ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան

Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) հետ ստորագրել է պայմանաթերթ` ՀՀ ԿԲ-ից Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) 65%-ը ձեռք բերելու շուրջ բանակցությունների վերաբերյալ: ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի հնարավոր ձեռքբերումը պահանջում է, ի թիվս այլոց, անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացում և համապատասխան կորպորատիվ հավանություններ։

Հայաստանի ֆոնդային բորսայի 100%-ի նախնական գնահատված արժեքը շուրջ 6 միլիոն լեհական զլոտի է (1,6 միլիոն ԱՄՆ դոլար)։

2020 թ․ սեպտեմբերի 18-ին Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) կառավարման խորհուրդը և ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) ստորագրեցին պայմանաթերթ` ՎՖԲ-ի կողմից Հայաստանի արժեթղթերի բորսայում 65% հսկիչ փաթեթ ձեռք բերելու շուրջ բանակցությունների վերաբերյալ: Համաձայնությունը պարտադիր բնույթ չի կրում: Ձեռքբերման վերջնական պայմանները, ի թիվս այլոց, կախված կլինեն անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացման և համապատասխան կորպորատիվ հավանությունների արդյունքներից:

«ՎՖԲ-ի և ՀՀ կենտրոնական բանկի միջև հաստատված հարաբերությունները լավ լուր են երկու կողմերի համար: Հայաստանի տնտեսության շատ ճյուղերում որակյալ ներդրումների անհրաժեշտություն կա, այնպես որ երկիրը հսկայական աճի ներուժ ունի: Ներդրումները տնտեսական աճի խթան են, հատկապես զարգացող շուկաներում: Կարծում եմ՝ ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերումը կնպաստի Հայաստանի կապիտալի շուկայի արագ աճին, իսկ Վարշավայի ֆոնդային բորսան կկարողանա գոհացուցիչ եկամտաբերություն ապահովել ներդրումից: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Լեհաստանը նպաստում է զարգացող շուկաների կայացմանը, ինչը լավ ուղղություն է», - ասաց Լեհաստանի փոխվարչապետ և պետական ակտիվների նախարար Յացեկ Սասինը:

ՎՖԲ-ի և ՀՀ ԿԲ-ի միջև ստորագրված պայմանաթերթը սահմանում է հետագա բանակցությունների շրջանակային պայմանները, որոնք ուղղված են հնարավոր ներդրումային համաձայնագիր կնքելուն: Հաջորդ քայլով ՎՖԲ-ն կկատարի համալիր ուսումնասիրություն, կմշակի Հայաստանի արժեթղթերի բորսայի զարգացման հնգամյա ծրագիր` ՀՀ ԿԲ-ի և Հայաստանի ֆոնդային բորսայի հետ համատեղ, և կսահմանի ներդրումային համաձայնագրի վերջնական պայմանները, որոնք կարող են տարբերվել շրջանակային պայմաններից: 

«Ուրախ ենք, որ համաձայնության ենք եկել ՎՖԲ-ի հետ մեր հետագա համագործակցության հիմնաշրջանակի շուրջ: Այս փոխշահավետ գործարքը երկարաժամկետ ռազմավարական նշանակություն ունի երկու կողմերի համար, և նաև ուրախ ենք փաստել, որ մենք ՎՖԲ-ին տեսնում ենք որպես գործընկեր, որը կիսում է կապիտալի շուկաների հետագա զարգացման մեր տեսլականը: ՎՖԲ-ի առաջնորդությունն այս ձեռնարկում հնարավորություն է տալիս իրենց փորձն ու «նոու-հաուն» բերել և Հայաստանի ֆոնդային բորսան դարձնել ամուր, նորարար և հարմար հարթակ՝ ներդրողների համար այն ծառայեցնելով որպես դարպաս դեպի նոր շուկաներ: Սա նաև կհանգեցնի տարածաշրջանային ընդլայնմանն ուղղված մեր փոխադարձ ձգտումների իրագործմանը», - ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

ՀՖԲ-ի հիմնական գործը ֆինանսական գործիքներով առևտրի կազմակերպումն է և Հայաստանում ֆինանսական գործիքներով գործարքների համար քլիրինգային տան և վճարահաշվարկային ընկերության գործունեության իրականացումը: Ընկերության գրասենյակը տեղակայված է Հայաստանի մայրաքաղաք Երևանում: ՀՀ կենտրոնական բանկը տնօրինում է Հայաստանի ֆոնդային բորսայի 90,1%-ը: Մնացած 9,9%-ը Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերն են: Գործարքից հետո ՀՀ ԿԲ-ն կպահպանի Հայաստանի ֆոնդային բորսայի 25% -ը, իսկ մնացած 10%-ը ձեռք կբերի երրորդ կողմը, որին նշանակելու է ՎՖԲ-ն:


ՏԵՂԵԿԱՆՔ

Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերման վերաբերյալ

Կենտրոնական բանկը համաձայնության է եկել Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) հետ՝ Հայաստանի ֆոնդային բորսան (ՀՖԲ) ձեռքբերելու վերաբերյալ։

Ըստ ՀՀ ԿԲ-ի և ՎՖԲ-ի միջև ստորագրված մտադրությունների մասին հուշագրի, որը չունի պարտադիր իրավական ուժ և սահմանում է հետագա բանակցությունների հիմնական պայմանները, ՎՖԲ-ը նախատեսում է ձեռքբերել ՀՖԲ-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը։ Գործարքի վերջնական պայմանները կպարզվեն անհրաժեշտ ուսումնասիրությունները իրականացնելուց և կորպորատիվ հաստատումները ստանալուց հետո։

ՎՖԲ-ը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենամեծ և զարգացած շուկան է։ ՎՖԲ-ը կազմակերպում է առևտուր բաժնետոմսերով, պարտատոմսերով, ածանցյալ գործիքներով, ֆոնդերի բաժնետոմսերով, այլ գործիքներով։ ՀՀ կենտրոնական բանկը տեսնում է ՎՖԲ-ին որպես հուսալի գործընկեր, որն ունակ կլինի ապահովել կապիտալի շուկաների զարգացում և ընդլայնում:

ՎՖԲ-ն հանդիսանում է հրապարակային ընկերություն, և իր բաժնետոմսերը 2010 թվականից ցուցակված են հենց իր մոտ՝ շուրջ 300 մլն եվրո կապիտալիզացիայով։

ՎՖԲ-ի մուտքը լուրջ խթան կարող է հանդիսանալ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար։ ՎՖԲ-ի փորձառությունը թույլ կտա իրականացնել մի շարք զարգացման ծրագրեր, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրում, նոր առևտրային համակարգի ներդրում, հայկական և լեհական շուկաների հեշտացված փոխգործակցություն (փոխադարձ հասանելիության մեխանիզմներ), նոր գործիքներով առևտրի կազմակերպում և այլն։ Դրանց իրականացման համար կմշակվի առանձին Գործողությունների ծրագիր։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: