ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի՝ Միջազգային կրոնական ազատությունների դաշինքին միանալը վնաս է հասցնելու հայ-չինական հարաբերություններին

ԱՄՆ կողմից նախաձեռնված Միջազգային կրոնական ազատությունների դաշինքին Հայաստանի միանալու հանգամանքը ոչ միանշանակ ընդունվեց հանրության կողմից: Խնդիրն այն է, որ այս նախաձեռնությունն իր մեջ մի շարք գլոբալ մարտահրավերներ է պարունակում:

Այդ մարտահրավերներն ավելի պարզ ներկայացնելու համար անհրաժեշտ է նախևառաջ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այս նոր ստեղծված դաշինքը և ինչ նպատակներ է այն հետապնդում:

Միջազգային կրոնական ազատությունների դաշինքի (Ministerial to Advance Religious Freedom) ստեղծման մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել էր դեռևս անցած տարի Կրոնական ազատության հարցերով նախարարական երկրորդ համաժողովի (Ministerial to Advance Religious Freedom) ժամանակ: Դաշինքի աշխատանքը պաշտոնապես մեկնարկել է այս տարվա փետրվարին և գործելու է Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովի  շրջանականերում: Այն միջազգային կազմակերպություն չէ և համարվում է ԱՄՆ պետքարտուղարի կողմից նախաձեռնված հարթակ, որի հիմնական նպատակն է խթանել կրոնական ազատությունն ու հանդուրժողականությունն ամբողջ աշխարհում:

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած «Սկզբունքեր» փաստաթղթի՝ դաշինքն ստեղծվել է այն գաղափարի շուրջ, որ ավելի շատ քայլեր ձեռնարկվեն կրոնական փոքրամասնությունների անդամներին պաշտպանելու և կրոնի կամ հավատքի հիման վրա խտրականության և հետապնդման դեմ պայքարելու համար: Այն նպատակ ունի համախմբել միանման մտածող տարբեր երկրների կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներին, հասարակական կազմակերպությունների անդամներին՝ քննարկելու այն գործողությունները, որոնք իրենց ժողովուրդները կարող են միասին ձեռնարկել խթանելու կրոնի կամ հավատքի ազատությունը և պաշտպանելու աշխարհում կրոնական փոքրամասնություն կազմող խմբերի անդամներին:

Դաշինքին մինչ օրս միացել է 28 երկիր՝ Ալբանիան, Ավստրիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բրազիլիան, Բուլղարիան, Կոլումբիան, Խորվաթիան, Չեխիան, Էստոնիան, Գամբիան, Վրաստանը, Հունաստանը, Հունգարիան, Իսրայելը, Կոսովոն, Լատվիան, Լիտվան, Մալթան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Սենեգալը, Սլովակիան, Սլովենիան, Տոգոնը, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը,  Միացյալ Նահանգները: Հայաստանը 29-րդ պետությունն է, որը միացել է այս հարթակին:

Դեռևս այս տարվա փետրվարին դաշինքի նպատակները ներկայացնելու ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նման դաշինքի ստեղծման կարևորությունը կապել է վերջին տարիների ընթացքում կրոնական փոքրամասնություններին թիրախավորող ահաբեկիչների ու ծայրահեղականների հետ: Վերջինս օրինակ է բերել Իրաքի եզդիներին, Պակիստանում գտնվող հինդուսներին, Նիգերիայի հյուսիսարևելյան քրիստոնյաներին, Բիրմայի մուսուլմաններին: Պոմպեոն այդ շարքում է ներառել նաև Չինաստանին՝ մասնավորապես Չինաստանի իշխող Կոմունիստական կուսակցությանը «բոլոր կրոնների թշնամի» անվանելով:

Հարկ է նկատել, որ Չինաստանին «բոլոր կրոնների թշնամի» անվանելով Պոմպեոն նկատի ունի առաջին հերթին Չինաստանում ապրող ույղուրներին: Հարկ է նշել, որ մինչ այսօր Կրոնական ազատության հարցերով տեղի ունեցած նախարարական երկու համաժողովներին էլ անդրադարձ է եղել ույղուրների հետ կապված խնդիրներին: Չնայած նրան, որ այդ հայտարարություններն իրավական ուժ չունեն, հատկանշականն այն է, որ դրանցում տեղ գտած ձևակերպումները հետագայում բարձրաձայնվում են այլ միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է , օրինակ, ՄԱԿ-ը:

Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա նշենք, որ Չինաստանը Միջազգային կրոնական ազատությունների դաշինք նախաձեռնությանը (International Religious Freedom Alliance) և Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովին  (Ministerial to Advance Religious Freedom) խիստ քննադատաբար է մոտենում: Չինաստանի իշխանությունների կարծիքով՝ այդ նախաձեռնություններն ուղղված են հենց իրենց երկրի դեմ: Մասնավորապես, անդրադառնալով 2019թ.-ին Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովին՝ Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Գենգ Շուանգը նշել է, որ ԱՄՆ-ի ստեղծած այս հարթակը փորձ է սևացնելու Չինաստանի կրոնական քաղաքականությունը և կրոնի ազատությունը: «Այն միջամտություն է մեր ներքին գործերին: Մենք քննադատում ենք և վճռականորեն դեմ ենք հանդես գալիս դրան: Պրն. Փենսը և պրն. Պոմպեոն նախարարների հանդիպման ժամանակ միանգամայն անհիմն մեկնաբանություններ են արել Չինաստանի հետ կապված: Նրանք նույնիսկ համագործակցում են կուլտի ներկայացուցիչների հետ ՝ Չինաստանի վրա հարձակվելու համար: Նրանց համար կրոնական ազատությունը պարզապես պատրվակ է և գործիք զրպարտություններ անելու, էթնիկ ներդաշնակությունը խաթարելու և այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար… Մենք երբեք թույլ չենք տա կրոնի անվան տակ իրականացվող որևէ անօրինական, հանցավոր գործունեություն»,- նշել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը:

Հաշվի առնելով Չինաստանի վերաբերմունքն ԱՄՆ կողմից նման նախաձեռնությունների նկատմամբ, կարելի է ենթադրել, որ այս դաշինքին Հայաստանի միանալը կարող է ոչ միանշանակ ազդեցություն ունենալ հայ-չինական հարաբերությունների վրա: Այս քայլով Հայաստանն անուղղակիորեն մտնելու է Չինաստան-ԱՄՆ գլոբալ հակամարտության մեջ: Հաշվարկե՞լ են արդյոք Հայաստանի իշխանություններն այս մարտահրավերները կամ ներքին խողովակներով Չինաստանի գործընկերներին բացատրե՞լ են արդյոք իրենց շարժառիթների մասին, թերևս մնում է անհայտ: Հստակ է մեկ բան, որ մեկ գործընկերոջ հետ հարաբերություններ կառուցելը՝ մյուսի հաշվին անթույլատրելի է մեզ համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: