ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով

      "Տարեմուտի տոնական այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ, սիրելի հավատավոր ժողովուրդ` ի Հայրենիս և ի Սփյուռս:
      Դիմավորում ենք փրկչական 2014 թվականը: Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհրդով նոր տարի է սկսվում: Ժամացույցի ազդարարող զարկերի հետ մեր եկեղեցիներում աղոթք ենք բարձրացնելու երկինք, որ 2014 թվականը լինի երկնային օրհնությամբ ու շնորհներով լեցուն տարի և աշխարհն ավելի մոտեցնի խաղաղության ու մարդկանց մեջ հաճության այն օրհնյալ օրվան, երբ չեն լսվի թշնամության ձայներ ու պատերազմի որոտ, երբ ամենուր կյանքը կծաղկի եղբայրսիրության, բարօրության ու խնդության մեջ: 
      Աստծո շնորհով 2013 թվականին մեր կյանքում ունեցանք բարի արդյունքներ, նաև կրեցինք դժվարություններ, ինչպես Հայրենիքում, այնպես և` Սփյուռքում: Մեր առջև դեռ ծառացած են մնում մեր երկրի զարգացման, մեր արդար իրավունքների պաշտպանության, մեր պետականության ամրապնդման, ազգային և հոգևոր մեր կյանքը շենացնելու խնդիրները: Մեզ մտահոգում է Մերձավոր Արևելքում հակամարտությունների մեջ ապրող հայորդյաց դժվարին վիճակը: Լի ենք հավատով, որ ազգիս զավակունք, ինչպես միշտ, պիտի միավորվեն հայրենյաց և ազգի սիրով և հաղթահարեն հոգսաշատ կյանքը Հայրենիքում` դարձնելով այն ազգին համախմբող բարօր տունը հայության. պիտի միավորվեն միմյանց սատարելու և զորավիգ լինելու` հայրենաշեն ու ազգաշեն ձեռնարկներին: Այս առումով, սիրելիներ, ինչպես առաքյալը պիտի ասեր` ՙմեծ վստահություն ունեմ ձեր հանդեպ, մեծապես հպարտ եմ ձեզնով...՚ (Բ Կորնթ. 7. 4), որովհետև հավատավոր մեր ժողովուրդը անվեհեր դիմակայում է դժվարությունների, համբերում նեղությունների մեջ և ապրում լուսավոր իր գալիքը կերտելու վճռականությամբ` հաստատուն պահելով վերածնվող, ազատ իր կյանքի վերընթաց ուղին:
      Տարեմուտի այս երեկո Հայրապետիս հորդորն է մեր սիրեցյալ ժողովրդին, որ տարին ապրենք որպես հոգևոր նորոգության և ուխտի տարի: Մեր կյանքի հիմը դարձնենք ազնիվն ու արդարը, բարձր պահենք քրիստոնեական մեր արժեքները, ուղղենք մեր սխալներն ու բացթողումները` մերժենք և մեզանից հեռու վանենք մեր առաջընթացը կասեցնող երևույթները, որպեսզի ի զորու լինենք շենացնել ու ծաղկեցնել մեր կյանքը Հայրենիքում և ի Սփյուռս աշխարհի և 2015 թվականին մաքուր խղճմտանքով կանգնենք հիշատակի առջև մեր նահատակների:
      Միածնաէջ Սուրբ Տաճարի առջև Մեր հայցն ենք առաքում առ Բարձրյալը, որ 2014 թվականը խաղաղություն բերի աշխարհի բոլոր կողմերում, բարի կամք` մարդկանց ու ժողովուրդներին` հակամարտությունները կարգավորելու և հաստատելու հուսառատ ուղիներ երջանիկ ու բարօր կյանքի:
      Աստծո օրհնությունն ու ամենառատ շնորհներն ենք հայցում մեր երկրին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին: Աղոթում ենք նեղությունների մեջ գտնվող, դժվարություններ դիմակայող մեր ազգի զավակների համար, Մեր մաղթանքն ենք բերում Հայրենիքի սահմանները պաշտպանող Հայոց բանակի մարտիկներին և բոլոր նրանց, ովքեր տարեմուտը դիմավորում են ծառայության մեջ£ Թող Տերը պարգևի ամենքիս, սիրելիներ, քաջառողջությամբ, բարիքով, ուրախությամբ լի տարի: Շնորհավոր նոր տարի":
01.01.2014  

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    22°   
    20.05.2024
    21°  13° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: