ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ է Բայդենը սպառնում Պուտինին. Իրական առճակատո՞ւմ, թե՞ իմիտացիա

Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց անցել է ընդամենը մի քանի շաբաթ, սակայն Բայդենը ռուս-ամերիկյան հարաբերություններում արդեն իսկ որոշակի լարվածություն է ստեղծում: Ցույց տալու համար, որ Ամերիկան պատրաստ է վերստին իր վրա վերցնել առաջնորդությունն աշխարհում, Բայդենն այդ հարցում կարծես թե ընտրել է Ռուսաստանի հետ առճակատման գնալու կամ առնվազն դրա իմիտացիան ստեղծելու ուղին:

Արտաքին քաղաքականության վերաբերյալ դեռևս մի քանի օր առաջ տեղի ունեցած ելույթի ժամանակ էր Բայդենը նշել, որ, ի տարբերություն իր նախորդի (Դոնալդ Թրամփի) ամերիկյան նոր վարչակազմը «անհետևանք չի թողնելու Ռուսաստանի գործողություններն աշխարհում միջազգային պարտավորությունների խախտման հարցում» և չի լռելու Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների առջև, ինչպիսիք են՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելը, կիբերհարձակումները, սեփական քաղաքացիներին թունավորելը և այլն:

Առաջին հայացքից այս հայտարարությունն, իհարկե, սպասելի էր, քանի որ Բայդենը և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականությունը փորձում է կառուցել իր նախորդի վարած քաղաքականությունը ժխտելու հիման վրա:   Եվ քանի որ դեմոկրատները հանրապետականներին մշտապես մեղադրում էին Ռուսաստանին չափազանց հավատարիմ լինելու մեջ, ապա տրամաբանական է, որ նախորդ քաղաքականությունից հեռանալու լավագույն տարբերակն, իհարկե, այդ երկրի նկատմամբ դիրքորոշումը խստացնելն է: Բացի այդ, ՌԴ կողմից ԱՄՆ ընտրություններին միջամտելու մասին բարձրաձայնելով և առհասարակ Ռուսաստանի նկատմամբ հռետորաբանությունը կոշտացնելով՝ Բայդենը փորձում է դիվիդենտներ քաղել երկրի ներսում՝ հանրության շրջանում: Այլ կերպ ասած, Բայդենը որպես խաղաքարտ է փորձում օգտագործել նախկին վարչակազմի պասիվությունը, երկրի ներսում իր դիրքերն ամրացնելու նպատակով: 

Սակայն, այս ամենն առաջին հայացքից: Թե իրականում ինչ են քողարկված Բայդենի հայտարարությունների տողատակերում և թե արդյոք Բայդենի սպառնալիքները կսահմանափակվեն միայն հայտարարությունների մակարդակով և խոսքից գործի չեն վերածվի, դեռևս անհասկանալի է մնում:  Այսինքն՝ դեռ միանշանակ չենք կարող պնդել, որ Բայդենն այս քայլին դիմում է ներքին լսարանի համար պարզապես իմիտացիա ստեղծելու, որ ԱՄՆ-ն վերադարձել է մեծ քաղաքականություն (ինչպես ինքն է ասում) և հաստատապես չենք կարող նշել, որ նա որոշել է իսկապես բաց առճակատման գնալով անել ամեն հնարավորը Ռուսաստանի դիրքերն աշխարհում թուլացնելու համար:

Այս համատեքստում հարկ է նկատել այն, որ Բայդենի հայտարարություններից ընդամենը մի քանի օր հետո տեղեկատվություն տարածվեց, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերն առաջին անգամ Նորվեգիա են ուղարկում B-1 ռմբակոծիչներ, քանի որ ծրագրում են թռիչքներ իրականացնել Արկտիկայում`Ռուսաստանի հյուսիսարևմտյան սահմանների մոտ: Վաշինգտոնում վստահ են, որ Ռուսաստանի սահմանների մոտ ուժերի տեղակայումը հնարավորություն կտա ավելի արագ արձագանքել Մոսկվայի «հավանական ագրեսիային»…

Ինչպես երևում է, իրականում ռուս-ամերիկյան հարաբերությունները ներկայումս կարող են զարգանալ ցանկացած ուղղությամբ և ցանկացած սցենարով, ինչը չի կարող իր անմիջական ազդեցությունը չթողնել նաև Հայաստանի վրա… Այդ իսկ պատճառով անհավասարակշիռ արտաքին քաղաքականություն վարելու և զգոնությունը կորցնելու իրավունք չունենք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: