ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է Սյունիքի մարզի տնտեսական իրավիճակին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 18-ից 19-ը աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ այցի նպատակն էր ծանոթանալ Սյունիքի տնտեսական իրավիճակին և քննարկել համագործակցության հնարավորությունները:

 «Սյունիքի բնակչությունը և բիզնեսը նոր մարտահրավերների առաջ են կանգնած, բնականաբար ես, որպես էկոնոմիկայի նախարար, պետք է տեսնեի իրավիճակը և փորձեի հասկանալ, թե ինչ կարող ենք անել մենք՝ նախարարությունը, որպեսզի օգնենք հաղթահարել պատերազմի հետևանքները և պահպանել մարզի ամրությունը», - ասել է Վահան Քերոբյանը։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, Մեղրու չրերի և մթերման կենտրոն, Ագարակի ՊՄԿ ՓԲԸ, Մեղրու պահածոների գործարան:

Վահան Քերոբյանը մանրամասն հետաքրքրվել է կազմակերպությունների գործունեությամբ և խնդիրներով, պատրաստակամություն հայտնել ըստ անհրաժեշտության ցուցաբերելու հնարավոր օժանդակություն։ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկումը  նախարարը դիտարկել է որպես շուտափույթ լուծում պահանջող առաջնահերթ խնդիր։ Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում այնտեղ փոփոխությունները տեսանելի կլինեն։

Սյունիքի մարզպետարանում մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների հետ քննարկվել են մարզի տնտեսական, այդ թվում՝ գյուղատնտեսական խնդիրները․ ոռոգման ջրի, անասնագոմերի կառուցման, կերային բազայի ապահովման, սնանկացած ընկերությունների առողջացման ու վերագործարկման և բազմաթիվ այլ հարցեր։

Վահան Քերոբյանը նշել է, որ նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի մեծ մասը պահանջարկ է ունեցել և պետք է ջանքեր գործադրել դրանք շարունակելու, նաև  ունենալու նոր՝ ավելի հասցեական, ավելի լավ ծրագրեր գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու համար։ «Մեր քաղաքականության առանցքը պետք է լինի բարձր արտադրողականությամբ և հնարավորինս խոշոր տնտեսությունների ստեղծումը, անհրաժեշտ է մեծացնել գրավչությունը դեպի խոշոր գյուղատնտեսությունը։ Բնականաբար, շատ մարդ չի կարող զբաղվել նման գյուղատնտեսությամբ, դրա համար պետք է ստեղծենք նաև բազմաթիվ այլ՝ ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր, որպեսզի մարդիկ պարտադրված չլինեն զբաղվելու մանր գյուղատնտեսությամբ», - ասել է էկոնոմիկայի նախարարը։ 

Հաշվի առնելով գյուղատնտեսական սեզոնի մեկնարկը, որոշվել է շատ կարճ ժամանակում բոլոր համայնքներից հավաքագրել առաջարկություններ, հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի նախարարությունը համապատասխան գործողություններ ձեռնարկի։

Վահան Քերոբյանը, փոխնախարար Արման Խոջոյանի ուղեկցությամբ, հանդիպում է ունեցել նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ, «Գորիս» հյուրանոցի սեփականատեր Սենիկ Ջուլհակյանի հետ, այցելել «Լամաքս գրուպ» կաթնամթերքի և մսամթերքի արտադրության ՍՊԸ ֆերմերային տնտեսություն, «Սյունիք ֆուդ» ընկերություն։

Բոլոր հանդիպումների ժամանակ քննարկվել են կուտակված խնդիրները և դրանց լուծման ճանապարհին Էկոնոմիկայի նախարարության աջակցության հնարավորությունները։ Նախարարը շեշտել է, որ խոչընդոտները պետք է վերացվեն գործարարների առջևից, նաև նշել, որ համայնքները պետք է ընկալեն գործարարներին որպես ներդրողներ և աշխատեն նրանց հետ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: