ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի մեր հայրենակիցները պետք է ապրեն ազատության, արժանապատվության, ապահովության և անվտանգության մեջ. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը CNN-ի «Amanpour»-ին (Տեսանյութ)

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը CNN-ի «Amanpour» հեռուստածրագրին

Քրիստիան Ամանպուր. Այսօր երկու երկրների արտգործնախարարները հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ փորձելով հաստատել հերթական հրադադարը: Բացառիկ հարցազրույցով այժմ ինձ կմիանա այդ հանդիպումից նոր վերադարձած Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Բարի գալուստ մեր ծրագիր: Կարո՞ղ եմ Ձեզ հարց ուղղել. արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Ձեզ հղած ուղերձն այն էր, որ դեռևս հրադադարի հաստատման հույս կա։

Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար։ Քարտուղար Պոմպեոյի ուղերձը այս հակամարտության խաղաղ կարգավորման միջազգայնորեն ճանաչված միջնորդական ձևաչափը ներկայացնող երեք համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ուղերձի մեկտեղումն է առ այն, որ պատերազմը պետք է դադարեցվի, ագրեսիան պետք է դադարեցվի, հրադադար պետք է հաստատվի, և այնուհետև մենք կշարժվենք առաջ: Սա է հենց այն ուղերձը, որը մենք կիսում ենք և աջակցում։

Քրիստիան Ամանպուր. Դուք այդպես եք ասում: Ձեր գործընկերը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ում, իհարկե, մենք հրավիրեցինք այս ծրագրին, բայց նա չկարողացավ միանալ մեզ, նա պնդում է. «Խաղաղություն հաստատելու միակ ճանապարհի հիմքում պետք է ընկած լինեն ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը։ Պետք է վերջ դրվի հայկական ապօրինի օկուպացիային, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»: Դուք պատրա՞ստ եք գնալու այդ զիջմանը:

Զոհրաբ Մնացականյան. Մենք չենք խոսում զիջումների մասին, մենք խոսում ենք հիմա հրադադարի ռեժիմի հաստատման և խաղաղ գործընթացին վերադառնալու մասին: Այժմ, երբ խոսքը գնում է Արցախի ապագայի մասին, պետք է նշեմ, որ այս հակամարտությունը մարդկանց մասին է, Արցախի մեր հայրենակիցների մասին է: Հայերը մշտապես դիմակայել են Ադրբեջանի գերիշխանությանը ենթարկվելուն։ Սա է եղել ամբողջ պատմությունը: Այս ամենը մեր ժողովրդի մասին է, ովքեր ենթարկվում են ռմբակոծման, հրետակոծման և հրթիռակոծման: Այս հիմնահարցի առանցքում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությունն է: Մենք պնդում էինք, որ պետք է գտնել այս հակամարտության խաղաղ կարգավորումը, որը պետք է հասցեագրի մեր հայրենակիցների անվտանգությունը, իսկ Արցախի կարգավիճակը և մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը, որը միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար սկզբունք է, պետք է անհապաղ կյանքի կոչվեն։

Արցախի մեր հայրենակիցները պետք է ապրեն ազատության, արժանապատվության, ապահովության և անվտանգության մեջ: Դա է ընկած այս հակամարտության առանցքում։ Այն ամբողջությամբ մարդկանց մասին է։ Հակամարտության մասին չէ։ Դա մարդկանց իրական կյանքերի մասին է։ Հենց այս պահին, երբ մենք զրուցում ենք, երբ մենք այստեղ ենք՝ Վաշինգտոնում, երբ մենք փորձում ենք հասնել հրադադարի ուղերձի, խաղաղ կարգավորմանը վերադառնալու ուղերձի հետագա ամրապնդմանը, այստեղ ընթացող հանդիպումներից դուրս գալուց անմիջապես հետո Հայաստանից և Արցախից լուրեր էի ստանում առ այն, որ քաղաքացիական բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին ենթարկվում են հուժկու հրթիռակոծման ադրբեջանական ուժերի կողմից: Զոհվում են խաղաղ բնակիչներ: Քաղաքացիական, հումանիտար իրավիճակը օրհասական է: Եվ սա այլևս չպետք է տեղի ունենա:

Քրիստիան Ամանպուր. Հասկանում եմ, որովհետև մենք հետևում էինք այդ իրավիճակին, և այդ իսկ պատճառով հրավիրել ենք Ձեզ: Ամեն ինչ վերաբերում է մարդկանց, այդպես չէ՞: Դա չի վերաբերում պաշտոնյաներին, ովքեր նստած են իրենց պալատներում կամ շրջում իշխանական սրահներով, դա մշտապես վերաբերում է մարդկանց։

Զոհրաբ Մանցականյան. Միանշանակ։

Քրիստիան Ամանպուր. Ուզում եմ Ձեզ հարցնել հետևյալը. Դուք հենց նոր ասացիք, որ Արցախն էթնիկ առումով պատկանում է այնտեղի ձեր ժողովրդին։ Բայց ՄԱԿ-ը հայերին անվանում է օկուպացիոն ուժ։ Տեսեք, 1993թ., ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ բանաձևերի, պահանջվում էր, ինչպես, այսպես կոչված, այդ օկուպացիոն ուժերի անհապաղ դուրսբերումը։ 2008թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հիմնախնդրի վերաբերյալ բանաձև ընդունեց, որում ճիշտ նույն կոչն էր։ Եվ 2008թ. Գլխավոր Ասամբլեան վերահաստատեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսպիսով, սա ակնհայտորեն պետք է տեղի ունենա բանակցությունների միջոցով: Այդպես է գրված սևով սպիտակի վրա, բայց, միաժամանակ, ինչպես տեսնում եք, գրված է նաև ձեր ժողովուրդի անվտանգության և այլ իրավունքների մասին։ Քանի որ դուք շատ վճռական եք ձեր խոսքերում, կա՞ հնարավորություն, որ դուք և Ադրբեջանը միասին լուծեք այս խնդիրը։ Քանի որ մինչ օրս հաստատված բոլոր հրադադարի ռեժիմները մոտավորապես մեկ օր անց խախտվել են:

Զոհրաբ Մանցականյան. Գերազանց դիտարկում եք անում։ Եթե մենք հետին հայացք ենք նետում 1993թ․-ին, ապա շատ կարևոր դիտարկում կա այդ ամենի հետ կապված։ 1992թ.-ից մինչև 1993թ. մենք շատ վտանգավոր իրավիճակի առջև էինք կանգնած, երբ նեղ արահետ էր թողնվել Արցախի հայերին այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի մնացյալ մասը օկուպացված էր ադրբեջանական ուժերի կողմից, իսկ այդ շրջանների բնակչությունը ենթարկվել էր էթնիկ զտումների և բռնի ուժով դուրս հանվել իրենց տարածքներից։ Հետագա զարգացումներն այնպես դասավորվեցին, որ Արցախի հայերը ի զորու եղան պաշտպանվելու, լինելու շատ վճռական իրենց կյանքը պաշտպանելու հարցում։ Նրանք անվտագության գոտի ստեղծեցին, և այսօր պարզ երևում է, որ եթե այս գոտին չլիներ, հնարավոր է նրանք կրկին ենթարկվեին էթնիկ բնաջնջման, քանի որ այդ վտանգին մշտապես առերեսվել են։ Մենք բարեխղճորեն բանակցում ենք, որպեսզի գտնենք Արցախում մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի դրսևորման եղանակը, գտնենք խնդրի կարգավորումը։ Սա մեր հանձնառությունն է, և մենք շարունակելու ենք աշխատել այս նպատակի իրագործման ուղղությամբ։

Քրիստիան Ամանպուր. Լավ, այն ինչ հիմա դուք ներկայացրիք միջազգային և Միացյալ Նահանգներում լայն տարածում ունեցող հարթակով, ձեր հանձնառությունն էր, բայց խնդիրն այն է, որ ձեր վարչապետն Արցախում էր, կարծում եմ՝ օգոստոսին, ավելի ստույգ անցյալ տարի օգոստոսին, շատ ազգայնական կեցվածքով, միգուցե դա իր ոճն է, բայց նա, օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը, մղեց ամբոխին անընդմեջ վանկարկել «Միացում Հայաստանի հետ» նախադասությունը։ Արդյո՞ք դա է ձեր քաղաքականությունը:

Զոհրաբ Մանցականյան. Սա այն աղավաղումն է, որին մենք անդրադարձել ենք և որին մենք բախվում ենք մեկ տարի շարունակ. սա բառերը գլխիվայր անելու, աղավաղելու և խեղված ներկայացնելու փորձ է։ Վարչապետը խոսում էր Արցախի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման, երաշխավորման գործում Հայաստանի դերի մասին: Աշխարհում չկա այլ ուժ, որը կարող է դա անել կամ արել է։ Վարչապետը խոսում էր Հայաստանի զարգացման, բարեփոխման ճանապարհի մասին, և նա վերահաստատում էր, որ Հայաստանը անտարբեր չի լինելու Արցախում իր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ: Վարչապետն այս երկու տարիների ընթացքում և այդ ելույթում անընդհատ խոսում էր փոխզիջման վրա հիմնված խաղաղ հանգուցալուծման մասին: Այսպիսով, այս բառերը կտրված են համատեքստից և արհամարհվում է այն հիմնարար կետը, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա, և հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Եվ սա է Հայաստանի ուղերձը, որը հետևողականորեն կրկնվում է այս երկու տարիների ընթացքում:

Քրիստիան Ամանպուր. Դա այն է, ինչ մարդիկ ուզում են լսել՝ խաղաղություն, փոխզիջում, դիվանագիտություն և ոչ թե այսպիսի պայքար, որին ականատես ենք լինում հենց հիմա: Ուստի, դուք ասու՞մ եք, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Արցախը Հայաստանին միավորելը չէ:

Զոհրաբ Մանցականյան. Մենք խոսում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որով կիրացվի նրանց ազատ կամարտահայտումը՝ առանց սահմանափակումների: Հիմա, այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ անհնար է ենթարկեցնելը, ահնար է գերակայություն հաստատելը: Որևէ կերպ թույլ չենք տալու մեր հայրենակիցների էթնիկ զտման վտանգը, որին իրենք կրկին բախվում են. ժողովուրդը պետք է վճռի իր ճակատագիրը, և նրանք էլ կորոշեն իրենց անկախությունը, որը պետք է հարգվի։ Սա է լուծման ճանապարհը։ Ինչ վերաբերում է փոխզիջմանը, մենք պետք է շատ հստակ լինենք. չի կարող լինել որևէ զիջում, որևէ առավելապաշտական ​​մոտեցում, որը մենք լսում ենք Ադրբեջանից: Դա պետք է դադարեցվի:

Քրիստիան Ամանպուր. Պարոն նախարար, շատ շնորհակալ եմ մեզ միանալու համար: Կրկին, հույս ունեի հյուրընկալել նաև Ադրբեջանի արտգործնախարարին, ով այսօր չկարողացավ միանալ մեզ:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: