլոր լիազոր մարմիններին մշակել նախագահի ծրագիրը՝ հիմնվելով իմ նախընտրական ծրագրի և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված հուշագրի վրա:

Կառավարության հարգելի՛ անդամներ

Պետական մարմինների հարգելի՛ ղեկավարներ ու ներկայացուցիչներ

Ժողովրդի տված քվեի հիման վրա ձևավորվել է մեր քաղաքական թիմը իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերում, որը իմ գլխավորությամբ պատասխանատվություն է ստանձնել առաջիկա հինգ տարվա ընթացքում Հանրապետությունը առաջնորդելու անվտանգության, զարգացման ու մարդու իրավունքների պաշտպանության դժվարին ուղիով: Ժողովուրդը մեզ է վստահել պետության ղեկը, և մենք իրավունք չունենք հուսախաբ անելու նրան, մենք իրավունք չունենք չօգտագործելու պատմական հնարավորությունները հայրենիքի անվտանգության ու ժողովրդի բարեկեցության ամրապնդման հարցում:

Հետևաբար, առաջին հերթին ես եմ պատասխանատու Արցախի Հանրապետության հնգամյա ընթացքի հաջողությունների ու ձախողումների համար: Ուստի, հենց ես էլ պարտավոր եմ ձեր առջև դնել խնդիրներ ու տալ համապատասխան ուղղություններ: Այդ համատեքստում, բոլոր մարմիններից ու պաշտոնյաներից պահանջում եմ իրենց գործունեության մեջ առաջնորդվել ոչ միայն օրենսդրությամբ, այլև՝ հետևյալ հիմնական տասը սկզբունքներով՝

Առաջին. պաշտոնավարումը ծառայություն է ժողովրդին: Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ ինքը ծառայում է ժողովրդին ու հայրենիքին, ուստի, բոլորիս վարքը պետք է համապատասխանի ծառայության էությանն ու նպատակին: Ոչ մի պաշտոնատար անձ չպետք է իրեն տեր զգա քաղաքացիների հետ շփումներում, մենք բոլորս ծառաներ ենք... Սա ամենագլխավոր ու անկյունաքարային սկզբունքն է:

Երկրորդ. ամեն ինչ՝ առաջին հերթին հայրենիքի անվտանգության համար: Առկա մարտահրավերների պայմաններում մեր գերակա խնդիրը եղել և մնում է հայրենիքի պաշտպանունակության շարունակական ամրապնդումը, զինված ուժերի մարտունակության և ողջ հասարակության ռազմավարական դիմադրողականության մակարդակի հետեւողական բարձրացումը: Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք և կողմնակից ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ երկխոսության միջոցով, բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն, ունենալով նման հակառակորդ, մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, որը ամենաարդյունավետ ուղին է դեպի խաղաղություն: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր պաշտոնյա և յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ոչինչ չխնայել հայրենիքի անվտանգության ապահովման գերնպատակին հասնելու համար, և զինված ուժերի կարիքները պետք է բոլորիս առաջնային հոգածության ներքո լինեն:

Երրորդ. պետական միջոցների հանդեպ առավելագույն սրտացավությունը՝ կոռուպցիայի կանխարգելման գլխավոր նախապայման: Խստիվ դատապարտելի են կոռուպցիոն երևույթները և պետական գույքի ու միջոցների հանդեպ ոչ սրտացավ վերաբերմունքը: Մենք պետք է մեկընդմիշտ հանենք մեր հոգեկերտվածքից առնվազն խորհրդային տարիներից եկող այն կարծրատիպը, որ պետական գույքը ստորադասվում է սեփական գույքի համեմատ: Իրականությունը պետք է հակառակը լինի. պետական, այսինքն՝ հանրության գույքը գերակա է սեփական գույքի հանդեպ, և բոլորի մոտ այդ գերակա վերաբերմունքը պետք է գերիշխի: Նաև այդ կարծրատիպից են բխում կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներ, ինչը նշանակում է, որ խնդիրների հիմնական լուծումը մեր հավաքական ու անհատական հոգեկերտվածքի մեջ է: Եվ պետական շահերի պաշտպանության հարցում առաջամարտիկները պետք է լինենք մենք՝ պետական պաշտոնատար անձինք: Անձամբ ես խիստ ու հետևողական եմ լինելու նման դեպքերի կանխարգելման, բացահայտման ու պատժման հարցում. ոչ մի ներում չի լինելու հատկապես դիտավորությամբ կատարված նման հանցագործությունների նկատմամբ:

Չորրորդ. ներառականությունը՝ ցանկացած ծրագրի հիմքում: Պետական բոլոր ծրագրերը պետք է լինեն ներառական և հասցեական: Այսինքն, ցանկացած ծրագիր մշակելիս ու իրագործելիս պետք է բոլոր փուլերում ընդգրկված լինեն բոլոր շահագրգիռ կողմերն ու խմբերը, մենք պարտավոր ենք յուրաքանչյուրի կարծիքն ու փորձը հաշվի առնել, և այդ հարցում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը խիստ նախընտրելի է: Հարկ է արդյունավետ ընթացակարգեր ու կառուցակարգեր գործարկել ու կիրառել հանրության հետ երկկողմանի հաղորդակցության ապահովման համար, ներառյալ՝ հանրային քննարկումների ու էլեկտրոնային ինտերակտիվ գործիքների միջոցով:

Հինգերորդ. գործունեությունն ու ծառայությունները՝ թափանցիկ ու մատչելի: Յուրաքանչյուր պետական մարմնի ու պաշտոնատար անձի գործունեությունը պետք է լինի հնարավորինս թափանցիկ, հաշվետվողական ու մատչելի: Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն կանոնավոր կերպով իրազեկվել իրենց ծառայություններ մատուցող անձանց աշխատանքից, ստանալ մանրամասն հաշվետվություններ մեր գործունեության և հանրային միջոցների ծախսման վերաբերյալ: Թափանցիկությունը պետք է ապահովել ոչ միայն հեռակա, այլև՝ կենդանի հաղորդակցության միջոցով: Թափանցիկության հետ ուղղակիորեն առնչվում է պետության կողմից մատուցվող ծառայությունների մատչելիությունը: Սպասարկման մշակույթը պետք է մտնի պետական հատված, և որևէ դժգոհություն չպետք է լինի քաղաքացիների հանդեպ այս կամ այն հանրային ծառայողի վերաբերմունքից: Այդ համատեքստում խիստ կարևորում եմ պետական վարչարարության առավելագույն թեթևացումն ու մատչելիությունը, որի առաջնային ուղղություններից մեկը, հատկապես ներկա մարտահրավերների պայմաններում, բոլոր հնարավոր ծառայությունների ու փաստաթղթերի շրջանառության արագ թվայնացումն է:

Վեցերորդ. օրենքները հավասարապես բոլորի համար են, բացառությունները՝ նույնպես: Կարգուկանոնը և օրենքի առջև հավասարությունը պետք է տիրեն ողջ Հանրապետությունում: օրենքի գերակայությունը պետք է գործի անվերապահորեն, և որևէ արտոնյալ անձ չի հանդուրժվելու մեր կողմից: Ցանկացած անձի վաստակն ու արտոնությունները պետք է լինեն ոչ թե լրացուցիչ իրավունքների, այլ՝ պարտականությունների աղբյուր:

Յոթերորդ. յուրաքանչյուր հանրային ծառայող մարդու իրավունքների պաշտպան է: Մարդու իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն է, քանի որ պետության ցանկացած գործառույթ, վերջիվերջո, հանգում է մարդուն ծառայելուն և պաշտպանելուն: Այդ առումով կարևոր է և՛ պետության պոզիտիվ պարտականությունների կատարումը, և՛ մարդու իրավունքների մշակույթի ու պատշաճ իրազեկման երաշխավորումը: Յուրաքանչյուր հանրային ծառայող պետք է գործի այն մտայնությամբ, որ ինքը պարտավոր է պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքները և կանխարգելել հնարավոր խախտումները:

Ութերորդ. արժանիքահեն մարդկային ռեսուրսների կառավարում՝ զարգացնող միջավայրում: Մենք զգալի խնդիրներ ունենք մարդկային ռեսուրսների կառավարման բոլոր օղակներում՝ կադրերի ընտրությունից ու առաջխաղացումից մինչև շարունակական ուսուցում ու աշխատանքի կառավարում: Կասեի, որ պետական կառավարման ամենահիմնարար խնդիրը հենց մարդկային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարումն է, ինչից էլ բխում են բազմաթիվ այլ խնդիրներ: Մենք պարտավոր ենք նախևառաջ ինքներս սովորել ու պարբերաբար զարգացնել կառավարման համապատասխան հմտություններ ու գիտելիքներ, այնուհետև՝ համակարգը բարեփոխել այնպես, որ երաշխավորենք կադրերի ընտրության արժանիքահեն ու արդար մոտեցումը, իսկ հանրային ծառայողների աշխատանքի համար՝ խրախուսող ու զարգացնող միջավայր, որտեղ կիրացվի յուրաքանչյուր հանրային ծառայողի առավելագույն ներուժը հանուն հայրենիքի անվտանգության ու զարգացման: Գիտակցում եմ, որ սա ամենաբարդ խնդիրներից մեկն է, սակայն յուրաքանչյուրիս հետևողական ու խելացի աշխատանքով կարող ենք մեկ օր դա էլ գլուխ բերել:

Իններորդ. ներդաշնակ ու նախաձեռնողական աշխատանք՝ թիմային ոգով: թեև յուրաքանչյուր պաշտոնատար անձ ունի իր պարտականություններն ու լիազորությունները, սակայն մեր աշխատանքը թիմային է, և ես պահանջում եմ, որ համագործակցային ու թիմային ոգին տիրի պետական մարմինների համատեղ աշխատանքում: Ներդաշնակությունը պարտադիր պայման է պետական համակարգի աշխատանքում, և անընդունելի են միջգերատեսչական հակասությունները ու այն դեպքերը, երբ մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուս ձեռքը: Այդ առումով կուզեի ընդգծել նաև նախաձեռնողականության կարևորությունը. ընդհանրապես կյանքում հաջողում է այն մարդը, ով նախաձեռնող է իր միջավայրի խնդիրները հասկանալու և լուծելու հարցում, իսկ հանրային ծառայողներն առավել ևս պետք է նախաձեռնող լինեն հանրության հիմնախնդիրների լուծման գործում՝ բնականաբար, պահելով համագործակցային ոգին:

Տասներորդ. համազգային ջանքեր՝ համազգային պատասխանատվությամբ: Արցախը մեկ միասնական հայկական աշխարհի անբաժանելի մասնիկն է, ավելին՝ հայության ինքնության ու արժանապատվության համար թերևս ամենակարևոր մասնիկը ներկա դարաշրջանում: Հետևաբար, մենք միայնակ չենք մեր ջանքերում, մեր թիկունքին կանգնած է ողջ հայությունը, առանց որի՝ արդեն փակած կլինեինք հայոց պատմության վերջին էջը: Սակայն, մյուս կողմից, մենք կրում ենք լրացուցիչ պատասխանատվություն համայն հայության առջև: Ուստի, յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է գիտակցի այդ հնարավորությունն ու պատասխանատվությունը՝ հետևողականորեն ամրապնդելով Մայր Հայաստանի և Սփյուռքի հետ համագործակցությունն ու ինտեգրացիայի աստիճանը, ներգրավելով բոլոր հնարավոր ջանքերն ու ռեսուրսները Արցախի անվտանգության ու զարգացման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ներդաշնակության, նախաձեռնողականության ու թիմային ոգու սկզբունքը կիրառելի է նաև այս հարաբերություններում, ինչը նշանակում է, որ բոլոր դեպքերում պարտավոր ենք մենք էլ ձեռք մեկնել հայության այս կամ այն հատվածին՝ ցանկացած մարտահրավեր համատեղ չեզոքացնելու նպատակով: Մեր համազգային պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն հայոց միացյալ հայրենիքի անվտանգությունը և համազգային արժանապատվությունը պահելով առաջնագծում, փոխարենը՝ մենք կիսում ենք պատասխանատվությունը համազգային բոլոր խնդիրների լուծման համար:

Սիրելի՛ թիմակիցներ

Հարգելի՛ հանրային ծառայողներ

Վստահ եմ, որ միասին, համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք կյանքի կոչել նախանշված ծրագրերը և մեր հայրենիքը տանել դեպի զարգացման նոր ուղի, կերտել ռազմական, սոցիալ-տնտեսական ու քաղաքակրթական առումներով հզոր հայրենիք: Պետք է արձանագրել, որ այդ բոլոր ծրագրերի հիմքում մարդն է՝ որպես բարձրագույն արժեք, Արցախի Հանրապետության քաղաքացին, յուրաքանչյուր հայ, նրա երազանքներն ու նպատակները, նրա հոգսերն ու կարիքները, օրինական շահերը, իրավունքներն ու ազատությունները:

Ուստի, բոլորից ակնկալում եմ, իսկ Հանրապետության նախագահին ենթակա բոլոր պաշտոնատար անձանցից խստիվ պահանջում եմ կատարել օրենսդրությամբ իրենց վերապահված պարտականությունները, ինչպես նաև առաջնորդվել օրենսդրությամբ ամրագրված և իմ կողմից նշված սկզբունքներով: Անհրաժեշտ է, որ ինքներդ պարբերաբար ստուգեք ու վերլուծեք, թե արդյոք պատշաճորեն եք կատարում ձեր պարտականությունները և հետևում նշված սկզբունքներին, և եթե որևէ հարցում թերանում եք, ապա պետք է պարտաճանաչ ու բարեխիղճ կերպով շտկեք դրանք, սովորեք նոր հմտություններ ու կարողություններ: Համոզված եմ՝ այդ դեպքում մենք կարճ ժամանակում արձանագրելու ենք նշանակալի հաջողություններ հայրենիքին ու ժողովրդին ծառայելու սուրբ առաքելության մեջ, իսկ ժողովուրդն էլ տեսնելու և գնահատելու է դրանք:

Ի գո՛րծ եւ բարի՛ ընթացք բոլորիս»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: