ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տրանսպորտում համաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունը խստացվում է

 Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճով պայմանավորված տեսչական մարմինները խստացնում են համաճարակային կանոնների պահպանման գործընթացը՝ վերակազմակերպելով իրենց աշխատանքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ Առողջապահական տեսչական մարմնի և Ճանապարհային ոստիկանության հետ մարտի 9-ից սկսել են վերահսկողական աշխատանքները:

«Սկսել ենք Երևանի Կենտրոնից, որովհետև մայրաքաղաքի երթուղիների ճնշող մեծամասնությունն անցնում է Կենտրոն վարչական շրջանով: Վերահսկողական աշխատանքները, հաջորդող օրերին, ավելի ինտենսիվ են լինելու: Պահանջելու ենք ուղեսրահներում ուղևորների կողմից դիմակների պարտադիր կրումը, ախտահանիչ նյութերի առկայությունը և գերբեռնվածության բացառումը»,-ասաց Արտյուշ Գրիգորյանը: Բոլոր նշված պահանջները չկատարելու դեպքում կազմվելու են համապատասխան արձանագրություններ տեսչական մարմինների ու Ճանապարհային ոստիկանության կողմից: Տեսչական մարմինների կողմից երկու, երեք օրը մեկ պարբերականությամբ իրականացվելու են շրջայցեր երթուղիների հավաքակայաններում, ավտոկայարաններում հսկողություն իրականացնելու տրանսպորտային միջոցներն ախտահանելու գործընթացի նկատմամբ:

«Այսօր հիմնականում իրազեկման բնույթի գործողություններ ենք իրականացել, վարչական արձանագրություններ չեն կազմվել: Վաղվանից խստացվելու է վերահսկողությունը, անհրաժեշտության դեպքում կլինեն արձանագրություններ»,-ասաց Արտյուշ Գրիգորյանը:

Տեսչական մարմիններն ու Ճանապարհային ոստիկանությունն առաջին օրը կատարած հսկողության արդյունքում արձանագրել են բազմաթիվ դեպքեր, երբ ուղևորները, վարորդներն առանց դիմակի են, արձանագրվել են տրանսպորտային միջոցներ, որտեղ չկան ախտահանիչներ և այլն: Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ նախքան վերահսկողական աշխատանքները, նախորդ մեկ շաբաթվա ընթացքում կապ են պահպանել բոլոր երթուղիները սպասարկող կազմակերպությունների հետ, իրազեկել են, պարտադիր պահանջների կատաման ցուցումներ են տվել: Խախտումների դեպքում կլինեն պատասխանատվության միջոցներ՝ տուգանքների տեսքով: Դիմակ չկրելու համար տուգանելու է Առողջապահական տեսչական մարմինը, գերբեռնվածության վերաբերյալ ճանապարհային ոստիկանությունը կիրառելու է վարչական պատասխանատվություն: Առանց դիմակի ուղևորներն իջեցվելու են տրանսպորտից: Գերբեռնվածության դեպքում տրանսպորտը կարող է տարվել տուգանային հրապարակ:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորում է քաղաքացիներին վերադառնալ դիմակների կրման խիստ ռեժիմի, վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դրական թեստերի թիվն աճում է:

Հայաստանում մարտի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175 016 դեպք, որոնցից 164 954-ն` առողջացման, 3 225-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 6 008 պացիենտ: Մարտի 7-ին կատարվել է 2 465 թեստավորում, որոնցով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 170 և մահվան 4 դեպք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: