ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանային որոշ երկրների ստիպում է համախմբվել

AP via the Turkish Presidential Press Service)

Թուրքիան բավականին ակտիվ ջանքեր է գործադրում վերջին տարիներին տարածաշրջանային գերիշխանություն ստանալու համար: Արդյունքում Անկարայի վարած քաղաքականությունը  հարևան տարածաշրջաններում իրավիճակը դարձնում է բավականին անկայուն: Թուրքական այս քաղաքականության արդյունքները հատկապես զգալի են Արևելյան Միջերկրականում և Մերձավոր Արևելքում:

Էրդողանի այս ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանային որոշ երկրների ստիպել է համախմբվել հակաթուրքական դաշինքում:

Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողություններին դիմակայելու նպատակով  Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի հետ համատեղ դաշինք ստեղծելու մասին մայիսի սկզբին ազդարարեց Եգիպտոսը:

Մասնավորապես, նշվում էր, որ հնգակողմ դաշինքը կենտրոնանալու է Կիպրոսի տարածքային ջրերում թուրքական ապօրինի հորատման աշխատանքներին դիմակայելու վրա, ինչպես նաև քննադատել է Հունաստանի օդային տարածքի խախտումները:

Դաշինքը քննադատում է նաև Թուրքիայի մասնակցությունը Լիբիայում ընթացող ռազմական գործողություններին, Տրիպոլիում Ֆաիզ ալ-Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) և Թուրքիայի միջև 2019 թ. վերջին կնքված Միջերկրական ծովում «Ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ» և «Անվտանգության և ռազմական համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրերը։

Հուլիսի 12-ին Հունաստանի ԱԳ նախարարը Աթենքում Կիպորսի Հանրապետության իր գործըներոջ հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ «քննարկել են Արևելյան Միջերկրականում Թուրքիայի սադրիչ պահվածքը և «դիվանագիտական ճակատ» են ստեղծել Անկարային դիմագրավելու համար»: Միաժամանակ նշվում է, որ Թուրքիայի հետ կապված մտահոգությունների շրջանակն իրականում ավելի լայն է, և կողմերն անհանգստացած են «Թուրքիայի կողմից իրավունքների շարունակական խախտումներով, որոնք տարածվում են Իրաքից Լիբիա՝ ապակայունացնելով ողջ տարածաշրջանը»:

Դեռևս անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված հակաթուրքական նոր ձևաչափ ստեղծելու անհրաժեշտությունը: Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ Հունաստանի և Կիպրոսի ստեղծած «դիվանագիտական ճակատն» ավելի շատ կենտրոնանալու է եվրոպական գործընկերների հետ աշխատանքի վրա:

Սրան զուգահեռ հակաթուրքական առանցք է ձևավորվում նաև Լիբիական հակամարտությունում Թուրքիային հակադրվող ուժերի՝ ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի մոտ: Այստեղ, ըստ էության նախաձեռնությունը գտնվում է Եգիպտոսի ձեռքերում: Դեռևս տարվա սկզբին հաղորդվում էր, որ Եգիպտոսի Գլխավոր հետախուզական գործակալության պետը գաղտնի այցելել է մերձավորարևելյան ու հյուսիսաֆրիկյան մի շարք երկրներ՝ Թուրքիայի դեմ հետախուզական դաշինք ձևավորելու համար։

Ըստ էության, Եգիպտոսն իր հակաթուրքական նախաձեռնությունում փորձում է իր շուրջ համախմբել արաբական երկրներին:

Արդյունքում, դեռևս անհասկանալի է մենք գործ ունենք երեք տարբեր նախաձեռնությունների, թե՞ նույն նախաձեռնության մեջ տարածաշրջանային բաշխման հետ: Սակայն միանշական է, որ հակաթուրքական ճակատի առաջամարտիկները Հունաստանը, Կիպրոսը և Եգիպտոսն են, որոնք փորձում են ընդլայնել թուրքական էքսպանսիայի դեմ պայքարող երկրների շրջանակը, ինչի շնորհիվ այդ պայքարի արդյունավետությունը կմեծանա:

Թուրքական էքսպանսիայի դեմ պայքարում պետք է ակտիվորեն ներգրավվի նաև Հայաստանը՝ հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող քաղաքականությունը մեր տարածաշրջանում, ինչը հատկապես արտահայտվեց հայ-ադրբեջաջանական սահմանին վերջին սրացման ժամանակ:

Հուլիսի 23-ին, ներկայացնելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության և ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Թուրքիայի «ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով»:

Վարչապետի հայտարարությունից առնվազն հետևում է, որ Հայաստանն արդեն իսկ մասնակցություն ունի հակաթուրքական ֆորմատներում: Ուստի, անհրաժեշտություն կա հստակեցնելու, թե հակաթուրքական ինչ ձևաչափերում ենք մենք մասնակցում և ինչ ծավալներով:

Հայաստանը մինչ այժմ պաշտոնապես չի հայտարարել հակաթուրքական որևէ ձևաչափի միանալու մասին: Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության եռակողմ ֆորմատը, որը ձևավորվել է դեռ 2019 թվականին, միջազգային հակաթուրքական դաշինք դժվար է անվանել:

Ինչ վերաբերում է միջազգային հակաթուրքական նախաձեռնություններին, ապա Հայաստանի ներգրավվածությունը տեսանելի է եղել միայն հունիսին՝ Թուրքիայի ներկայացուցչի՝ ՄԱԿ ԳԱ 75-րդ նստաշրջանի նախագահի ընտրության լռության ընթացակարգը խախտելու գործընթացում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: